ԵՐԵՎՄԱՆ ՍՈՒՐԲ ԽԱՉԻ ՏՈՆ


«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն»:

Ամենահաղթ զորությունը Խաչիդ, Քրիստոս,
տրվեց որպես օգնություն թշնամու դեմ
Քո զորությամբ պատերազմելու համար:
Շարական

Այսպես է Աստվածորդու Սուրբ Խաչի կենսատու զորությունն ու խորհուրդը փոխանցում մեզ սրբազան շարականագիրը:

Քրիստոսի Հրաշափառ Հարությունից մինչև Հոգեգալուստ ընկած 50-օրյա շրջանն անվանում ենք Հինունք: Այսօր Հինունքի 5-րդ կիրակին է՝ Երևման Սուրբ Խաչի տոնի հիշատակման կիրակին, որը մեծ ցնծությամբ ոգեկոչում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:

Մեր Եկեղեցին ունի Խաչին նվիրված 4 տոն՝ Գյուտ Խաչի, Խաչվերաց, Երևման Խաչ, Վարագա Խաչ:

Եկեղեցին, որ պատմության ոսկե թելերով գիտե հյուսել պատմուճանը հոգևոր հրաշքների, հոգենորոգ ու խորհրդավոր ավանդության վրա խարսխեց նաև Երևման Սուրբ Խաչի հրաշքը, որպես տոն՝ ջերմեռանդ սքանչացումի հասցնելով նրա իմաստը:

351 թվականիի, պայծառ մի առավոտ, Երուսաղեմի երկնակամարում՝ Ձիթենյաց լեռից մինչև Գողգոթա երկարող տարածության վրա, խաչի լուսանման նշանը երևաց: Այն ավելի պայծառ էր, քան արեգակի լույսը: Այս նշանը հասցրեց տեսնել Երուսաղեմում գտնվող ողջ ժողովոււրդը: Մարդիկ, ցնցված հրաշքից, շտապում էին Աստծու տուն՝ եկեղեցի, աղոթում, երկրպագում էին Տիրոջը, հայցում Աստվածորդու գթասրտությունը: Երուսաղեմի ժամանակի Կյուրեղ Պատրիարքն այս հրաշքի մասին նամակով տեղեկացնում է Կոստանդ կայսրին և խրախուսում հաստատ մնալ հավատքի մեջ:

Կյուրեղ Պատրիարքը, նկարագրելով Ս. Խաչի երևման զարմանահրաշ տեսարանը, գրում է. «Փորձով և գործնականապես ապացուցվեց, որ քրիստոնյաների հավատը ոչ թե միայն խոսքի իմաստությամբ է հաստատվում, այլ նաև Հոգու հայտնությամբ և Նրա զորությամբ, միայն մարդկանցից չի պատմվում, այլ նաև վկայվում է երկնքից»:

Ահա աստվածային այս զորությամբ աննյութական Ս. Խաչի` մեղավոր մարդկանց երևալու և նրանց հոգիները իր կենսատու լույսով ջերմացնելու հիշատակումն է այսօր, ուստի մեր մտածումներն ու խորհրդածությունները սևեռենք խաչի մեծագույն խորհրդին` փրկագործության խորհրդին և ամեն մարդու`իր խաչը կրելու անհրաժեշտության ըմբռնմանը:

Խաչը սրբագործվեց Հիսուսի խաչելությամբ:

Հիսուս խաչվեց  «վասն մեղաց մերոց», մարդկության փրկության համար: Կյուրեղ Երուսաղեմացի Պատրիարքը գրում է. «Աստծու Միածին Որդին եկավ և մեռավ մեր մեղքերի համար», իսկ Ագաթանգեղոսը այսպես է դիմում Տիրոջը. «Խաչվեցիր Հոր կամքով մեզ համար և մեղքերը սպանեցիր», ուստի խաչի մեծագույն խորհուրդը փրկագործության խորհուրդն է: Անդրադառնանք և այն հարցին, թե մարդկությունը ինչպես էր հայտնվել մեղքի ճիրաններում: Աստծու ստեղծած առաջին մարդն էր, որ կրեց մեղքի դառը պտուղը, և այն ժառանգական հաջորդությամբ փոխանցվեց ողջ մարդկությանը: Աղճատվեց մարդուն Արարչից շնորհված աստվածային պատկերը: Մարդը հայտնվեց մոլար վիճակում, և սկսվեց անհաշտությունը իր իսկ Ստեղծողի հետ: Եկեղեցու սուրբ հայրերից մեկն ասում է. «Մեր նախահայր Ադամը քաղցր պտղի հետևանքով կորցրեց աստվածային փառքը, անմահական կյանքը… և դրանց փոխարեն ընդունեց ախտալից և դաժան կյանքը, իսկ վերջում` մահը»:

