ՀԱՄԲԱՐՁՈՒՄ


Քրիստոսի համբարձումը հանդիսավոր փակումն է հարությունից հետո Նրա երևումների, կնիքն է Քրիստոսի տնօրենությունների և պաշտոնական ու տեսանելի բաժանումն է նյութական աշխարհից` հոգեպես և բարոյապես իր հետևորդների հետ մինչև աշխարհի վախճանը մնալու համար:

Ներկա ժամանակների մեջ համբարձման մասին խոսելը մի քիչ խրտնեցուցիչ է երևում, ոչ այնքան նրա հրաշալի հանգամանքի համար, որքան այն ըմբռնումի տարբերության պատճառով, որ գոյություն ունի տիեզերքի մասին ընդհանրապես և «երկինք»-ի մասին մասնավորաբար, Քրիստոսին ժամանակակից և մեր ժամանակների մարդկանց միջև: Հների համար մեր գլխի վերևում տարածված կապույտը հաստատ կամ ջրակուտակ մի կամար էր, որ բաժանում էր «երկինքը» երկրից: «Երկինքը» Աստծո, իր հրեշտակների և արդար հոգիների բնակարանն է, իսկ երկիրը` մեղավոր և մահկանացու մարդկանց համար: Հների համար աստղերն այդ կամարի վրա բացված ծակեր էին, որոնք գաղափար էին տալիս այն ակնախիտ լույսի մասին, որով ողողված էր «երկինքը», իսկ արևը և լուսինը ջահեր էին` մեր երկիրը լուսավորելու համար: Որոտը Աստծո կամ սրբերի ահեղ կառքերի դղրդոցն էր. Կայծակը` երկնքի երիվարների սմբակների հանած կրակը, իսկ շանթը` Աստծո զայրույթի զարկերակը…:

Այսօր, երբ վերից վար գիտենք, թե ինչեր են իրականության մեջ վերոհիշյալները, հանկարծ «երկինքը» անհետանում է և մեջտեղից վերանում, ու մեր գլխի վերևում մնում է անսահման մի պարզություն, անծայրածիր մի «միջոց», ուր մարդիկ սկսում են տիեզերարշավ խաղալ, ինչպես երբեմն ձիարշավ են խաղում ընդարձակ ձիարձակարանների մեջ:

Քրիստոնեական ուղղափառությունն այսօր սեղմված է մի կողմից տառապաշտությամբ, իսկ մյուս կողմից` նյութապաշտությամբ: Տառապաշտները կրոնասեր մարդիկ են, հոգ չէ, որ լինեն մոլեռանդ հավատացյալներ: Սրանք բարի մարդիկ են, որոնք ցանկանում են, որ Ս. Գրքի հավաստումները ճշմարտություն լինեն ոչ միայն իրենց խոսքի և իմաստի մեջ, այլ նաև իրենց ամեն մի բառի ու տառի մեջ, առանց հիշելու, որ նույն ինքն այդ Ս. Գրքի մեջ գրված կա. «Իմ խոսքերը հոգի են և կյանք» / Հովհ. Զ 64/: Մի ուրիշ տեղ ասում է. «Գիրը սպանում է, բայց հոգին կյանք է տալիս»/ Բ Կորնթ. Գ 6/: Սրանք մոռանում են, որ թեև Աստվածաշնչի ամեն մի ճշմարտություն Աստծո կողմից ներշնչված կամ հայտնված է, բայց դրանք արտահայտելու ձևերը, բառերը և բացատրությունները մարդկանց կողմից են հայթայթված ու մարդկանց ստեղծած բառերը հինգ հարյուր կամ հազար տարիներ առաջ ու այսօր հաճախ տարբեր իմաստ ունեն: Մարդիկ նույն ճշմարտություններն անցյալում տարբեր ձևով էին արտահայտում, այսօր` տարբեր: Էականը Աստծո կամ Աստվածաշնչի ուզածն ասելն է, որ անփոփոխ ու հավիտենական է, քան մարդկանց ասելու ՁԵՎԸ, որ փոփոխական է: Այսօր ոչ մի հայր չի ասում «որդի ծնեցի». Բայց Ս. Գրքի մեջ այս բացատրությունը շատ է գործածված: Օրինակ. «Աբրահամը ծնեց Իսահակին», ու առանց տառապաշտ լինելու բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ է նշանակում այդ բացատրությունը:

