Վայոց Ձորի թեմ

ՄԱՐՏԻՐՈՍ ԳՅՈՒՂԻ ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Advertisements

Այս գյուղը հնում էլ է կոչվել Մարտիրոս և, ինչպես վկայում է գյուղամիջի աղբյուր-հուշարձանի մոտ կանգնեցված  խաչքարի արձանագրությունը, գյուղը հիմնել է, ավելի ճիշտ վերաշինել է, Դեղկա  որդի Մխիթարը` իշխանաց իշխան Պռոշի և նրա որդի  Հասանի հրամանով` 1283 թվին: Իսրայել Օրու պապերը ենթադրվում են այս գյուղի բնակիչներ: Հայտնի են գյուղի մեջ և նրա սահմաններում  գտնվող հուշարձաններ:

Վանքը գտնվում է գյուղից 3 կմ դեպի հարավ-արևելք` ձորի աջ կողմում: Բաղկացած է երկու եկեղեցուց և մի գավթից, որոնք  ամբողջապես  փորված են ձորի քարափի մեջ:

Գլխավոր եկեղեցին, ըստ արձանագրությունների, կոչվում է Սբ. Աստվածածին: Այն փորել է տվել Մաթևոս վարդապետը` 1286 թվականին:

Եկեղեցու հատակագիծը ներսից քառակուսի է (6 x 6), վերևից թաղակապ է, կենտրոնում` գմբեթային մասով, կարճ թմբուկով և բութ  վեղարով: Գմբեթի ծայրից  բացվում է կլոր, փոքր լուսանցք: Գմբեթի հիմքը քառակուսի է` առագաստներով: Պատերը ներսից հարթ են: Արևելյան պատի մեջ փորված է  աբսիդ` մեծ բեմով,  կամարակապ խորշի ձևով: Մուտքն արևմտյան  կողմից է, որը բացվում է գավիթի մեջ: Արևմտյան կողմից ունի մի փոքր լուսամուտ:

Երկրորդ եկեղեցին գտնվում է հարավային կողմից նախորդին կից և նրա հետ հաղորդակցվում է հատուկ դռնով: Սա ևս կենտրոնագմբեթ համակարգի կառուցվածք է` խաչաձև հատակագծով, ուղղանկյուն խաչթևերով: Խաչթևերի միացման անկյունները գլանաձև կիասասյուների ձևով են, պարզ խոյակներով: Արևելյան խաչթևում շինված է ցածրիկ բեմ, որի երկու կողմերում հարավային և հյուսիսային խաչթևերի արևելյան պատերի մեջ փորված են մեկական խորաններ` կամարակապ խորշերի ձևով: Նման մեկական խորաններ էլ փորված են արևմտյան խաչթևերի հարավային և հյուսիսային պատերի մեջ` իրար դիմաց: Սրա գմբեթային մասը նույնպես հիմքում քառակուսի է` առագաստներով, կարճ թմբուկով և բութ վեղարով, կենտրոնում` փոքր, կլոր լուսանցքով` նախորդի նմանությամբ, բայց քիչ ավելի փոքր: Միակ փոքրիկ լուսամուտը արևելյան կողմից է` քարափի լանջից: Ըստ հարավարևելյան խորանի վերևում եղած արձանագրությունների` սա նույնպես կառուցվել է 1286թ-ին:

Գավիթը գտնվում է արևմտյան կողմից գլխավոր եկեղեցուն կից: Այս շատ ցածրիկ և փոքրիկ շենքը ունի 2×2 մ չափ: Պատերը հարթ են, տանիքը` քառակողմ, թաղակապ: Կենտրոնում ունի կլոր լուսանցք – երդիկ` գավիթներին հատուկ ձևով: Դուռը արևմուտքից է:

Մատուռը գտնվում է եկեղեցիների հարավային կողմում` քարափի անմիջապես եզրին: Քանդված է մատուռի կեսը: Պահպանված է տանիքի մի մասը, որը թաղակապ է:

Կան գերեզմաններ, 13-14-րդ դդ. բնորոշ խաչքարեր` պատվանդաններով: Վանքից վերև` ձորալանջին, կա մի մեծ քարայր, որը հայտնի է Ճգնավորի այր անունով: Հավանաբար ծառայել է որպես միաբանների բնակավայր: Վանքից 1կմ արևմուտք` դեպի գյուղ տանող ճանապարհի եզրին, պահպանվել է մի փոքրիկ գերեզմանոց, որի տապանաքարերը մեծ մասամբ տեղաշարժված են, և գերեզմանները փորված: Կա նաև մի մեծ խաչարձան` պայտաձև խաչքարով ու պատվանդանով: Վանքը կառուցող Մաթևոս վարդապետն է կանգնեցրել այն իր` Պետրոսի և իր ծնողների հիշատակին:

Գյուղի մեջ կան երեք մեծ գերեզմանոցներ: Դրանցից մեկը գտնվում է գյուղի հարավ արևելյան եզրին` բարձունքի վրա: Տափակ կողեր ունեցող գերեզմանաքարերի վրա կան կենցաղային և այլ զարդաքանդակներ` մինչև 15-16-րդ դդ. հասնող: 13-17-րդ դդ. պատկանող այս գերեզմանոցում  կան բազում խաչքարեր: Գերեզմանոցը զգալի ավերված է` մի մասը տեղահանված, մի մասը գետնի մեջ թաղված:

Երկրորդ գերեզմանոցը գտնվում է գյուղի արևմտյան եզրին: Այստեղ կան գերեզմաններ  նաև բնական  սալաքարերի ձևով: Սա գոյություն ունի 15-րդ դարից: Մինչև այժմ էլ այստեղ շարունակվում են թաղումները:

Երրորդ գերեզմանոցը եղել է գյուղի մեջ` եկեղեցու շուրջը: Այստեղ է գտնվում մի մեծ խաչքար,որը ստորին մասում հարթ է, վրան`  քանդակած նշաններ և գյուղի շինման մասին  արձանագրություն:

Արդի եկեղեցին կառուցված է հին եկեղեցու տեղում, հավանաբար 17-18-րդ դդ-ում:  Հին եկեղեցու  բեկորներից  հետաքրքիր է արևի ժամացույցը` եկեղեցու հարավային պատին:

Շենքը բավական մեծ է, կառուցված է եռանավ բազիլիկ ձևով: Ներսում ունի 4 մույթեր, ծածկը թաղակապ է:  Արևելյան կողմից ունի կիսակլոր աբսիդ` բարձր բեմով, որի երկու կողմերում կան խորաններ:

Վերին լիճ գյուղատեղին

Գտնվում է   Մարտիրոսից մոտ 2,5 կմ  դեպի արևելք ընկած լեռնաշղթայում: Սա  գուցե պատմական  Հողոցիմ (ք) գյուղն է, որը հիշվում է 5-րդ դարից: Այդ գյուղից էր Հայոց կաթողիկոս Հովսեփ  Երեցը, որը մասնակցեց Ավարայրի ճակատամարտին: Այդ գյուղից էր նաև 10-րդ դ. Մեսրոպ պատմիչը:

Գյուղատեղում պահպանվել են  դռների և քարաշար պատերի հետքեր, ինչպես և մեծ ձիթհանի պատերի  մնացորդները, որոնք շարված են անտաշ որձաքարով, շենքի ներսում` դիտապատը գրավող մեծ քարը:

Գերեզմանոցը տարածվում է  գյուղատեղի  հարավային եզրին: Այս  գյուղատեղի մոտ է Սբ. Հովհաննես կոչվող մատուռը: Նման երկու  մատուռ-ուխտատեղի էլ կան  վերոնշյալ գյուղից քիչ դեպի հարավ-արևելք` լեռնաշղթայի ստորոտում, Չումով լիճ կոչվող բարձրունքի վրա: Մատուռներից մեկը կոչվում է Գայանե, մյուսը` Հռիփսիմե: Սրանք բոլորն էլ նոր են: Հռիփսիմե մատուռի ներսում դրված են երեք խաչքարեր, որոնցից երկուսը`  աբսիդի եզրին, երրորդը` աբսիդի մեջ:

Մի ուրիշ  գյուղատեղ էլ գտնվում է  Մարտիրոսից մոտ  2,5 կմ դեպի հյուսիս` Աշուղի-Չայիներ կոչվող դաշտամասում: Այժմ վերածվել է  վարելահողերի և խոտհարքների: Տեղում պահպանվել են առանձին տների քարաշար պատերի հետքերը` քարակույտերի ձևով:

Advertisements