ՎԱՅՔԻ ՍՈՒՐԲ ՏՐԴԱՏ ԵԿԵՂԵՑԻ


Ս. Տրդատ Գ Մեծ թագավորի անունը հավերժացնող Ս. Տրդատ եկեղեցին կառուցվել է 2000թ.` բարերարությամբ ամերիկահայ բարերարներ Տեր և Տիկին Գալուստ և Էմմա Սողոյանների:

Ս. Տրդատ եկեղեցին օծվել է 2000թ. օգոստոսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ: Ս. Տրդատ եկեղեցին գտնվում է Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում` Երևան-Գորիս մայրուղու 136-րդ կմ.-ին և մտնում է Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Վայոց Ձորի թեմի մեջ:Ճարտարապետական հորինվածքով քառաթև կենտրոնագմբեթ եկեղեցի է, ունի մի խորան, որը նվիրված է Ս. Աստվածածնին, մի փոքր գավիթ, երկու ավանդատուն, երկու զանգակատուն` իրենց փոքրիկ գմբեթներով:

Եկեղեցին լուսավորվում է գմբեթի 12 և եկեղեցու 24 լուսամուտների շնորհիվ, բացի դրանցից եկեղեցին լուսավորվում է նաև մեկ մեծ և չորս փոքր էլեկտրական ջահերով: Ս. Տրդատը ներսից զարդարված է չորս մեծ և մեկ փոքր սրբապատկերներով, որոնց վրա համապատասխանաբար պատկերված են Ս. Տրդատ թագավորի մկրտության, Հիսուս Քրիստոսի մկրտության և հարության դրվագները, ինչպես նաև Ս. Գայանե ու Ս. Հռիփսիմե կույսերի պատկերները:

Եկեղեցին ունի երեք փայտաշեն դռներ, որի արևմտյան դուռը նվիրված է եկեղեցու բարերար Գալուստ Սողոյանին և ունի իր արձանագրությունը. <<Դուռս այս յիշատակ է Գալուստ Սողոեանի>>:

This slideshow requires JavaScript.

Հյուսիսային դուռը նվիրված է Մեսրոպ արք. Աշճյանին և ունի իր արձանագրությունը. <<Դուռս այս յիշատակ է Մեսրոպ արք. Աշճեանի 2000թ.>>, իսկ հարավային դուռը նվիրված է Էմմա Թապիպյան Սողոյանին, սա էլ իր հերթին ունի իր արձանագրությունը. <<Դուռս այս յիշատակ է Էմմայ Թապիպեան Սողոեանի 2000թ.>>:

Մկրտության ավազանը գտնվում է եկեղեցու հյուսիսային կողմում, որի վրա գրված է.<<Կանգնեցաւ Մկրտութեան Աւազանս ի յիշատակ Տօքթ. Ստեփան Թապիպեանի 2000թ.>>:

Ս. Տրդատ եկեղեցու արևմտյան` կենտրոնական, դռան վերևում գրված է եկեղեցու կառուցման մասին արձանագրությունը.

<<Կառուցաւ Ս. Տրդատ եկեղեցիս արդեամբք Գալուստ եւ Էմմայ Սողոեանների ի Տիթրոյթ ԱՄՆ ի Հայրապետութեան Տ. Տ  Գարեգնի Ա Կաթողիկոսին Ամենայն Հայոց եւ նորին հաջորդին Տ.Տ. Գարեգնի Բ Կաթողիկոսին Ամենայն Հայոց.  յառաջնորդութեան Տ. Աբրահամա եպիսկոպոսին Սիւնեաց ի փառաւորումն 1700-ամեայ տարեդարձին Քրիստոնեութեան   Հայոց. Ճարտարապետ  Ա. Գալիկեան, Կառուցող Մ. Մկրտչյան, Ս. Սեղանս կանգնեցաւ ի յիշատակ Փառաւոն Սողոեանի  2000թ.,  կանգնեցաւ Մկրտութեան Աւազանս ի յիշատակ Տօքթ. Ստեփան Թապիպեանի 2000թ.>>:

Ս. Տրդատ եկեղեցին ունի չորս խորշեր, որոնցից մեկի վրա` եկեղեցու արևմտյան դռան ձախ կողմում, տեղադրված է Հայոց Մեծ եղեռնին նվիրված խաչքար:
Եկեղեցին շրջապատված է պտղատու և դեկորատիվ ծառերով, եկեղեցու տարածքում է գտնվում նաև Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդարանը, որը նույնպես կառուցվել է Գալուստ և Էմմա Սողոյանների բարերարությամբ:

Ս. Տրդատ եկեղեցու ուխտի օրը եկեղեցու օծման օրն է` օգոստոսի 6-ը, ինչպես նաև Ս. Տրդատ թագավորի տոնի օրերը:

Այժմ եկեղեցու հոգևոր հովիվն է Տեր Մարտիրոս ավագ քահանա Ավետիսյանը:

Նյութը պատրաստեց
Տեր Բարդուղիմեոս
քահանա Հակոբյանը

Advertisements

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ՎԱՆՔ


Հունիսի 2-ին` Տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի օրը, դեպի Արկազի Սբ. Խաչ վանք ուխտագնացություն էր կազմակերպել Արարատյան Հայրապետական թեմի Դավթաշենի Սբ. Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տ. Խորեն քահանա Մարուքյանը:

This slideshow requires JavaScript.

Տեր Հոր գլխավորությամբ ուխտավորները նախ մասնակցեցին Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում մատուցվող Սբ. Պատարագին: Օրվա պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Սբ. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:

Տեղի ունեցավ Անդաստանի կարգ, ապա ուխտավորները Սբ. Հաղորդություն ստացան և շարունակեցին իրենց ճանապարհը դեպի Սուրբ Խաչ վանք, ուր քահանա Հայրերի հետ ուխտավորները երգեցին շարականներ, օրվա խորհրդին նվիրված երգեր:

Խոկումից և Աղոթքից հետո Տ. Խորենը նրանց պատմեց Սբ. Խաչ վանքի հինավուրց ավանդությունների մասին: Վերադարձին ուխտավորներն իրենց աղոթքը վերառաքեցին Ամենակալին, նաև Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում և Նորավանքում: Continue reading

ՄԵՐ ՆԱԽՆԻՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ


This slideshow requires JavaScript.

Այս տարի` հունիսի 2-ին, Վայոց Ձորի թեմի ՔԴԿ-ի տնօրեն Ռուզան Կարապետյանի նախաձեռնությամբ հերթական անգամ  ուխտագնացություն էր կազմակերպվել դեպի Հաղարծին ու Գոշավանք: Ուխտագնացությանը մասնակցում էին ՔԴԿ-ի սաներ, ծնողներ: Այն, բացի իր հոգևոր իմաստից, ուներ նաև ճանաչողական նշանակություն:  Ուխտագնացությունը սկսվեց Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուց, որտեղ ուխտավորները իրենց աղոթքը հղեցին առ Աստված, այնուհետև ուղևորվեցին Գոշավանք: Առաջին կանգառը Սելիմի քարավանատունն Էր` միջնադարյան Հայաստանի հազվագյուտ քաղաքացիական ամբողջական շինություններից, որն ունի պատմաճարտարապետական մեծ արժեք: Հաջորդ կանգառը Նորադուզի խաչքարադաշտն էր, ուր կարելի է հանդիպել տարբեր  դարերի խաչքարերի, երեխաներից մեկը պատմեց, թե ինչպես հնում այդ խաչքարերը, որոնք հայ հորոսների հիշատակն են հավերժացնում, օգնել են հաղթանակ տանել կենդանի հերոսներին:

Հայրավանքը, ուր այնուհետև եղան ուխտավորները, հիացրեց իր դիրքով և վեհությամբ: Այստեղ ուխտավոր երիտասարդները, իրար հերթ չտալով, պատմեցին մի գեղեցիկ ավանդույթ` կապված Մարդաղավնյաց անվան հետ, ըստ կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի ավանդության, 1381թ–ին Լենկթեմուրի արշավանքի ժամանակ Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով` խաչի զորությամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել: Երբ հասանք Սևանա թերակղզին, Սևանավանքում մատուցվում էր  Սուրբ Պատարագ: Ճանապարհը շարունակելով, որոշ ժամանակ անց  բացվեց մի հիանալի տեսարան. հպարտ կանգնած էր  Հաղարծինի վանական համալիրը, ուխտավորները հիանում էին  Ս. Աստվածածին և Ս. Գրիգոր եկեղեցիների և մյուս վանական շինությունների`  և շրջակա բնության ներդաշնակությամբ: Continue reading