ՑԱԽԱՑ ՔԱՐ


Ցախաց քար (Ցախաց քարի վանքԱստվածածնի անապատ, Արեգունու Ս. Գրիգոր, Ս. Կարապետ, Ղոշավանք, Ցագանկար) միջնադարյան վանական համալիրը գտնվում է Վայոց Ձորի մարզի Արտաբույնք գյուղից 6կմ հյուսիս-արևելք, բարձրադիր սարավանդի վրա: Վերջինս կառուցման ժամանակի վերաբերյալ տաբեր վարկածներ կան` ըստ Ստեփանոս Ասողիկ  Տարոնեցու (10–րդ դար)` վանքը հիմնել է Հայր Ստեփանոսը 10–րդ դարում Աբաս Բագրատունու արքայության ժամանակ, իսկ ըստ Ստեփանոս Օրբելյանի (13–րդ դար)` կառուցվել է1041 թ. Գագիկ Բ թագավորի ժամանակ` հայր Վարդիկի կողմից:

Հնագույն արձանագրությունը թվագրվում է 989թ.։ Համալիրը բաղկացած է միմյանցից մոտ 200մ հեռավորությամբ տեղադրված երկու խումբ կառույցներից։ Արևմտյան խմբի շենքերը (կառուցված 10-րդ դարում), որ, ցավոք, պահպանվել են խիստ վնասված, կիսավեր վիճակում, կառուցված են կոպտատաշ բազալտից և դասավորված արևելքում մեկ շարքի վրա։ Այս խմբի գլխավոր եկեղեցին քառաբսիդ, չորս անկյուններում ոչ մեծ ավանդատներով գմբեթավոր կառույց է։ Հարավից նրան կից է սյունասրահը, արևմուտքից` երկարավուն գավիթը, որի երկայնական պատերի ուղղությամբ տեղավորված են թաղածածկ խորշ-դամբարանները։ Հարավային մասում կառուցվել է ոչ մեծ թաղածածկ եկեղեցի։ Բոլոր շենքերը պարփակված են եղել պարսպապատով։

Այս կառույցներից արևելք համալիրի արևելյան խումբի շենքերն են, որոնք համեմատաբար լավ են պահպանվել (կառուցված 11-րդ դարում)։ Հյուսիսային կողմում սրբատաշ բազալտից կառուցված Սբ.Կարապետ գմբեթավոր, չորս անկյուններում ավանդատներով եկեղեցին է։ Առանձնակի շեշտված է միակ` հարավային շքամուտքը, որի ձևերում ակնհայտ են Անիի հուշարձաններին բնորոշ շատ գծեր։ Շքամուտքի վերին ձախ անկյունում տեղավորված է եղել թևատարած արծվի մի պատկերաքանդակ` խոյը ճիրաններում։ Հյուսիսային ճակատի վերին մասում, ճակատապատին տեղավորված է առյուծի և ցլի մենամարտ ներկայացնող պատկերաքանդակ՝ Հայաստանում իր չափերով ամենամեծը հայտնի բոլոր պատկերաքանդակներից։

Այս խմբի երկրորդ կառույցը երկհարկ դամբարանեկեղեցին է, որի առաջին հարկն են կազմում թաղածածկ ոչ մեծ եկեղեցին և նրա արևմտյան կողմում տեղավորված քառակուսի գավիթը։ Վերջինիս վրա բարձրացող մատուռը և նրա երկու կողմերում տեղավորված խաչքարերը կազմում են կառույցի երկրորդ հարկը։ Ըստ ճարտարապետական հորինվածքի՝ հուշարձանը անդրադարձն է դեռևս վաղ միջնադարում մշակված երկհարկ դամբարան-եկեղեցիների ձևերի, որտեղ որպես կանոն առաջին հարկը կազմում են դամբարանները, իսկ երկրորդ հարկը՝ աղոթարանները։ Առավել տպավորիչ են երկու մեծ խաչքարերը, որոնց ձևերում հնավանդ սկզբունքներին զուգահեռ առկա են նաև հետագա դարերում լայն տարածում գտած շատ տարրեր։

Ցախաց քարի վանական համալիրն իր յուրահատուկ տեսքով և հնագույն կերտվածքով ուրույն շեշտ է դնում իր բնությամբ անկրկնելի Վայոց Ձորի պատմական և աշխարհագրական հարուստ պատկերին: Ոմն բանաստեղծ, անցած դարի կեսերին, այցելելով Ցախաց քար, այսպես է բնութագրել այն. «Մի խրոխտ և լուռ արծիվոր կարծես լեռներին թառած հսկում է Վայք աշխարհի անդորրը»:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s