Իսկ նյութապաշտները, նրանց ծով տեսությունները համադրելով ընկույզի մի կճեպի հետ, ասում են` տիեզերքի մեջ եղած ամեն բան նյութ է, նրանից դուրս ոչինչ գոյություն չունի: Եթե Ավետարանը ասում է. «Սկզբից էր Բանը և Բանն Աստված էր», նրանք ասում են. «Սկզբից էր նյութը և նյութը աստված է»: Ամեն ինչ նյութից է առաջացել և սահմանված է վերածվելու նյութի, հետևաբար ինչ որ շոշափելի, տեսանելի, կշռելի կամ չափելի չէ, ոչինչ է, անգո է: Ուստի այսպես ասած` «հոգեղեն իմաստ ունեցող բառերը իմաստից զուրկ են և պետք չէ գործածել»:

Սակայն կան բառեր, որոնք իրականությանն անհամապատասխան լինելով հանդերձ, դեռ շարունակում ենք գործածել և պիտի գործածենք: Ասում ենք` արևը «ծագում է», արևը «մայր մտավ», արևը «բարձրացավ կամ իջավ», իմանալով հանդերձ, որ արևը սրանցից և ոչ մեկը չի անում, այլ անշարժ կանգնում է իր տեղում: Ո˚վ կհանդգնի ասել, քանի որ արևը ոչ «ծագում է»  և ոչ էլ «մարում», ուրեմն պետք է այս բառերը գործածել արևի համար: Ճիշտ այս և սրանից ավելի խոր իմաստով մենք չենք կարող մի կողմ նետել «երկինք բառը: Պիտի շարունակենք ասել. «երկինքը մթագնեց, երկինքը բացվեց, երկինքը պայծառ է, երկինքը որոտում է, երկինքը պատմում է Աստծո փառքը և Հայր մեր, որ երկնքում ես»: Եվ «Քրիստոս երկինք համբարձվեց»:

Մեր Փրկչի համբարձումը մի ավանդություն չէ Ս. Կույսի վերափոխման նման, այլ հայտնապես պատմված է Ավետարանների մեջ, և այդ մասին բազում ակնարկություններ կան նաև Պողոսի և մյուս Ընդհանրական Թղթերի մեջ, որոնց մանրամասնությունների մեջ այստեղ պիտի չմտնենք: Մարկոսի Ավետարանը, որ առհասարակ ժուժկալ և իրապաշտ մոտեցում ունի Քրիստոսի կյանքի և գործունեության մասին, իր վերջավորության մեջ անդրադառնում է այս դեպքին. «եվ Ինքը, Տեր Հիսուս. աշակերտների հետ (վերջին անգամ) խոսելուց հետո երկինք համբարձվեց ն նստեց Հոր աջ կողմը» (Մրկ. ԺԶ 19): Գրեթե նույնն է մեր Հավատո Հանգանակի մեջ ասվածը. «Ելնելով երկինք, նստեց Հոր աջ կոդմում»: Սակայն համբարձման դեպքի գլխավոր պատմիչը Ղուկաս Ավետարանիչն է, որ այն ավելի մանրամասնորեն ներկայացնում է թե՛ իր Ավետարանի (Ղկ. ԻԴ 50-53) և թե՛ մանավանդ իր «Գործք Առաքելեց» գրքի մեջ:  Կարդանք այն միասնաբար.

