ՊԱՅԾԱՌԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

 

«Քո երեսի լույսը ծագեց մեզ վրա եւ

ուրախություն տվեց մեր սրտերին»:

(Սաղմոս 4:7)

Սաղմոսերգուի այս հոգեզմայլ խոսքերն իմաստավորում են այսօրվա՝ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի ողջ խորհուրդը, որը ցնծությամբ  է ոգեկոչում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:

Հիսուսի Պայծառակերպության տոնը մեր Եկեղեցու որդեգրած Տերունի հինգ տաղավար տոներից մեկն է: Այս տոների տաղավար անունը մեզ է փոխանցվել Մովսես մարգարեի հիմնած, Հին Ուխտի ժողովրդի կողմից մեծահանդես Տաղավարահարաց կոչված տոնի անունից, որը Եգիպտոսից դուրս գալուց հետո, նրանք տոնում էին տաղավարների մեջ:

Մենք՝ քրիստոնյաներս, այս սուրբ տոնի խորհրդին հաղորդակից դառնալու համար Հիսուսի պայծառակերպությանը վերաբերող ավետարանական հատվածների լույսով ջերմացնենք մեր հոգիները:

Մի  օր  Հիսուս, Կեսարիայի Փիլիպիե քաղաք կատարած ճամփորդությունից վերադառնալուց հետո, Հոր աոջեւ իր սիրտը բանալ՝ աղոթել ուզեց: Նա իր հետ վերցրեց երեք աշակերտներին՝ Պետրոսին,  Հակոբոսին եւ Հովհաննեսին ու բարձրացավ լեռը:

Ըստ ավանդության, դա Թաբոր լեռն էր, որը Նազարեթ քաղաքի մոտակայքում էր գտնվում: Բարձրանալով լեռը՝ երկար ճանապարհից հոգնած աշակերտները խորը քնեցին: Հիսուս աոանձնացավ նրանցից եւ սկսեց աղոթել: Հանկարծ նրա դեմքն ու զգեստները սկսեցին պայծառանալ, փայլել: Ինչպես Ավետարանն է ասում. «Նրա դեմքը փայլեց՝ ինչպես արեգակը, նրա զգեստները դարձան սպիտակ՝ ինչպես լույսը»: Աշակերտները հանկարծ արթնացան ու քնաթաթախ ականատես եղան մի տեսարանի, որը երբեք չէին տեսել: Նրանք նայում էին իրենց Տիրոջը եւ տեսնում, թե ինչպես էին արեւի լույսից առավել պայծառությամբ փայլում Նրա դեմքն ու զգեստները: Հիսուսի կողքին կանգնած էին Հին Ուխտի սրբազնագույն անձերը՝ Մովսես եւ Եղիա մարգարեները, ովքեր Տիրոջ հետ զրուցում էին երկրային վերջին օրերի մասին: Պետրոս առաքյալը, շփոթված այս հրաշափառ տեսարանից, հանդգնեց միջամտել նրանց խոսակցությանը եւ ասաց. «Տեր, լավ է, որ մենք այստեղ ենք: Եթե կամենաս, երեք տաղավարներ կշինենք՝ մեկը քեզ, մեկը Մովսեսի, մյուսն էլ Եղիայի համար»:

Այդ  պահին լուսավոր մի ամպ երեւաց, եւ Աստված իր Որդու վկայության ձայնը հնչեցրեց. «Դա է իմ սիրելի Որդին, ում հավանեցի: Դրան լսեք» (Մատթ. 17:5):

Ողջ մարդկության պատմության մեջ կարեւորագույն իրադարձություն է մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի պայծառակերպությունը, նրա աստվածային լուսեղեն հոգու հայտնությունն իր աշակերտներին: Հիսուս մեր հոգիները լուսավորող լույսն է, ինչպես ինքն է վկայում Հովհաննեսի Ավետարանում, «Ես եմ աշխարհի լույսը» (Հովհ. 8:12): Իսկ այդ լույսը աղբյուրն է կյանքի:

Հիսուս պայծառակերպությամբ իբրեւ լույս երեւաց աշակերտներին: Ճիշտ է, Տիրոջ աշակերտները միշտ նրա հետ էին եւ հավատում էին, որ Հիսուս Աստծու ճշմարիտ Որդին է, սակայն իրենց մարդկային տկար զգայարաններով չէին կարողանում տեսնել այն աստվածային լույսը, որ  ներքուստ միշտ կար նրա մեջ:  Հիսուս իր պայծառակերպությամբ փաստեց նրանց, որ չնայած որպես մարդ է գործում երկրի վրա, սակայն իր մեջ անժխտելիորեն ապրում է նաեւ աստվածայինը, որը փայլեց իբրեւ լույս՝  ի տես աշակերտների, որպեսզի Տիրոջ հանդեպ ունեցած նրանց գերագույն հավատը, հույսը, սերը ավելի  զորանա, ամրանա եւ փոխանցվի ողջ մարդկությանը: Ահա այս երկնահրաշ պայծառակերպության ժամանակ էր, որ հայր Աստված, Հիսուսի մկրտությունից հետո, կրկին վկայակոչեց ու հավաստեց ճշմարիտ Որդու հանդեպ ունեցած իր հաճությունը:

