ԵՐԿՐՈՐԴ ԾԱՂԿԱԶԱՐԴ


Հինանց յոթերորդ կիրակին մեր տոնացույցի մեջ ծանոթ է իբրև Երկրորդ Ծաղկազարդ: Այսպես է կոչվում երկու պատճառով. նախ որովհետև  Հինանց շրջանին ամբողջությամբ կարդացված չորս Ավետարաններից Ծաղկազարդի հատուկ ընթերցվածները հանդիպում են այս կիրակիին: Մեր գրությունների շարքի սկզբում ասել էինք, որ ըստ Հայաստանյայց Եկեղեցու կանոնների, Հինանց օրերի րնթացքում կարդացվում են չորս Ավետարաններն ամբողջությամբ: Արդ կարգն այնպես է բերում, որ այս կիրակիին լինեն Հիսուսի Երուսաղեմ մուտքի ավետարանական ընթերցվածները:

Երկրորդ պատճառն այն է, որ Համբարձման այս չորրորդ օրը մեզ հասնում են ի վերին Երուսաղեմ Հիսուսի հաղթական մուտքի արձագանքները: Ու այս արձագանքները գալիս են մեզ ազգային գողտրիկ ավանդության միջից, եղեգնյա սրնգի միջից հոսող սրտառուչ մեղեդիի նման: Ըստ այդ ավանդության, մեր հավատքի հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, իր խոր վիրապային բանտարկության ընթացքում վայելում է այցելությունը և ներկայությունը երկնային մի էակի, որը ոչ միայն սփոփում և սրտապնդում է նրան իր այս անհույս կացության մեջ, այլ նաև բանտի չարաշուք և խավար մթնոլորտը վերածում է իրական երկնքի:

Այնպես է պատահում, որ այդ հրեշտակը համբարձման չորրորդ օրը բացակայում է,  և հաջորդ օրը, երբ Լուսավորիչը հարցնում է պատճառը, հրեշտակը բացատրում է, որ ամեն տարի Քրիստոսի երկինք հաղթական վերադարձը փառաբանելու համար է, որ հրեշտակների ինը դասերն ինն օրեր շարունակ հանդեսներ են պատրաստվում: Եվ որովհետև ինքրը պատկանում էր հրեշտակների չորրորդ դասին, ուստի պարտավոր էր այդ օրն իր խմբի հետ լինել՝ հանդիսադրելու համար Հիսուսի երկինք մուտքի Չորրորդ օրը:

Միամիտ այս ավանդությունը նույնքան պարզությամբ երգվում է նաև օրվա Օրհնություն շարականի առաջին պատկերի մեջ: Ավանդությունները, երբ պատմություն են, արձագանքներն են պատմական դեմքերի և դեպքերի, իսկ երբ դյուցազնավեպեր կամ հեքիաթներ են, ցոլացնում են ժողովրդի ներքին ապրումները, ցանկությունները, ընկերային ու բարոյական ըմբռնումները: Հայկ Նահապետի ավանդությունը ոչ միայն փորձ է Հայ ժողովրդի կողմից իր անվան մեկնաբանության, այլ նաև արտացոլումն է իր ամուր կորովի ու ազատատենչ ոգու, որից՝ ազատությունից որքան էլ հաճախ զրկված է մնացել, սակայն երբեք չի հրաժարվել այն ձեռք բերելու ցանկությունից: Արա Գեղեցիկի զրույցր Հայ ժողովրդի ընտանեկան սրբության հանդեպ ունեցած բարձր ըմբռնումի արտաքնացումն է: Սասունցի Դավիթը բռնակալությունների դեմ տրված պատասխանն է: Ւսկ «մեծահրաշ» այս ավանդությունը հաստատումն է իր այն կրոնազգաց խոր համոզումի, թե ինքը մենակ չի եղել իր պատմության ողջ առանձնության ընթացքում: Ս. Գրիգոր Լուսավորիչն այս պատմության մեջ ինքը՝ Հայ ժողովուրդն է: Ըստ մարդկային չափանիշների, ոչ ոք այնքան անելանելի և անհույս կացության չէր մատնվել Խոր Վիրապի մեջ, որչափ Լուսավորիչը: Ոչ ոք  այնքան տխուր չէր եղել որքան մեծ բանտարկյալը Խոր Վիրապի մենության ու խավարի մեջ: Հանկարծ սակայն  բանտի մռայլ մթնոլորտն արևով է ողողվում, նա զգում է, որ առանձին չէ, իրենից վերև մի ներկայություն սփոփում է, սրտապնդում և հուսադրում է իրեն: Ու ինքը և այդ լուսավոր ներկայությունը  մթի և խոնավության մեջ երազում և խոսում  են պայծառ երկնքի մասին, երգի մասին, տոնի մասին և Համբարձման մասին: Սա միայն քրիստոնեական շրջանակի մեջ է հնարավոր: Կարդացեք առաքյալների բանտարկության պատմությունները. ինչպես «Տիրոջ հրեշտակը գիշերով բացեց բանտի ղռները և նրանց ազատեց» (Գործք Ե 17-28): Պետրոս Առաքյալը բանտում խաղաղ քնած էր «Երկու պահապանների մեջտեղը, կրկին շղթաներով կապված, իսկ ուրիշ պահակներ էլ բանտի դռան առջև պահպանություն էին անում,  և ահա Տիրոջ հրեշտակը եկավ կանգնեց նրա վերևում, լուսավորվեց բանտը, հրեց Պետրոսի կողը և արթնացրեց նրան» …. Ընկան շղթաները նրա ձեռքերից, ապահով անցնում էին պահակների միջով: Դուռն ինքն իրեն բացվում է, և Պետրոսն արդեն ազատ է (Գործք ԺԲ 1-19): Պողոս առաքյալը և Ղևոնդյանք բանտերը վերածել էին աղոթատների (Գործք ԺԶ 25-40 և Եղիշե): Այս պատմությունները կարդալով՝ գայթակղվում են հրաշքի «ալերգիկ» մտքերը՝ առանց ըմբռնելու, որ էականը հրաշքը չէ, այլ  նրանով պատգամված պատմական, ընկերային ու փորձառական ապրումները և ճշմարտություններն են, որոնք մնում են անհերքելի: Continue reading

Advertisements

ԵՐԿՐՈՐԴ ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՇԱՐԱԿԱՆ


Մեծահրաշ այս խորհուրդ աւանդութեամբ առ մեզ հասեալ.

Զոր հոգւոց  լուսատուն ի պաշտպանէն իւրմէ լըւեալ.

Եթէ տօն մեծ է այսօր իմոյ դասուն որ ի յերկինս:

Քանզի ի յելսըն վերին երկնաւորին որ ի յերկրէ,

Ըստ դասուց երկնայնոցըն տօնէին որախութեամբ.

Ի հրեշտակացն ըսկսեալ մինչ ի յաթոռսըն կատարեալ:

Իսկ չորրորդըն դասէ պաշտպան եղեալ լուսաւորչին,

Ի դասուն իւր փութացեալ ուրախութեամբ տօնակցութիւն.

Զոր հարցմամբ ի նմանէ տեղեկանայր մարմնով հրեշտակն:

Եւ քանզի մեծ այս խորհուրդ ի  փըրկութիւն բանաւորաց.

Հրեշտակաց և մարդկան աո հասարակ կատարեալ,

Երկոցունց սեռիցն ի միասին յարմարութիւն:

Եւ զի շարժեալ նախանձու երիցագոյն զաւակին,

Ի գիւտ մոլորեալ և կորուսեալ անառակին.

Հրամայէ հայրըն վերին ուրախանալ  ի միասին:

Վասն որոյ և մեք հանդիսացեալք ընդ նոսին,

Երգեսցուք օրհնութիւն հասարակաց Փըրկողին,

Որ եբարձ ըզխռովութիւն և հաստատեաց զխաղաղութիւն:

Թարգմանություն

Մեծահրաշ այս խորհուրդը, ավանդությամբ մեզ հասած,

Որ մեր հոգիների Լուսատուն իր պաշտպանից էր լսել, Continue reading