«Հիսուս իր չարչարանքներից ու մահվանից հետո հայտ֊նեց ինքն իրեն իր աշակերտներին քառասուն օրեր» և խոսեց նրանց հետ այդ ժամանակ Աստծո արքայության մասին: Ու երբ միասին էր նրանց հետ, պատվիրեց, որպեսզի Երուսաղեմից չհեռանան, ասելով. «Սպասեցեք  Հորս կողմից տված խոստումին, որի մասին ինձանից արդեն լսել եք: Քանզի Հովհաննեսը մկրտեց ջրով, իսկ դուք պիտի մկրտվեք Ս. Հոգով, հաջորդ մի քանի օրերի ընթացքում: Նրանք հարցրին. Տե՛ր, արդյո՞ք եկել է ժամանակը Իսրայելի թագավորությունը հաստատելու»: Նա պատասխանեց. «Ձեզ չի տրված իմանալու ժամերը և ժամանակները, որ հայրը միայն իրեն է վերապահել, սակայն դուք զորություն պիտի ստանաք, երբ Ս. Հոգին իջնի ձեզ վրա և ինձ համար վկաներ պիտի լինեք, Երուսաղեմի, ամբողջ Հրեաստանի ու Սամարիայի մեջ մինչև աշխարհի ծայրերը»: Երբ այս ասաց, մինչդեռ նրանք նայում էին, Հիսուս վերացավ, և ամպը ծածկեց Նրան նրանց տեսողությունից: Ու մինչ նրանք արձանացած Նրա երկինք բսւրձրանալն էին նայում, հանկարծ երկու հոգի, սպիտակ հագած, երևացին ու ասացին. «Ով գալիլիացիներ. ինչու կանգնել եք ու սւյդպես նայում եք երկինք. Հիսուս. որ հեռացավ ձեզանից երկինք բարձրանալով. նույն կերպով պիտի վերադառնա, ինչպես տեսաք նրա երկինք բարձրանալը»: Ապա Երուսաղեմ գնացին Ձիթենյաց կոչված լեռից, որ մոտ է Երուսաղեմին, ճամփորդության համար նախատեսված մի օրվա հեռավորություն: Երբ քաղաք մտան, ելան վերնատուն, որն իրենց օթևանն էր: Եվ առաքյալները, մի քանի կանանց հետ, Հիսուսի մայր Մարիամի, և Նրա եղբայրների հետ միասին շարունակ աղոթքի մեջ էին» (Գործք Ա 3-14):

Համբարձման ժամանակ օգտագործված «երկինք» բառի հասկացողության մեջ էականը նրա տեղադրությունը կամ դիրքը չէ, այլ բովանդակությունը: Երկինքը, այսպես ասենք, «Աստծո բնակարանն է».  այն «տեղը», ուր Աստված «ներկա է»: Քրիստոնեական ըմբռնումով Աստված ամենուր է, և հետևաբար «երկինքը» ամեն տեղ է: Թեև առաքյալները տեսան Հիսուսի «երկինք գնալը», սակայն եթե տեսած էլ չլինեին, ուրիշ ենթադրություն չէր կարելի անել: Առանց տեսած լինելու արդարև ենթադրեցին, որ Նա «Նստեց Հոր աջ կողմում»: Հիսուսին ճանաչելուց և Նրա հարաբերությունը Հոր հետ ճշտելուց հետո Առաքյալները ուրիշ ենթադրություն չէին կարող անել; Գիտեին, թե Հիսուսով էր և հետևաբար իմացան Հիսուսի «տեղը» ուր պիտի լիներ:

Հիսուսի «երկինք բսւրձրանալը» շատ քիչ տարբերություն ունի Նրա «գերեզմանից ելնել»֊-ուց: Այս երկու «ելք»- երի գրեթե միակ տարբերությունը նրանց նպատակի մեջ է: Հիսուս «Գերեզմանից ելնում է» իր աշակերտներին մարմնապես հայտնվելու համար: Ւսկ «երկինք է ելնում»՝ մեռելներից ֆիզիկապես «անհայտանալու» համար: Գերեզմանից «ելնում է» մեռելներից բաժանվելու և աշակերտներին «միանալու» համար: Իսկ «երկինք է ելնում» մահկանացուներից ֆիզիկապես բաժանվելու և Անմահի ու Հավիտենականի հետ «միանալու» համար: Կարող ենք ասել, որ Հիսուսի հա֊րությունր համապատասխան է արևի «ելք»֊-ին, իսկ Համ֊բարձումը՝ արևի «մուտք»-ին: Երկու պարագայում էլ արև է և մնում է այն՝ ինչ որ է: Նրա «ծագումը» և «մայր մտնելը» երևույթներ են հարաբերաբար մեզ՝ աշխարհից դիտողներիս համար: Աշխարհից դուրս ոչ «արևելք» կա, ոչ էլ «արևմուտք»: Կա միայն ինքը արևը՝ անփոփոխ և անշարժ: Մենք, հասարակ մահկանացուներս ենք, որ հետաքրքրվում ենք արևի «ելքով» և «մուտքով», զվարճանում ենք մեկով և լրջանում մյուսով: Սակայն գիտնականների համար այս «երևույթները» նշանակություն չունեն, արևի էությունը ըմբռնելու համար սրանք ոչ մի նպաստ չեն կարող բերել. էական նույն ինքը արևն է, նրա զանգվածը, նրա լուսեղեն և հրեղեն բաղադրությունը: Տեսանելի և զգալի արևը մարդկության հետ եղել է նրա՝ երկրի վրա լինելուց ի վեր, այսօր նրա հետ է, և վաղը նրա հետ պիտի լինի, ու մարդկությունը վստահաբար գիտի սա…: Նույնն է պարագան Քրիստոսի:

«Հիսուս Քրիստոս երեկ և այսօր նույն և հավիտյան»: Հիսուս երեկ՝ «սկզբից կար, Աստծո հետ էր, և Աստված էր»: Հիսուս երեկ «մարմին առավ և բնակվեց մեր մեջ»: Հիսուս այսօր մեզ հետ է. «Ահավասիկ Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում, մինչև աշխարհի վախճանը»: Առաջին քրիստոնյաները  Հիսուսին կարող էին հասնել և հանդիպել ամեն տեղ: Ստեփանոսը տեսավ  Նրան երկնքի մեջ, Պողոսը և Պետրոսը տեսան Նրան ճանապարհի վրա, մեկը՝ Դամասկոսի, մյուսը՝ Հռոմի արահետների վրա: Նրան մինչև ի մահ հավատարիմները և հետևորդները զգացին Նրա ներկայությունը հրեական ատյանների առջև, հռոմեական կրկեսների մեջ, Հայաստանի խոր վիրապների եւ հնձանների մեջ:  Հիսուս ավելի մոտ եւ  ավելի  մտերիմ է եղել Իր «բաժանումից» հետո բոլոր նրանց, որոնք փնտրել են Ւր ներկայությունը հավատքով եւ  սիրով:

Երբ Հիսուս ասում էր. «Երբ ես բարձրանամ երկրից, ամեն֊քին ինձ մոտ պիտի տանեմ», չէր ակնարկում միայն իր խաչի բարձրացումը, այլ նաև Ւր համբարձումը:  Ստույգ է նաև, երբ մի ժամանակ ֆիզիկապես ներկա էր ու շրջում և քարոզում էր Գալիլիայի գավառների մեջ, արդարև գերեց գեղջուկ հոգիների սրտերը, սակայն քանի՞ հարատևորեն հավատարիմ մնացին Նրան: Ւսկ այսօր, երբ ֆիզիկապես բացակա է, միլիոններ կան բոլոր ազգերից եւ լեզուներից, որոնք իրենց աչքերը Նրան են բարձրացնում նույն ուժգնությամբ և հափշտակությամբ, ինչպես որ արեցին Առաքյալները Ձիթեն֊յաց սարի կատարին, երբ Նա բաժանվում էր նրանցից:

«Քանի որ այսպիսի առաջնորդ ունենք, որ անցավ երկինքների միջով, Հիսուսին՝ Աստծո Որդուն, պինդ կառչենք այն կրոնին, որին դավանում ենք, քանի որ մեր այս քահանայապետը չարչարակից է եղել մեր տկարությանը եւ փորձված է ամեն մասով ըստ մեր նմանության, բացի մեղքից: Ուրեմն համարձակությամբ մոտենանք Նրա շնորհի աթոռին, ստանալու համար ողորմություն, և գտնելու համար շնորհներ, երբ կարիքն ունենք օգնության…: (Եբր. Դ 15-16): Արդարև պետք էր, որ մենք այդպիսի քահանայապետ ունենայինք, սուրբ, անմեղ, անարատ և մեղավորներից զատված, ինքը լինելով հավիտենական, իր քահանայապետությունն էլ՝ մշտնջենական: Հետևաբար կարող է հավիտենական կյանք պարգևել բոլոր նրանց, որոնք պիտի մոտենան Աստծուն Իր միջոցով: Վասն զի ինքը լեցուն է կյանքով և բարձրացած ավելի վեր, քան երկինքները» (Եբր. Է  25-26):

 (Շնորհք Պատրիարք Գալուստյան, Մեծ Պահքի կիրակիների ոսկե շղթան և Գունագեղ կիրակիներ ու Հոգեգալուստ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2011թ., հատվածներ ):

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s