ՄԱԼԻՇԿԱ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ՄԱՍՆԱԿՑԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ


Օգոստոսի 10-ին՝ ժամը 17:00-ին, Մալիշկա համայնքում տեղի ունեցավ Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված (1979թ.) և այս տարի հիմնովին վերանորոգված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի գլխավորությամբ, զինվորական, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի,  բարերարների մասնակցությամբ վետերանները բարձրացան Մալիշկայում Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձանի մոտ, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին, որին մասնակցեցին նաև համայնքի բազմաթիվ բնակիչներ:

 Մասնակիցները պարտքի զգացումով էին բարձրանում զոհվածների պատվին կառուցված հուշակոթող` զարդարելով այն թարմ ծաղիկներով ու ինքնաբերաբար մրմնջում իրենց սրտի խոսքը. «Խոնարհվում ենք Ձեր առջև, հավատացեք, որ  ձեր հիշատակը միշտ վառ կպահենք»:

Այդ հուշարձանը վերանորոգվել է մոսկվայաբնակ մալիշկացի բարերարների միջոցներով: Հուշարձանի հանդիսավոր բացումն սկսվեց Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի օրհնությամբ, որից հետո ելույթ ունեցան ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Մալիշկայի համայնքապետ Մհեր Մովսիսյանը, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր- Գրիգորյանը, Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, բարերարներ Հայկ Դովլաթյանը, Սամվել Աբրահամյանը և այլք:

Այնուհետև պարգևների ու հուշանվերների արժանացան պատերազմի վետերաններ Համազասպ Խաչատրյանը, Աշոտ Պետրոսյանը և Սիրեկան Զաքարյանը, իսկ բարերաներն ստացան պատվոգրեր:

Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի «Պատմություն» առարկայի ուսուցիչ Գևորգ Սարգսյանը ներկայացրեց Հայրենական Մեծ պատերազմի ընթացքի և Մալիշկա համայնքի գյուղացիների մասնակցությունը այդ աշխարհամարտին: Նա իր խոսքում մասնավորապես ասաց. «Մեծարգո՛ հյուրեր, վետերաններ, հարգելի՛ համագյուղացիներ, այսօր ինձ առիթ է ընձեռվել անդրադառնալ Հայրենական Մեծ պատերազմին և մալիշկացիների մասնակցությանը այդ աշխարհամարտին:

This slideshow requires JavaScript.

….Պատերազմի ընթացքում Հայաստանը երկրին մատակարարում էր կաուչուկ, պղինձ, կարբիդ: Յուրացվեց ականանետ, հրացաններ, նռնակներ, ականներ, պայթուցիկ նյութեր արտադրելը: Մոտ 216 մլն ռուբլի նվիրեցին պաշտպանության ֆոնդին, աշխատավորների միջոցներով կառուցվեցին տանկային շարասյուներ, ավիաէսկադրիլիաներ, արտաշատցիների միջոցներով կառուցվեց «Խորհրդային Հայաստան» զրահագնաց, ռազմաճակատ ուղարկվեց ավելի քան 200 հազար ծանրոց: Կազմակերպվեցին մի քանի հայկական դիվիզիաներ՝ 390-րդ, 408-409-ը և 89-րդ Թամանյան դիվիզիան, որը հաղթանակած հասավ մինչև Բեռլին: Այդ տարիներին Հայաստանի բնակչությունը 1մլն 282 հազար էր, իսկ ԽՍՀՄ-ի մյուս հանրապետություններում ապրում էր ևս 870 հազար հայ, այլ խոսքով՝ հայերի ընդհանուր թիվը մոտ 2մլն էր: Պատերազմի ժամանակ հայ մարտիկների և հրամանատարների թիվը հաշվվում էր մոտ 440 հազար: Թշնամու դեմ պայքարի կազմակերպմանը ակտիվորեն մասնակցեց նաև եկեղեցին, որի շնորհիվ 1945թ. ապրիլի 19-ին Ստալինը Մոսկվայում ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղապահ Գևորգ Չորեքչյանին, որը երկրի ղեկավարի մոտ առաջ քաշեց լուծման կարևոր հարցեր՝ հայկական հարցեր՝  հայկական հողերի պահանջը, սփյուռքահայերի վերադարձի թույլտվություը և այլն:

Հայ ժողովրդի մեծ թվով զավակներ հրամանատարական ամենատարբեր պաշտոններ էին զբաղեցնում Կարմիր բանակում: Պատերազմի ընթացքում աճեցին մարշալներ և գեներալներ: Նրանց թիվն անցնում էր 60-ից: 107 հայորդիներ արժանացան պետական բարձրագույն պարգևի՝ Խորհրդային Միության հերոսի կոչման, իսկ օդաչու Նելսոն Ստեփանյանը Խորհրդային Միության կրկնակի հերոս էր:

Հիշենք հայազգի մարշալներին՝ Հովհաննես Քրիստաֆորի Բաղրամյան, Հովհաննես Իսակով, Համազասպ Բաբաջանյան, Արմենակ Խամփերյանց: Խորհրդային պարտիզանների շարքում քիչ չէին նաև հայ ժողովրդի զավակները: Նրանք պարտիզանության էին դիմել՝ փախչելով համակենտրոնացման ճամբարներից և հայկական լեգեոնից: Հայկական լեգեոնը կազմակերպվել էր 1942թ. Ազգային գործիչներ Դրոյի, Արտաշես Աբեղյանի, Գարեգին Նժդեհի կողմից: Այդ գործիչները լեգեոնի միջոցով ձգտում էին ֆաշիստական հնարավոր ճնշումներից պաշտպանել հայ ժողովրդին, եթե պատերազմը ավարտվեր Գերմանիայի հաղթանակով:

Հայ պարտիզանները գործել են Ֆրանսիայում (Միսաք Մանուշյանի գլխավորությամբ), Հոլանդիայում, Լեհաստանում, Հունաստանում, Իտալիայում, Չեխոսլովակիայում և այլ երկրներում:

Տեղին է նշել, որ պատերազմի ժամանակ վերածնվեց Թուրքիայում համաթուրանական ծրագիրը: Գերմանիայի հաղթանակի դեպքում «Մեծ Թուրքիան» ընդգրկելու էր Կովկասը,Ղրիմը, Միջին Ասիան: Թուրքիան իր սահմանի վրա կենտրոնացրել էր 26 դիվիզիա և սպասում էր Ստալինգրադի ճակատամարտի ելքին, որպեսզի հարձակվի ԽՍՀՄ-ի վրա: Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի կործանարար հետևանք կունենար հայ ժողովրդի համար թուրքական հարձակումը: Նորից հայ ժողովուրդի վրա կախված կլիներ նրա մեծ հատվածի ցեղասպանության վտանգը: Ուրեմն կեցցե՛ հաղթանակը, կեցցե՛ խաղաղությունը, որը տիրեց 1945թ. մայիսից:

Հայրենական Մեծ պատերազմին իր ակտիվ մասնակցությունն է ցույց տվել նաև Մալիշկայի բնակչությունը: Գյուղում այդ տարիներին կար 800 ընտանիք (2500 բնակիչ): Գործող բանակ զորակոչվեց 674 հոգի: Գյուղում մնացին 1800 մարդ, որոնց կեսն էր չափահաս, մնացածը կանայք ու ծերեր էին: Եվ այդ սակավաթիվ աշխատուժով նրանք մշակեցին հողը, պահեցին անասուններ, ստացած բերքի մի զգալի մասը հանձնեցին պետությանը: Չէ՞ որ պատերազմական վիճակում գտնվող երկիրը բազմաթիվ հոգսեր ուներ՝ բանակին կերակրել, առողջապահական և կրթական համակարգերը պահպանել, արդյունաբերությունը անխափան աշխատեցնել, հատկապես ճակատամարտին ռազմամթերք, պարեն և տաք հագուստ, հարդերձանք մատակարարել:

Պատերազմի ժամանակ ինչպես թիկունքում, այնպես էլ մարտական դաշտում մալիշկացիները պատվով կատարեցին իրենց պարտքը հայրենիքի հանդեպ: Բանակ զորակոչվածներից շատ-շատերը ոչ միայն բազմաթիվ շքանշանների են արժանացել, այլև պատերազմի տարիներին սովորել, սպայական կոչումներ են ստացել ու պատվով կատարել իրենց պարտականությունները համապատասխան զորամիավորումներում:

Գործող բանակ զորակոչված մալիշկացիներից 218-ը այլևս տուն չդարձան, զոհվեցին կամ անհետ կորան:

Մալիշկայի երախտագետ բնակչությունն իր հավաքած դրամական միջոցներով հուշարձան կառուցեց գյուղի նոր դպրոցի մոտ՝ ի պատիվ Հայրենական Մեծ պատերազմի մասնակից մալիշկացի մարտիկների:

Իսկ այսօր մոսկվայաբնակ մալիշկացի բարերարների միջոցներով բարեկարգվել է հուշարձանի հարող տարածքը, որի համար մեր երախտագիտությունն ու շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ, սիրելի՛ բարերաներ:

Չմոռանա՛նք պատերազմի մասին, քանզի քանի հիշում ենք, ուրեմն պատերազմ չի լինի»:

Հուշարձանի պաշտոնական բացման ավարտից հետո սկսվեց երաժշտական միջոցառում, որի ընթացքում ելույթ ունեցան «Սայաթ-Նովա» մշակութային միության Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց ձորի մասնաճյուղի սաները՝ ղեկավարությամբ միջազգային մրցույթների դափնեկիր, մեդալակիր Սամվել Գրիգորյանի, «Մալիշկա» պարային համույթը՝ ղեկավարությամբ Դ. Մարտիրոսյանի, Զոյա Սարգսյանը, ով վերջերս Հայաստանի դպրոցներում անցկացված «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական 2-րդ փառատոնում հատուկ մրցանակի է արժանացել, Արտակ Պետրոսյանը և այլք:

Տոնական միջոցառումն ավարտվեց հրավառությամբ:

Սիրան Սարգսյան
Վայոց Ձորի թեմի
լրատվության բաժին

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s