ՀԱՐՑ: ԱՐԴՅՈ՞Ք ՄԱՏԱՂԸ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԾԵՍ Է:


ՊԱՏԱՍԽԱՆ:

Մատաղը, լինելով հնուց ավանդված բարեպաշտական սովորույթ, այսօր էլ շատ տարածված է և ունի քրիստոնեական կարևոր բովանդակություն: Մատաղը, կատարման եղանակով և իմաստային նշանակությամբ, ոչ թե ուղղակի պարզ սովորույթ է, այլ ծես, որն ուղեկցվում է հատուկ կանոնով կատարվող ծիսական արարողությամբ: Սուրբ Եկեղեցու հոգևոր հայրերը` Հովհան Ոսկեբերանը, Եփրեմ Խուրի Աորին և այլք նշում են, որ քրիստոնյան պետք է ունենա երեք կարևոր առաքինություն` պահեցողություն, աղոթասիրություն և ողորմածություն: Խոսրով Անձևացին այս մասին ասում է. «Պահքը մարդուն հանում է արքայության ճանապարհ, աղոթքը մոտեցնում է դռանը, իսկ ողորմությունը տանում է այդ դռներից ներս», համաձայն Տիրոջ այն խոսքի թե. «ուր ես եմ` այնտեղ իմ պաշտոնյան թող լինի»:

Ողորմություն տալը, որպես քրիստոնեական սիրո դրսևորում, Ավետարանում հաճախ է շեշտված. «Եղեք գթասիրտ, ինչպես գթասիրտ է ձեր երկնավոր հայրը»(Ղուկ. Զ 36): Առաջին քրիստոնյաները, հենց այս պատվիրանին հետևելով էր, որ քրիստոնեական համայնքների ձևավորման սկզբում արդեն իսկ կազմակերպում էին հասարակաց հացկերույթներ, օգնում աղքատներին, խնամում կարոտյալներին: Նախնական եկեղեցում հավաքական ճաշկերույթները հիմնականում հաջորդում էին հավաքական աղոթքին: Իսկ սեղանների շուրջը համախմբվածներին ջերմացնողը սիրո ու համերաշխության մթնոլորտն էր:

Մեր պատմությունից գիտենք, որ հոների դեմ տարած հաղթանակներից հետո Տրդատ թագավորն ու հայ իշխանները, Սուրբ Լուսավորչի առաջնորդությամբ, Տարոնի Սուրբ Կարապետ վանքում զոհաբերել են բազմաթիվ կենդանիներ և բաժանել աղքատներին:

Այսինքն մատաղը, լինելով Աստծուն ուղղված գոհության արտահայտության, սկզբից ի վեր եղել է նաև գթասրտության, ողորմածության արտահայտություն: Հետևաբար մատաղը ոչ թե պետք է նույնացնել կուռքերին զոհ մատուցելու հեթանոսական արարողության հետ, այլ առաջնորդվել նրա քրիստոնեական բովանդակությամբ, այն է`  սիրով արված նվիրատվություն, ողորմություն` կարիքավորներին բաժանելու համար: Ըստ մատաղի արարողակարգի` քահանան, սաղմոսներ ու աղոթքներ ընթերցելով, խաչով օրհնում է աղը, ինչը Աստծու և մարդու ուխտի նշանն է: Այնուհետև օրհնված աղը տալիս են կենդանուն` ուտելու: Ի դեպ, ըստ Սուրբ Գրիգոր Տաթևացու, մատաղ բառի ստուգաբանությունն է «աղ մատուցել»: Հին կտակարանում մատաղի շատ դրվագներ կան: Սակայն ուզում ենք ընդգծել, որ մովսիսական օրենքով ընդունված զոհաբերված կենդանու արյունը խաչի վրա Հիսուս Քրիստոսի հեղած արյան նախանշանն է: Այսինքն` մեր Տեր Հիսուս ամբողջ մարդկության մեղքերի համար զոհաբերվեց խաչի վրա` որպես Գառն Աստծու: Հնուց ընդունված է մատաղ անել տաղավարաց տոներին, հատկապես` Հարության, Վարդավառի, Սրբոց տոներին և այլն:

Կա մատաղի երեք կանոն`

  1. 1.    Գոհության մատաղ,
  2. 2.    Տյառնական,
  3. 3.    Հոգեհանգստյան:

Գոհության մատաղ կարող է մատուցել յուրաքանչյուր հավատացյալ ցանկացած ժամանակ:  Սակայն օրն անպայման պիտի լինի կիրակի և մատաղի արարողությունը պիտի կատարվի Սուրբ Պատարագից հետո:

Տյառնականը` Տիրոջը խոստացված մատաղն է:

Հոգեհանգստյան մատաղը մատուցվում է հանգուցյալի հոգու հանգստության համար: Տիրոջը խնդրում ենք ողորմած լինել ննջեցյալի հանդեպ: Ըստ «Հայոց կանոնագրքի»` կա նաև եկեղեցի հաստատելու առիթով կատարվող մատաղի կանոն:

Պետք է հիշեցնենք, որ կենդանու արյունը ճակատին քսելը մեղք է, և որ մատաղը ողորմություն է` որպես քրիստոնեական սիրո դրսևորում, այլ ոչ առիթ կերուխումի և հարբեցողության:

Հարցին պատասխանեց Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s