ՍՊԻՏԱԿԱՎՈՐ Ս.ԱՍՏՎԱԾԱԾԻՆ


Վայոց Ձորի մարզում, լեռնային բնության գրկում է գտնվում Սպիտակավոր ՍբԱստվածածին միջնադարյան վանքը (Վերնաշեն գյուղից 7կմ հյուսիս):

Ըստ որոշ տվյալների` վանքը կառուցվել է 13-րդդարումՊռոշյան իշխանների կողմից, իսկ պատերին եղած արձանագրությունները վկայում են այն մասին, որ համալիրի միակ եկեղեցին հիմնադրել է Եսայի իշխանը (մահացել է 1318թ-ին), և շինարարությունը 1321թ-ին ավարտել է նրա որդին՝ Ամիր Հասանը: Եկեղեցին մինչ օրս էլ կանգուն է և ճարտարապետական մեծ հետաքրքրություն է առաջացնում: Վերջինիս տեղանքը մասնատված է անդնդախոր կիրճերով, մոտակա բարձունքի գագաթին պահպանվել են Բոլորաբերդ ամրոցի ավերակները: Սպիտակավորի վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից, զանգակատնից և համալիրը շրջանցող ամրոցապատերից:

Եկեղեցու տարածքում է գտնվում ազգային հերոս, գաղափարական առաջնորդ, հայ մեծ զորավար ու քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհի գերեզմանը: Հայտնի է, որ Գարեգին Նժդեհը մահանալուց առաջ ցանկություն է հայտնել մահվանից հետո իր մշտական հանգիստը գտնել Խուստուփ սարի լանջին, որպեսզի հսկի Լեռնահայաստանի խաղաղ անդորրը: Նա մահացավ Ռուսաստանի Վլադիմիրի քաղաքի բանտում և մոտ 30 տարի մնաց այնտեղ թաղված:

1983թ. Գարեգին Նժդեհի աճյունը, գերեզմանի լուսանկարի օգնությամբ և Նժդեհի եղբոր միջոցով, Վլադիմիր քաղաքի գերեզմանատնից գաղտնի տեղափոխվում է Երևան:
Նույն տարի աճյունից մի նշխար ամփոփվում է Խուստուփ լեռան լանջին` Կոզնի կոչված աղբյուրի մոտ, իսկ հիմնական աճյունը, ցինկե արկղի մեջ մի քանի տարի պահելուց հետո, 1987թ. հանգրվանում է  Սպիտակավոր վանքի բակում, հարավային պատի մոտ:  1987-ից սկսած ամեն տարի հունիսի 17-ին, բազմաթիվ նվիրյալ հայրենասերներ և Նժդեհի ուսմունքի հետնորդներ աշխարհի տարբեր ծայրերից գալիս և ուխտագնացություն են կատարում Վերնաշեն գյուղից մինչև Սպիտակավոր:
Փաստորեն, բացի իր պատմական, կառուցողական եւ գեղագիտական հատկանիշներից, եկեղեցին հայտնի է նաև որպես նվիրական <<Նժդեհյան ուխտատեղի>>:

Ըստ ժողովրդական ավանդության` Հնում Սպիտակավոր, Արկազիի Սուրբ Խաչ և Թանադե վանքերը կրակի լույսի ազդանշաններով կապակցվում և լուրեր էին փոխանցում իրար: Պատմում են նաև, որ գարնանը վանքի շուրջը ծաղկում են անթիվ անհամար ծաղիկներ, և նրանց մեջ վանքը ինքն էլ ծաղկի է նմանվում, այդ պատճառով Սպիտակավոր վանքը ժողովուրդը անվանում է նաև Գյուլիվանք (Ծաղիկի վանք):

Advertisements