Վայոց Ձորի թեմ

ԼՈՒՅՍԸ

Advertisements

 

Անապատում` խորհուրդներով դժնադեմ,

Նստած ծանրախոհ, տրտում, երկյուղած,

Միայնակ` որպես մի հեգ ճգնավոր,

Աչքս սպասումով երկինք եմ հառել:

Մեկեն գիշերվա լռության մեջ մութ

Լույս շողարձակվեց երկնքից առ իս,

Ես գետին ընկա, մարմինս սարսռաց,

Եվ տեսա հոգիս ելած մարմնից:

Տեսա` ինչպես էր մարմինս աղերսում,

Հոգուս անսահման, որ վերադառնա,

Եվ ինչպես հոգիս լուռ համառում էր,

Հապաղում մտնել ընդերքը մարմնիս:

Զուր էր մաքառումն անզոր մարմնիս,

Պայքարը նրա` անօգուտ ու սին,

Անկոտրում հոգիս ուզում էր թռչել,

Շոյել գիշերվա անծիրը մթին:

Եվ այն սավառնեց, իսկույն վերացավ,

Իսկ մարմինս անուժ հպվելով հողին,

Հալվեց, հող դարձավ…

Ու անապատը նորից մթագնեց,

Քանզի չքացավ լույսը հոգուս հետ…

 

(Տ. Զարեհ վրդ. Կաբաղյան, Ոտնաձայներ Տիեզերքում)

Advertisements