ՍՈՒՐԲ ԳԱՅԱՆՅԱՆՑ ԿՈՒՅՍԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ


Այս տարի մայիսի 28-ը Էջմիածնի Սուրբ Գայանե վանքի ուխտի օրն է:

Դիոկղետիանոս կայսեր օրոք, Ս.Գայանեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, Հռոմի Ս.Պողոս վանքի մայրապետը: Դիոկղետիանոսը հեթանոս էր և հալածում էր քրիստոնյաներին: Կայսրը ցանկանում է կնության առնել շատ գեղեցիկ կույսերից մեկին՝ Հռիփսիմեին, ով չի համաձայնվում և նրանք փախչում են Ալեքսանդրիա, այնուհետև՝ Հայաստան: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Գայանեին չարչարել են, գլխատել: Նրա մարմինը Ս.Գրիգոր Լուսավորիչն ամփոփել է տապանի մեջ և կնքել արքունի, քահանայական-հայրապետական կնիքով: Հետագայում, հենց այդ վկայարանների տեղում, Էջմիածնում կառուցվում են Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե և Սբ. Շողակաթ եկեղեցիները:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Սբ. Հռիփսիմյան և Սբ. Գայանյան կույսերի տոները նշվում են Սբ. Գրիգոր Լուսավորչի՝ վիրապից ելքի տոնի նախընթաց երկուշաբթի և երեքշաբթի օրերին:

Advertisements