Եվ ահա Հիսուս կրեց Աստծու և մարդու հաշտության գրավականը`խաչը: Հիսուս իջավ երկնքից, մարդկային մարմին առավ, դարձավ աստվածամարդ և Իր ամբողջ երկրային կյանքի ընթացքում պայքարեց կեղծիքի ու անարդարության դեմ, որպեսզի մեղմանան մարդկանց տառապանքները, մխիթարվեն նրանց սգակիր հոգիները, որ ապրեն նրանք երջանիկ ու իմաստավորված կյանքով: Հիսուս միացավ մարդուն, վերցրեց նրա մեղքերը, գամվեց խաչափայտին՝ մահով հաղթելով մահը: Հիսուսով վերականգնվեց մարդու աստվածային պատկերը, որով Աստված ստեղծել էր նրան: Այլ կերպ ասած՝ Հիսուսով վերականգնվեց Ադամը, այդ իսկ պատճառով Հիսուս անվանվում է նաև երկրորդ Ադամ: Գոհաբանում է շարականագիրը այս հիասքանչ բառերով.«Որ գերագույն փառքով պայծառացրեց աոաջին Ադամին, ով (Ադամը), պտուղը ճաշակելով, անպատում փառքից մերկացավ, այսօր վերստին  փառքով զարդարվեց»:Իսկ հեթանոսաց առաքյալը՝ Սուրբ Պողոսը, ասում է. «… Քրիստոսով ամենքը պիտի կենդանանան»:

Խաչի հաղթության աոհավատչյան Հարությունն է: Հիսուս, փրկագնելով մեզ Իր թանկագին արյամբ, ազատեց մեզ խավարի իշխանությունից և փոխադրեց Աստծու արքայություն: Հիսուս խա­չի վրա մահվամբ կրեց մեր մեղքերն ու պատիժը և դարձավ մեզ համար քավության միակ ճանապարհը, ինչպես Ինքն է ասում «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը, ոչ ոք չի կարող Հոր մոտ գնալ, եթե ոչ Ինձանով» (Հովհ. ԺԴ 6):

Մարդը հուսառատ հոգով հաստատում էր մահը հաղթելու և վերստին ծննդյամբ Աստծու որդեգիրը լինելու իրողությունը: Նոր ոգի էր մարդկությանը բերում Հիսուս՝ վանելով բռնակալությունն ու ատելությունը, կեղծիքն ու խաբեությունը: Հաղթությունների հաղթանակն էր` խաչի վրա մեր մեղքերը քավել, գամվել` փրկագնելով և Հրաշափառ Հարությամբ իրականացնել մեր հարությունը` մեզ հավիտենական կյանք պարգևելով: Սա­կայն, սիրելիներս, այս ամենին, ինչպես Պողոս առաքյալն է ասում, կարելի է հասնել միայն անսասան ու հաստատուն հավատի միջոցով: Այո՛, ճշմարիտ քրիստոնյան իր երկրային կյանքը պետք է ապրի քրիստոնեական բարոյականությանը հավատարիմ մնա­լով և Աստծուն նվիրվելով, չվհատվելով անցողիկ փորձություննե­րից:

Այսօր մենք նույնպես մեր առօրյա կյանքում հաճախ ենք բախվում մարդկային ողբերգությանը, ցավին ու տառապանքին, որից ցավում է մեր հոգին ու սիրտը, սակայն այն իր հետքը չի կարող թողնել մարդկության պատմության վրա: Հակառակ դրան՝ Հիսուսի տառապանքը և մահը խաչին փոխեցին մարդկության կյանքի նկարագիրը, մարդկության ճակատագիրն ու ուղին, որով­հետև անձն էր աստվածային, որին վերապահված էր մեծագույն առաքելությունը մարդկության փրկագործությունը: Հզոր էր Նրա կամքը, որով դիմակայեց աննկարագրելի ցավին, տառապանքին, անարգանքին: Մարդկության պատմության մեծագույն զորավար­ներից մեկին՝ Նապոլեոնին, որը հայտնի էր իր զորավոր կամքով ու բազում հաղթանակներով, ցնցել է Խաչի վրա տառապող Տիրոջ անսասան կամքը. «Նրա…. կամքը ամաչեցնում է ինձ»,-ասում է զո­րավարը:

Հիսուսի մեծագույն զոհաբերության խորհրդին անդրադարձ է եղել բոլոր ժամանակաշրջաններում: Եկեղեցու հայրերը, հայտ­նի աստվածաբաններն ու մտածողները ընդգծել են այն բացառիկ խորհուրդը, որով արժևորվել է մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անանձնական զոհաբերությունը: Ահա թե ինչ է ասում Պողոս առաք­յալը. «Որովհետև Նրան, Ով մեղքը չէր ճանաչել, Աստված մեզ համար մեղավոր դարձրեց, որպեսզի մենք Նրանով Աստծու արդարությունը լինենք»: Ասել է, թե Նա հանձն առավ մեղանչական մարդու պատիժը և հաղթեց պատժին մարդու համար: Նա մոլորյալ մարդկությանը բերեց ոչ թե խաչի ողբերգությունը, այլ մեր ազատագրության հրովարտակը, քանզի մեր Աստվածը հաղթող Աստված է, և մեր կրոնը հաղթության կրոն է:

Ահա այս իրատեսությունը ունենալով՝ հայ մարդը միշտ մաքառել ու ստեղծել է, երազել ու կերտել է իր հոգևոր Հայաստանը, վերաշինել է բազմիցս ասպատակված իր հայրենիքը, անաղարտ է պահել  իր մայրենին ու անսասան՝ հավատը: Տիրոջ խաչի ամենահաղթ զորությունը առաջնորդել է մեզ մեր պատմության դժվարին ուղիներով, տրվել է իբրև օգնություն թշնամու դեմ պայքարում՝ թե´ Ավարայրում, թե’ Սարդարապատում, թե՛ Արցախում:

Սիրելինե՛ր, Հիսուսի՝ մարդկանց փրկության համար խաչի վրա զոհաբերությունից հետո փոխվեց խաչի նշանակությունն ու արժեքը մեզ համար: Մինչև Հիսուսի խաչելությունը խաչը պատժի, անարգանքի գործիք էր համարվում: Սակայն Քրիստոսի մարմնին   հպված, Նրա անմեղ արյամբ սրբագործված Խաչափայտն այդուհետ չէր կարող ըմբռնվել իբրև պատժական գործիք, որովհետև Հիսուս Քրիստոս, խաչի վրա կրած անպատմելի տառապանքը հանձն առնելով, արտահայտեց Իր անսահման սերն ու ներողամտությունը մարդկության հանդեպ: Տիրոջ խաչելությունից հետո Խաչը մի նոր նշանակություն ձեռք բերեց, այն դարձավ հավատքի, սիրո, հաղթանակի ու փրկության, հավերժության, աստվածային ներկայության նշան, ինչպես ասում է Դավիթ Ան­հաղթը. «Խաչը Քրիստոսի ձևն ունի, և Քրիստոս ամեն պահ նրա վրա է և էանում է նրա հետ և երբեք չի հեռանում նրանից», ուստի խաչի հանդեպ տածած մեր ակնածանքը, հարգանքը և ունեցած հավատքը անմիջականորեն վերաբերում են Խաչյալին՝ Հիսուս Քրիստոսին:

Ահա այս հավատքով ու ակնածանքով խաչակնքելով՝ խաչի կնիքը մեզ վրա դնելով, ներքուստ վերապրում ենք Հիսուս Քրիս­տոսի փրկարար խաչելությունը յուրաքանչյուրիս համար: Խա­չակնքելով մենք փառաբանում ենք Հիսուս Քրիստոսի զորությունն ընդդեմ չարի ներգործության և այդ զորությամբ պատսպարվում չարից, ինչպես ասում է շարականագիրը. «Ամե­նահաղթ զորությունը խաչիդ, Քրիստոս, տրվեց իբրև օգնություն թշնամու դեմ, Քո զորությամբ պատերազմելու համար»:

Հիսուսի խաչելությունից հետո խաչն ամենուրեք է մեր կյան­քում: Տիրոջ խաչելության պատկերը, Նրա արյունածոր վերքերը ոչ միայն ցավ են պատճաոում մեզ, այլև լցնում են մեր հոգիները աստվածային անպարփակ սիրով: Այնքան մեծ է մեզ համար խա­չի խորհուրդը, որ քրիստոնյաներս փարվում ենք նրան անբա­ցատրելի մի ուժով, անպարագիծ, անբեկանելի սիրով ու անսահման նվիրումով: Խաչով են սրբանում մեր եկեղեցիները, այն կրում ենք մեր կրծքին, խաչակնքում ենք աղոթելիս, եկեղեցի մտնելիս, խաչը քանդակում ենք դռներին, քարին ու փայտին՝ հիշատակելով մեր հավերժությունը որպես հնագույն քրիստոնյա ժո­ղովուրդ:

Սակայն աստվածային զորությանն ու աջակցությանն արժանանալու համար պարտ է ապրել Հիսուսով և գնալ Նրա խաչի ճանապարհով, ինչպես պատվիրում է Տերը «Ով իր խաչը չի վերց­նում ու Իմ ետևից չի գալիս, Ինձ արժանի չէ» (Մատթ. Ժ 38): Գնալ խաչի ճանապարհով՝ նշանակում է հոգում կրել Հիսուսի խաչը, նշանակում է ճանաչել Տիրոջ կամքը, ունենալ սեփական խաչը հանձն առնելու քաջությունը, վճռականությունն ու նվիրվածությու­նը, ինչպես ասում է երջանկահիշատակ Եղիշե Պատրիարք Դուրյանն իր մի քերթվածում.

Ահ, մի՞թէ կըրնամ գալ Քո ետևէդ,

Երբ Խաչը ուսիդ կ՚ելլես Գողգոթա,

Բայց ինչ սերտ հրապոյր, ինչ բուռն ուժ է դա,

Որ զիս դէպի հոն կը տանի Քեզ հետ:

Այդ ուժը հավատքի, սիրո, ինքնազոհողության ուժն է, որը խաչի խորհրդով է իմաստավորվում: Այդ խորհուրդն է բնութագ­րում ճշմարիտ քրիստոնյային, որի կյանքը շարունակական մի պայքար է ազնիվ, համամարդկային, անանձնական, լուսեղեն նպատակներ իրագործելու համար, պայքար է մարդկության մեջ սեր, խաղաղություն, եղբայրություն, միություն հաստատելու հա­սար: Իսկ դրան հասնելու համար պետք է պատրաստ լինել ցանկացած զոհողության, և ինչպես Ավետարանն է պատգամում՝ «Խաչը առնել և Քրիստոսին հետևել»: Այո՛, այդ ճանապարհը դժվարին, բայց հավերժական Է, որովհետև այն երկնային արքայություն տանող ճանապարհն է:

Ուրեմն, սիրելի՛ հավատացյալներ, ամենքս մեր խաչա­փայտն ուսած, չվախենալով դժվարություններից, յուրաքանչյուրս մեր կոչման գիտակցությամբ, ինչպես Հիսուս ընթացավ, փորձենք կրել մեր խաչը, որը, անտարակույս, սիրո և զոհաբերության խոր­հուրդն ունի: Տանենք այն՝ չվախենալով խոչընդոտներից, դժվա­րություններից, որովհետև եթե նվիրվում ես որևէ նպատակի, պետք է արի ու հաստատակամ լինես, միշտ դեպի առաջ քայլես, երբեք չմտածես նահանջի մասին, այլապես ի զորու չես լինի կյան­քում իրականացնել ոչ մի նվիրական երազանք, ոչ մի նպատակ և երբեք չես ունենա քո կոչումը, քո հոգեկան աշխարհը բնութագրող իրական դրոշմը:

Յուրաքանչյուրս արժանապատվորեն պիտի կրենք մեր խաչը՝ առաջնորդող ունենալով Քրիստոսով պսակ­ված հաղթության այն լույսը, որով լուսավորվեցին քրիստոնյա ազգերը, որով կառուցվեց Քրիստոսի տեսլացած Ս. Եկեղեցին, և որը մաքրամաքուր ճառագայթումներով 17 դար առաջ փայլատա­կեց Երուսաղեմի երկնակամարում: Այդ լույսը Հիսուս Քրիստոսի Ս. Խաչի լույսն էր, սիրո, զոհաբերության և զորության խորհրդով վառվող աստվածային լույսն էր, ինչպես փառաբանվում է մեր Ս. Եկեղեցում. «Ամենահաղթ զորությունը խաչիդ, Քրիստոս, տրվեց իբրև օգնություն թշնամու դեմ, Քո զորությամբ պատերազմելու համար»:

Արդ, եկեք մաքրենք մեր սրտերն ու հոգիները չար մտքերից, ախտերից ու մեղքերից, և միասնականորեն, ազգովի, մեր ժողովր­դին վայել սիրով ու հավատով հետևենք խաչի հավիտենական լույ­սին և հոգեկան խորը զգացմունքով, իբրև խաչապաշտ ժողովուրդ, հայցենք Ս. Խաչի ապավինությունը. «Խաչ Քո եղիցի մեզ ապավեն, Տեր Հիսուս»:

Եվ Քեզ վայել է փառք, իշխանություն ու պատիվ, այժմ և հավիտյանս. Ամեն:

Տ. Զարեհ վրդ. Կաբաղյան
Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s