Աշակերտները Սուրբ լեռան վրա իրենց տեսածը եւ լսածը, իրենց ունեցած մեծ հավատի լույսը փոխանցեցին մարդկությանը, ինչը մեր՝ քրիստոնյաներիս հոգում աստվածտեսության հույսն արթնացրեց եւ մեր սրտերն ուրախությամբ  լցրեց:  Ինչպես ասում է  Դավիթ մարգարեն. «Քո երեսի  լույսը  ծագեց  մեզ վրա եւ ուրախություն տվեց մեր սրտերին»:

Հիսուսի երկնատեսիլ կերպարանափոխությունը մեծ ուրախություն, ցնծություն  պատճառեց նաեւ այն մարդկաց, ովքեր փրկություն որոնելու ճանապարհին գտան, տեսան, հավատացին իրենց ճշմարիտ Փրկչին: Նա իջավ երկնքից, մարդկային մարմին առավ, դարձավ Աստվածամարդ: Աստված միացավ մարդուն, վերցրեց նրա սխալները եւ, հաղթելով դրանք, մարդու մեջ վերականգնեց աստվածային պատկերը, որով Աստված ստեղծել էր նրան: Այլ կերպ ասած՝ Հիսուս  վերականգնեց Ադամին, դրա համար էլ Հիսուսին անվանում են երկրորդ Ադամ: Այս միտքը մեր շարականագիրն արտահայտում է հիասքանչ բառերով.

 «Որ գերագույն փառքով պայծառացրեց առաջին Ադամին, ով (Ադամը) պտուղը ճաշակելով, անպատում փառքից մերկացավ, այսօր վերստին փառքով զարդարվեց»:

Հիսուսից ճառագած լույսը ողջ մարդկության փրկության լույսն էր: Այդ լույսով Հիսուս մի օր իջավ Հայաստան աշխարհ. «Էջ Միածինն ի Հօրէ եւ  լոյս փառաց ընդ նմա»:

Նա  իջավ հնամենի Վաղարշապատ եւ այնտեղ ոսկե մուրճով հաստատեց իր աղոթքի տան՝ Սուրբ  Տաճարի կառուցման վայրը: Երկնքից ճառագող լույսը տեսավ  Սուրբ Գրիգոր Լուսավորիչը եւ ավետեց Աստծու հաճությունը մեր ազգի հանդեպ:

Սիրելի’  հավատացյալներ, Պայծառակերպություն տոնը մեր ժողովրդի համար եւ հույսի, միասնականության, վերածնության տոն է:

Մեր ժողովուրդը, ինչպես բազմիցս իր պատմության ընթացքում, այնպես էլ այսօր,  դժվարին ու ճակատագրական օրեր է ապրում: Անկախության անհարթ, բայց  հաստատուն ուղին կոչում է նրան ազգային իդեալների իրականացման սուրբ  գործին: Այդ ուղին եւ՛ դժվար է, եւ՛ արժանապատիվ: Բայց մենք չպիտի ընկճվենք աոօրյա անցողիկ դժվարություններից, այլ բոլոր անլույս ու խավար օրերում մեր հոգու աչքերով պիտի տեսնենք աստվածային լույսը, անհուսության պահերը պիտի վանենք մեզնից եւ ոգեկոչվենք աստվածային սիրո եւ հույսի ներշնչումով:

Իսկ ինչպե՞ս պիտի տեսնենք աստվածային լույսը, Աստծուն: Հիսուս այս հարցին այսպես է պատասխանում. «Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք պիտի տեսնեն Աստծուն» (Մատթ. 5:8):

Այո′, մեր ժողովուրդը Հիսուսի պայծառակերպության խորհրդին հաղորդակից կարող է դառնալ սրտի ու հոգու մաքրությամբ, միասնականությամբ, միաբանությամբ, միմյանց հանդեպ ունեցած եղբայրական սիրով, ճշմարիտ հավատով: Այսօր մենք պետք է վերագտնենք մեր հոգու երբեմնի կորցրած խաղաղությունը, մեր կամքն ու հույսը: Ինչպես երջանկահիշատակ Գարեգին I Հայրապետն է ասում. «Թող վերածնվի մեր մեջ հոգին խաղաղության, սիրտը եղբայրության, կամքը միության»:

Արդ, եկեք մաքրենք մեր սրտերը չար մտքերից, միասնականորեն, ազգովի բարձրանանք մեր ազգի Թաբոր լեռը՝ Հայոց եկեղեցի՝ աղոթելու, բացելու մեր հոգու խորունկ անկյունները մեր Աստծու առաջ, մաքրագործվելու: Մենք միայն այդպե՛ս կտեսնենք Աստծուն, կպայծառակերպվենք նրա երեսի շողարձակած լույսով, կցնծացնենք մեր խռովահույզ սրտերը եւ նրան կփառաբանենք՝ ասելով.

«Քո երեսի լույսը ծագեց մեզ վրա եւ ուրախություն տվեց մեր սրտերին» եւ «Քեզ վայել է փառք, իշխանություն եւ պատիվ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս, ամեն»:

Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյան
Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s