Վայոց Ձորի թեմ

ՎԱՅՔԻ ՍՈՒՐԲ ՏՐԴԱՏ ԵԿԵՂԵՑԻ

Advertisements

Ս. Տրդատ Գ Մեծ թագավորի անունը հավերժացնող Ս. Տրդատ եկեղեցին կառուցվել է 2000թ.` բարերարությամբ ամերիկահայ բարերարներ Տեր և Տիկին Գալուստ և Էմմա Սողոյանների:

Ս. Տրդատ եկեղեցին օծվել է 2000թ. օգոստոսի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ: Ս. Տրդատ եկեղեցին գտնվում է Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում` Երևան-Գորիս մայրուղու 136-րդ կմ.-ին և մտնում է Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Վայոց Ձորի թեմի մեջ:Ճարտարապետական հորինվածքով քառաթև կենտրոնագմբեթ եկեղեցի է, ունի մի խորան, որը նվիրված է Ս. Աստվածածնին, մի փոքր գավիթ, երկու ավանդատուն, երկու զանգակատուն` իրենց փոքրիկ գմբեթներով:

Եկեղեցին լուսավորվում է գմբեթի 12 և եկեղեցու 24 լուսամուտների շնորհիվ, բացի դրանցից եկեղեցին լուսավորվում է նաև մեկ մեծ և չորս փոքր էլեկտրական ջահերով: Ս. Տրդատը ներսից զարդարված է չորս մեծ և մեկ փոքր սրբապատկերներով, որոնց վրա համապատասխանաբար պատկերված են Ս. Տրդատ թագավորի մկրտության, Հիսուս Քրիստոսի մկրտության և հարության դրվագները, ինչպես նաև Ս. Գայանե ու Ս. Հռիփսիմե կույսերի պատկերները:

Եկեղեցին ունի երեք փայտաշեն դռներ, որի արևմտյան դուռը նվիրված է եկեղեցու բարերար Գալուստ Սողոյանին և ունի իր արձանագրությունը. <<Դուռս այս յիշատակ է Գալուստ Սողոեանի>>:

Հյուսիսային դուռը նվիրված է Մեսրոպ արք. Աշճյանին և ունի իր արձանագրությունը. <<Դուռս այս յիշատակ է Մեսրոպ արք. Աշճեանի 2000թ.>>, իսկ հարավային դուռը նվիրված է Էմմա Թապիպյան Սողոյանին, սա էլ իր հերթին ունի իր արձանագրությունը. <<Դուռս այս յիշատակ է Էմմայ Թապիպեան Սողոեանի 2000թ.>>:

Մկրտության ավազանը գտնվում է եկեղեցու հյուսիսային կողմում, որի վրա գրված է.<<Կանգնեցաւ Մկրտութեան Աւազանս ի յիշատակ Տօքթ. Ստեփան Թապիպեանի 2000թ.>>:

Ս. Տրդատ եկեղեցու արևմտյան` կենտրոնական, դռան վերևում գրված է եկեղեցու կառուցման մասին արձանագրությունը.

<<Կառուցաւ Ս. Տրդատ եկեղեցիս արդեամբք Գալուստ եւ Էմմայ Սողոեանների ի Տիթրոյթ ԱՄՆ ի Հայրապետութեան Տ. Տ  Գարեգնի Ա Կաթողիկոսին Ամենայն Հայոց եւ նորին հաջորդին Տ.Տ. Գարեգնի Բ Կաթողիկոսին Ամենայն Հայոց.  յառաջնորդութեան Տ. Աբրահամա եպիսկոպոսին Սիւնեաց ի փառաւորումն 1700-ամեայ տարեդարձին Քրիստոնեութեան   Հայոց. Ճարտարապետ  Ա. Գալիկեան, Կառուցող Մ. Մկրտչյան, Ս. Սեղանս կանգնեցաւ ի յիշատակ Փառաւոն Սողոեանի  2000թ.,  կանգնեցաւ Մկրտութեան Աւազանս ի յիշատակ Տօքթ. Ստեփան Թապիպեանի 2000թ.>>:

Ս. Տրդատ եկեղեցին ունի չորս խորշեր, որոնցից մեկի վրա` եկեղեցու արևմտյան դռան ձախ կողմում, տեղադրված է Հայոց Մեծ եղեռնին նվիրված խաչքար:
Եկեղեցին շրջապատված է պտղատու և դեկորատիվ ծառերով, եկեղեցու տարածքում է գտնվում նաև Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդարանը, որը նույնպես կառուցվել է Գալուստ և Էմմա Սողոյանների բարերարությամբ:

Ս. Տրդատ եկեղեցու ուխտի օրը եկեղեցու օծման օրն է` օգոստոսի 6-ը, ինչպես նաև Ս. Տրդատ թագավորի տոնի օրերը:

Այժմ եկեղեցու հոգևոր հովիվն է Տեր Մարտիրոս ավագ քահանա Ավետիսյանը:

Նյութը պատրաստեց
Տեր Բարդուղիմեոս
քահանա Հակոբյանը

Advertisements