Վայոց Ձորի թեմ

ԽՈՐ ՎԻՐԱՊ

Advertisements

Տեր և Տիկին Գրիգոր
և Օֆելյա Դերձակյաններին՝
Սբ. Խոր Վիրապ վանքի վերաշինության
ազնվափայլ բարերարներին

Այնտեղ, ուր քամի ու արև

Մենամարտում են իրար հետ,

Այնտեղ, ուր Աստծու ցանած արտեր

Փռում են կանաչ իրենց վարսեր,

Այնտեղ, ուր խրոխտ հայրը մեր ալեզարդ`

Հսկայաց հսկա լյառն Արարատ

Բազմել է ինչպես արքա անվեհեր,

Վեր է խոյացել մեր ժողովրդի ոգին ժայռացած,

Մեր կամքի ոգին` ապառաժ դարձած:

Ու դառնացած մեծ դյութանքից

Հրաշագեղ այս պատկերի,

Նրա տեսքից

Ու ստեղծագործ այս շողանքից`

Չար ոգին իր վիհը հյուսեց սև նախանձից:

Բայց Աստվածառաք լուսե մի մարդ

Զորանալով տիեզերաստեղծ մեր Արարչի

Ամենակալ վեհ զորությամբ,

Փշրեց չարի հենարանը` վեմը դժխեմ տգիտության:

Քանդեց վիհը նա չարության

Ու երկարամ չարչարանքով, արյան կանչով

Հիմնեց Տիրոջ տաճարն այս խնկաբույր:

Եվ ուխտավոր, աստվածահաճ ազգին այս քաջ

Առաջնորդեց լուսե ճամփով

Դեպի ուղին մեր փրկության:

Ու այդ օրից, երբ ընթացանք դեպի լույսը մեզ ստեղծող

Մենք օծվեցինք աստվածային ձեռքով շենշող

Իբրև արի մի ժողովուրդ,

Իբրև ստեղծող, իբրև կերտող

Ու պայքարով հավերժացանք լույսի նման մեզ արարող:

Հիմա այնտեղ՝ վիհի տեղում

Չարախափան մեր ոգին է վեր ժայռացած,

Իսկ այդ ժայռին լույսն է հրեղեն

Աստվածային ու երկնային գահակալած

Իբրև տաճար՝ սեգ սրբություն՝

Ի հիշատակ այդ մեծ անձի,

Որն իր ոգով վեր խոյացրեց

Աղոթատունն այդ խորախորհուրդ,

Սբ. Գրիգորի Խոր Վիրապ կոչվեց

Լույս ու հույս դարձած բարձունքին այդ վեհ:

Այնտեղ, ուր քամի ու արև

Մենամարտում են իրար հետ,

Այնտեղ, ուր Աստծու ցանած արտեր

Փռում են իրենց կանաչ վարսեր,

Վիրապի միջից ելնում է լուսե

Մարդու ոգին խնկաբույր,

Հրաշքներ է անում բազում,

Բժշկում է թե ցավ, թե ախտ

Ու նորոգում միաձուլված

Երազների լուսե ճամփան…

(Տ. Զարեհ վրդ. Կաբաղյան, Ոտնաձայներ Տիեզերքում,

Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, 2004թ.)

Advertisements