Մեծահրաշ այս խորհուրդ աւանդութեամբ առ մեզ հասեալ.
Զոր հոգւոց լուսատուն ի պաշտպանէն իւրմէ լըւեալ.
Եթէ տօն մեծ է այսօր իմոյ դասուն որ ի յերկինս:
Քանզի ի յելսըն վերին երկնաւորին որ ի յերկրէ,
Ըստ դասուց երկնայնոցըն տօնէին որախութեամբ.
Ի հրեշտակացն ըսկսեալ մինչ ի յաթոռսըն կատարեալ:
Իսկ չորրորդըն դասէ պաշտպան եղեալ լուսաւորչին,
Ի դասուն իւր փութացեալ ուրախութեամբ տօնակցութիւն.
Զոր հարցմամբ ի նմանէ տեղեկանայր մարմնով հրեշտակն:
Եւ քանզի մեծ այս խորհուրդ ի փըրկութիւն բանաւորաց.
Հրեշտակաց և մարդկան աո հասարակ կատարեալ,
Երկոցունց սեռիցն ի միասին յարմարութիւն:
Եւ զի շարժեալ նախանձու երիցագոյն զաւակին,
Ի գիւտ մոլորեալ և կորուսեալ անառակին.
Հրամայէ հայրըն վերին ուրախանալ ի միասին:
Վասն որոյ և մեք հանդիսացեալք ընդ նոսին,
Երգեսցուք օրհնութիւն հասարակաց Փըրկողին,
Որ եբարձ ըզխռովութիւն և հաստատեաց զխաղաղութիւն:
Թարգմանություն
Մեծահրաշ այս խորհուրդը, ավանդությամբ մեզ հասած,
Որ մեր հոգիների Լուսատուն իր պաշտպանից էր լսել,
Թե մեծ տոն է այսօր երկնքի մեջ իր դասում:
Երկրից եկող Երկնավորը, երբ վերացավ երկինքն ի վեր,
Երկնայինները դաս առ դաս տոն պատրաստեցին ուրախությամբ.
Սկսած հրեշտակներից մինչև վերին Աթոռները:
Իսկ չորրորդ դասակարգից, պաշտպան եղած Լուսավորչին,
Իր դասի մեջ շտապում էր տոնակցելու ուրախությամբ,
Որին հարցնելով տեղեկանում էր մարմնավոր հրեշտակը:
Քանզի մեծ է այս խորհուրդը, որ բանավորներիս՝ հրեշտակների և մարդկանց,
Փրկության համար կատարվեց. միասնաբար տոնում են,
Երկու տեսակի բանավոր էակներն առհասարակ:
Առակի ավագ որդուն, երբ նախանձով էր լցված
Մոլորված ու կորսված անառակի գտնվելու համար.
Վերին Հայրը հրամայում է միասնաբար ուրախանալ:
Ուստի մենք էլ նրանց հետ, մեծահանդես տոնելով,
Օրհնության երգեր երգենք բոլորի Փրկչին,
Որ վերացրեց խռովությունը և հաստատեց խաղաղությունը: