Վայոց Ձորի թեմ

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԵԼՔԸ ՎԻՐԱՊԻՑ

Advertisements

ՓՐԿՈՒԹՅԱՆ ՎԻՐԱՊԸ

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Այսօր ժողովուրդք Հայաստանեայց

աշակերտեալք ճշմարտութեան ի ձեռն

սրբոյն Գրիգորի, օրհնեցէք զլոյսն

 անսկիզբն բարձր արարեք զնա յաւիտեան»:

(Շարակնոց)

 

Քրիստոնեական լույսի փառաբանության օրն է այսօր, որ Խոր Վիրապում 13 տարի անպատմելի տառապանքներ կրած եւ աստվածային զորակցությամբ ողջ մնացած Սուրբ Գրիգոր Լուսավորչի այնտեղից ելնելու օրից  տարածվեց մեր ժողովրդի սրտերի և հոգիներ մեջ: Եվ մենք դարձանք նախաշնորհյալ այն ազգը, որ աշխարհոմ առաջինը պետականորեն ընդունեց քրիստոնեական կրոնը: Քրիստոնեական լույս գաղափարախոսությամբ շաղախված մեր արիական հոգին, սիրտն ու միտքը այդուհետ ընդմիշտ Տիրոջ հետ է: Այս տեսիլքը, այս երազը ուներ դեռևս օձերի և կարիճների ընկերակցությամբ, մութ վիրապի մեջ տառապող Սուրբ Գրիգորը, ինչպես նշում են մեր պատմիչները, և ինչպես նկարագրում է շարականագիրը. «Պարակից հոգեղինաց երկնային զօրացն սրբափայլ զգեստցինք Տէր Գրիգորիոս, ի Խոր վիրապին, իջեր, ի տղմին ի մէջ դառնաշունչ օձիցն, զի փրկեսցես զմեզ ի չար վիշապեն»: Նա «ջերմեռանդ աղոթքներով և հոգևոր սիրով» էր վերցրել իր խաչը: Ագաթանգեղոսը վկայում է, թե ինչպես էր նրա` Աստծու հետ հարատև հաղորդակից հոգին մրմնջում. «Շնորհներ տուր ինձ, Տեր, համբերելու այս դառը տանջանքները»: Նա հոգեկան խանդավառության մեջ էր չարչարանաց վիհում, քանզի, ինչպես առաքյալն էր ասում, նմանվում էր իր Տիրոջը. «Ես Քրիստոսի չարչարանքները իմ մարմնում եմ կրում»:

Պատմական փաստերի մեջ չխորանալով, հիշատակեմ, որ Տրդատ Մեծ արքան, Գրիգորին, որը հրաժարվել էր երկրպագել բագիններին, բազում կտտանքներից հետո նետել էր մահապարտերի գուբը` Խոր Վիրապ կոչվող վայրը, որպեսզի այնտեղ էլ նա, տաժանակիր կյանքով ապրելով, հոգին ավանդի: Այդ ընթացքում արքայի ձեռքով մարտիրոսվել էին Սուրբ Գայանյանք, ապա արքան հիվանդացել էր: Նրան միայն Գրիգորը կարող է փրկել, կարծում էր արքայի քույրը` Խոսրովիդուխտը:

Անցել էր 13 տարի: Երբ ծառաները եկան գուբի մոտ, ուր Լուսավորիչն էր, ի զարմանս բոլորի, տեսան, որ նա ողջ է: Լուսավորչին ազատեցին բանտից և տարան արքայի մոտ:

Արքան բժշկվեց նրա ձեռքով, զղջաց և ապաշխարությամբ ընդունեց քրիստոնեության լույսը: Իսկ մինչ մկրտվելը, ինչպես պատմում է Ագաթանգեղոսը, արքան ասաց. «Եկեք փութան Աստուծո կողմից մեզ տրված կյանքի առաջնորդ` Գրիգորին հովիվ դարձնել, որպեսզի մկրտությամբ մեզ լուսավորի և վերանորոգի մեր Արարիչ Աստուծու ամենուսույց խորհրդով»: Այս ամենը մութ ու խավարի գուբի մեջ կարծես տեսնում էր Լուսավորիչը: Նրա անձը քրիստոնեական առաքինությունների լույսով էր ճառագում, որից գուբը լուսավորվում էր: Իսկ այդ լույսը մեր ժողովրդին դեպի հավիտենականության պիտի առաջնորդեր, նրա փառքը, հույսն ու հավատը պիտի օրհնվեր այդ լույսով, որի ճենճերացող փայլը հավերժ փարված պիտի մնար հայի հոգուն:

13 տարի տոկունությամբ, անսասան հավատով և հույսով աղոթելով, Լուսավորիչը աղոթքի այդ լույսն էր խնդրում իր ազգի համար: 13 տարի սուրբն ամենայն համբերությամբ, անտանելի տառապանքներ կրելով, չէր հուսահատվում և վստահ էր, որ խավարի Վիրապից Աստծու հրաշքով դուրս պիտի գա ու հաստատի հայոց հոգու տաճարի անսասան սյուները: Նրան ի վերուստ էր տրված այդ առաքելությունը, որովհետև Հովհաննես Մկրտիչն ասում է. «Մարդ իրենից որևէ բան անել չի կարող, եթե նրան ի վերուստ՝ երկնքից այդ տրված չէ» (Հովհ. 3:27): Նրա այդ տեսիլքը, իր անմնացորդ ու նվիրական այս սիրով, հույսով, հավատով էր նաև, որ իրականացավ «Էջ Միածինն ի Հօրէ և լոյս փառաց ընդ նմա»: Մեր ժողովուրդը դարձավ Լուսակիր և Խաչակիր ժողովուրդ, և այդուհետ, իբրև ճշմարիտ քրիստոնյա, պարտավոր էր ապրել Աստուծու պատվիրաններով և քրիստոնեական առաքինություններով: Մութը վերափոխվեց լույսի: Չարի գուբը վերածվեց արբազան մի ուխտատեղի՝ համայն քրիստոնյա աշխարհի համար:

Աստվածային նախախնամությամբ և ժողովրդի կամոք էր, որ մենք առաջինը պետականորեն ընդունեցինք քրիստոնեական կրոնը: Հայերը, իբրև բարձր մտավոր ներուժ ունեցող բացառիկ ժողովուրդ, ճիշտ ժամանակին հասկացան, որ այդ կրոնը անպայաման իրենց կտանի դեպի քաղաքակիրթ աշխարհ, որ այն իր առաջադիմական գաղափարախոսությամբ դեպի զարգացում ու առաջադիմություն կուղեկցի իրենց, անաղարտ կպահի իրենց ազգային դիմագիծն ու ոգին և գնացին դեպի այն, դեպի նշված լուսավոր ուղին: Այսպես Լուսավորչի ցանած սերմերը ի փառս Աստծու ընկան պարարտ հողի մեջ և ծաղկեցին, իսկ նրա չարչարանաց վայրը` Խոր Վիրապը, հայոց համար դարձավ սրբազան ուխտատեղի, որը շատ խորիմաստ է բնութագրել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը. «Բանտը դարձավ առ Աստված հավատարմության վկայական, Աստծու ներկայության բնակատեղի, որի առջև ամենախորին խոնարհումով աղոթախոս է Հայոց հոգին… Եղավ հավերժական լույսի մշտաբնակ սրբարան»:

Սիրելինե’ր, այսօր աշխարհը դարձել է մի վիրապ, և խառնիխուռն դաժան փորձությունները հաճախ խանգարում են մեզ ճիշտ կողմնորոշվել այդ խառնարանում, չսայթաքել, դուրս գալ այնտեղից, առավել լուսավորել աստվածային կենարար լույսով, ընթանալ լույսի ճանապարհով, ճշմարտության ճանապարհով: Եթե մենք մեզ համարում ենք իսկական քրիստոնյա, Քրիստոսի հիմնած եկեղեցու նվիրյալ հավատավոր, ապա պարտավոր ենք, թեկուզ և մեծ զոհողությունների գնով, հաղթահարել լուսո ճանապարհի բոլոր պատնեշները, ազնվանալ, սրբվել Քրիստոսի սուրբ ուսմունքից ճառագած լույսով, ապրել քրիստոնեավայել կյանքով:

Այսօր ելն ի Վիրապից տոնի խորհուրդը նաև դրա մեջ պետք է տեսնել, այսինքն, մենք մեզ ինչ-որ չափով նեղություն տալով, չարի դեմ պայքարելով, հաճախ նաև զոհողությունների գնով միայն կարող ենք ազատվել վատ սովորույթներից և, Լուսավորչից ճառագած լույսով լուսավորելով միայն մեր անձերը, կարող ենք դառնալ ճշմարիտ «լուսո որդիք»: Այսօր դժվարին մեր կյանքում խոսուն է Լուսավորչի օրինակը, քանի որ մեր ժողովրդի պատմության մեջ շրջադարձային դեր ունենալուց զատ, նա օրինակ է սերունդների համար, օրինակ` գթասրտության, հավատի, համբերությամբ և հարատև աղոթքով չարին հաղթելու, քրիստոնեական բարոյական չափանիշներով և սկզբունքներով ապրելու և այդպես կյանքը լուսավորելու օրինակ: Չէ˚ որ ներքին լույսը, հոգեկան խաղաղությունը ներդաշնակություն և փրկություն է միայն բերում: Հավատացեք, այսօր շատ խնդիրներ մեզ համար ստեղծում ենք մենք` ինքներս, բամբասելով, դժգոհելով, հայհոյելով և այլ վատ արատնեով: Մոռանում ենք, որ Լուսավորչից առկայծած լույսից` Քրիստոսի անմեռ հոգուց, մի-մի մասունք կա մեր սրտերում և հոգիներում: Եկեք այդ լույսը չփակենք Լուսավորչի բանտը դարձած գուբի խավարով, այլ ի բաց հանենք Ամենակալ Աստծու առջև և փառավորենք նրան, օրհնենք և գովենք միշտ, որ Լուսավորչի միջոցով հաղորդակցվենք Տիրոջը, որ մեզ մկրտության խորհրդով իր որդիները դարձրեց:

Թող Սուրբ Լուսավորիչը պահապան, օգնական և բարեխոս լինի բոլորիս, և մենք այնքան մաքրենք մեր հոգին, որ Արագածի փեշերին ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի նկարագրած Լուսավորչի կանթեղի լույսը տեսնենք, այն լույսը, որը ճառագում է Սուրբ Լուսավորչի տեսիլքներով, լուսե տեսիլքներով: Այն մեր կյանքում թող միշտ ուղեկցի մեզ, ինչպես մեծ բանաստեղծը կասեր.«Ով անմեղ է, լիքը սիրով ու հավատով անսասան` դեպի հայոց ապագան, նա կտեսնի էն մշտավառ ջահը` կախված երկնքից, ասես Աստուծո աչքը պայծառ հսկում է ցած երկնքից»:

«Այսօր ժողովուրդք Հայաստանյայց աշակերտեցեք ճշմարտութեան ի ձեռն սրբոյն Գրիգորի, օրհնեցէք զլոյսն անսկիզբն, բարձր պահեցէք զնա յաւիտեան»:

Հավիտեանս, հավիտենից, ամեն:

Տ. Զարեհ վրդ. Կաբաղյան
Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ

Advertisements