ՍՈՒՐԲ ՍԱՀԱԿ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵՎ ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ՕՐ


Հունիսի 20-ին տոնն է մեր Սուրբ թարգմանիչ Հայրերի՝ Սահակի և Մեսրոպի:

 

Սուրբ Սահակ Պարթև Կաթողիկոս

Սահակ Պարթև (358-439թթ.) Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 10-րդ կաթողիկոս (Ամենայն Հայոց կաթողիկոս 387թ. ընդմիջումներով), եկեղեցական, քաղաքական և մշակութային նշանավոր գործիչ, Ավետարանային սյուժեների քարոզների և հոգևոր օրհներգերի հեղինակ, քաղաքական-հասարակական գործիչ: Նրա օրոք ստեղծվել են հայկական գրերը և հայերեն է թարգմանվել Աստվածաշունչը: Աջակցել է Մեսրոպ Մաշտոցին հայ գրերի ստեղծման և տարածման գործում: Սահակի անունով մեզ են հասել կանոնական գրվածքներ և թղթեր: Ներդրում է ունեցել շարականագրության մեջ:

Սերում է Պարթև (Պահլավունի) և Մամիկոնյան տոհմերից,  Ներսես Մեծի որդին է: Ստացել է կրթություն կապադովկյան Կեսարիայի, Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի դպրոցներում: Տիրապետել է հունարենի, ասորերենի, պարսկերենի: 387 թվականին ընտրվել է հայոց հայրապետ՝ եռանդուն աջակցություն բերելով Խոսրով Գ թագավորին՝ վերականգնելու Մեծ Հայքի միասնականությունը: Խոսրովի գահընկեց լինելուց և աքսորվելուց հետո ինքը ևս զրկվել է հայրապետական աթոռից (389թ.) և միայն Վռամշապուհ թագավորի ջանքերի շնորհիվ վերականգնվել իր պաշտոնում: Հետագայում ևս, պարսից Վռամ Ե արքայի կողմից, ենթարկվել է հալածանքների ու շնորհազրկման: Մահացել է իր ծնննդյան օրը, նավասարդի 30-ին (439 թ. սեպտեմբերի 7-ին), Բագրևանդի Բլրոցաց գյուղում և թաղվել է Աշտիշատում:

Սուրբ Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոց (361 կամ 362 թ., գյուղ Հացեկաց (Տարոնի գավառում)-440թ. փետրվարի 17, Վաղարշապատ (այժմ՝ Էջմիածին), թաղված Օշականում), հայկական գրի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող (Սահակ Ա Պարթևի հետ), հայ գրության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերենի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, Հայաստանի եկեղեցու վարդապետ։  Մաշտոցի կյանքի ու գործունեության վերաբերյալ կան վավերական աղբյուրներ, այդ թվում նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի», նաև Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները (շուրջ 30 հին և միջնադարյան աղբյուրներ)։

Մեսրոպ Մաշտոցը ազնվական Վարդանի որդին էր (ըստ Անանիա Շիրակացու՝ «ազատի տնից»)։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին: Սկզբնական շրջանում անցել է ծառայության հայոց Խոսրով III (մոտ 385 − 388) թագավորի արքունիքում, եղել է զինվորական, ապա՝ պալատական գրագիր։ Մոտ 395/396-ին դարձել է հոգևորական, և մեկնել Վասպուրականի Գողթն գավառը, ուր տեղի իշխան Շաբիթից ստանալով գործելու ազատ հնարավորություն` հիմնել է քրիստոնեական համայնքներ, եկեղեցական դասեր։ Շրջագայել է նաև Սյունիքում։ Continue reading

Advertisements