ՍՈՒՐԲ ՍԱՀԱԿ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵՎ ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ՕՐ


Հունիսի 20-ին տոնն է մեր Սուրբ թարգմանիչ Հայրերի՝ Սահակի և Մեսրոպի:

 

Սուրբ Սահակ Պարթև Կաթողիկոս

Սահակ Պարթև (358-439թթ.) Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 10-րդ կաթողիկոս (Ամենայն Հայոց կաթողիկոս 387թ. ընդմիջումներով), եկեղեցական, քաղաքական և մշակութային նշանավոր գործիչ, Ավետարանային սյուժեների քարոզների և հոգևոր օրհներգերի հեղինակ, քաղաքական-հասարակական գործիչ: Նրա օրոք ստեղծվել են հայկական գրերը և հայերեն է թարգմանվել Աստվածաշունչը: Աջակցել է Մեսրոպ Մաշտոցին հայ գրերի ստեղծման և տարածման գործում: Սահակի անունով մեզ են հասել կանոնական գրվածքներ և թղթեր: Ներդրում է ունեցել շարականագրության մեջ:

Սերում է Պարթև (Պահլավունի) և Մամիկոնյան տոհմերից,  Ներսես Մեծի որդին է: Ստացել է կրթություն կապադովկյան Կեսարիայի, Ալեքսանդրիայի և Կոստանդնուպոլսի դպրոցներում: Տիրապետել է հունարենի, ասորերենի, պարսկերենի: 387 թվականին ընտրվել է հայոց հայրապետ՝ եռանդուն աջակցություն բերելով Խոսրով Գ թագավորին՝ վերականգնելու Մեծ Հայքի միասնականությունը: Խոսրովի գահընկեց լինելուց և աքսորվելուց հետո ինքը ևս զրկվել է հայրապետական աթոռից (389թ.) և միայն Վռամշապուհ թագավորի ջանքերի շնորհիվ վերականգնվել իր պաշտոնում: Հետագայում ևս, պարսից Վռամ Ե արքայի կողմից, ենթարկվել է հալածանքների ու շնորհազրկման: Մահացել է իր ծնննդյան օրը, նավասարդի 30-ին (439 թ. սեպտեմբերի 7-ին), Բագրևանդի Բլրոցաց գյուղում և թաղվել է Աշտիշատում:

Սուրբ Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոց (361 կամ 362 թ., գյուղ Հացեկաց (Տարոնի գավառում)-440թ. փետրվարի 17, Վաղարշապատ (այժմ՝ Էջմիածին), թաղված Օշականում), հայկական գրի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող (Սահակ Ա Պարթևի հետ), հայ գրության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերենի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, Հայաստանի եկեղեցու վարդապետ։  Մաշտոցի կյանքի ու գործունեության վերաբերյալ կան վավերական աղբյուրներ, այդ թվում նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի», նաև Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները (շուրջ 30 հին և միջնադարյան աղբյուրներ)։

Մեսրոպ Մաշտոցը ազնվական Վարդանի որդին էր (ըստ Անանիա Շիրակացու՝ «ազատի տնից»)։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին: Սկզբնական շրջանում անցել է ծառայության հայոց Խոսրով III (մոտ 385 − 388) թագավորի արքունիքում, եղել է զինվորական, ապա՝ պալատական գրագիր։ Մոտ 395/396-ին դարձել է հոգևորական, և մեկնել Վասպուրականի Գողթն գավառը, ուր տեղի իշխան Շաբիթից ստանալով գործելու ազատ հնարավորություն` հիմնել է քրիստոնեական համայնքներ, եկեղեցական դասեր։ Շրջագայել է նաև Սյունիքում։ Ունեցել է աշակերտներ, որոնք հետո դարձել են նրա օգնականները լուսավորական գործունեության ասպարեզում։ Այս շրջանում մտադրվել է ստեղծել հայկական գրեր՝ Աստվածաշունչը թարգմանելու համար։ Վերադարձել է Վաղարշապատ, որտեղ կաթողիկոսի նախաձեռնությամբ հրավիրվել է հատուկ ժողով։ Մոտ 404-ին Միջագետքից բերված Դանիելյան նշանագրերով, կատարել է թարգմանական և ուսուցողական առաջին փորձերը, սակայն ապարդյուն։ Այդ ժամանակ ստացել է վարդապետի (ուսուցչի) աստիճան։ Վռամշապուհի և Սահակ Պարթևի հրահանգով անձամբ մեկնել է Միջագետք, հանդիպել նույն Դանիել եպիսկոպոսի հետ։ Եղել է Եդեսիայում, Ամիդում, ապա՝ Սամոսատում։ Հանդիպումներ է ունեցել տեղի բարձրաստիճան հոգևորականության հետ՝ Եդեսիայի եպիսկոպոս Բաբիլասի (398-408 թթ), Ամիդի եպիսկոպոս Ակակիոսի (400-409 թթ.) հետ, այցելել է Եդեսիայի գրադարան։

Մոտ 405-406 թթ. Եդեսիայում ավարտել է հայոց գրերի ստեղծումը։ Արևմտահայաստան կատարելիք առաջին շրջագայությունից առաջ մեկնել է Վիրք, ուր վրաց Բակուր (մոտ 416-429 թթ.) արքայի, Մովսես եպիսկոպոսի, և թարգմանիչ Ջաղայի օգնությամբ ստեղծել վրաց հին գիրը («խուցուրի»)։ Մոտ 420-422-ին մեկնել է Բյուզանդիա՝ Կոնստանդնուպոլիս, հանդիպել կայսր Թեոդոս II-ի և հունաց պատրիարք Ատտիկոսի հետ, որից հետո հայկական դպրոցներ է բացել Մեծ Հայքի բյուզանդահպատակ գավառներում, զուգահեռաբար պայքար մղել «բորբորիտներ» աղանդի դեմ։ Վերադարձից առաջ աղվան Բենիամինի հետ ստեղծել է աղվանից գիրը։ Այրարատ վերադառնալուց հետո անձամբ մեկնել է Աղվանք, հանդիպել աղվանից Արսվաղեն արքայի և Երեմիա եպիսկոպոսի հետ, կազմակերպել նոր գրի տարածումը, որտեղից անցել է Բաղասական գավառ, մղել հակաաղանդավորական պայքար։ Այդ շրջանում եղել է Ուտիքի Գարդման գավառում, ապա՝ Գուգարաց Տաշիրքում։ Եվս մեկ անգամ Արևմտյան Հայաստան է այցելել 420-ականների վերջին, եղել Բարձր Հայք գավառի Դերջան, Եկեղյաց, Սպեր և Շաղգոմք գավառներում։ 431-439-ի միջև կաթողիկոս Սահակի և աշակերտների հետ հիմնականում ավարտել է Աստվածաշնչի թարգմանությունը։ 439-ին նրա հրահանգով կաթողիկոսական աթոռի տեղապահ է դառնում Հովսեփ Վայոցձորցին ։

Կյանքի վերջին տարիներին գրել է հոգևոր շարականներ, կրոնա-փիլիսոփայական երկեր։

Մաշտոցի մահից հետո հազարապետ Վահան Ամատունին և զորավոր Հմայակ Մամիկոնյանը մեծ բազմությամբ նրա մարմինը տեղափոխում են Օշական, որտեղ երեք տարի անց Վահան Ամատունին տաճար է կառուցում, աճյունը տեղափոխում այնտեղ։ Նրա հիշատակը հարգելու համար Հովսեփ կաթողիկոսը հանձնարարում է Կորյունին գրելու Մաշտոցի կյանքն ու գործը։

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s