ԱՂՈԹՔ ԱՌ ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆՆ


Աստուածածի՛ն, մա՛յր Քրիստոսի եւ ծնո՛ղ միածնին Հաւր, բարձո՛ղ անիծից եւ պարծանք ազգի մարդկան, յերկնային զաւրացն երանեալ եւ ի հողեղինացս աւրհնաբանեալ, միջնո՛րդ Աստուծոյ եւ մարդկան եւ հաշտարա՛ր Հաւր ընդ արարածս, թա՛գ եւ պսակ կուսից եւ համարձակ բարեխաւս վասն մեղաւորաց, մեղուցեալս յամենայնի անկանիմ առաջի քո եւ աղաչեմ իբրև զնոյն ինքն զմարմնացեալն ի քէն, բարեխաւսեա՛ վասն իմ առ Բանն Աստուած, զոր ծնար մարմնով, զոր կերակրեցեր՝ զկերակրիչն ամենայնի եւ ամենայն կենդանեաց: Աղաչեա՛ վասն իմ զանդրանիկն քո, կա՛ց կանգուն առաջի նորա ցուցմամբ սուրբ ստեանցդ, կացո՛ առաջի նորա միջնորմ եւ բարեխաւս զմանկութիւն իւր, զկաթամբ սնանիլն որպէս մանուկ, զուսով բառնիլն, զգրկաւք գգուիլն, զշրթամբք համբուրիլն, զողջագուրելն որպէս տղայ, զերթեւեկելն քո ընդ նմա յԵգիպտոս եւ ի Նազարէթ եւ յամենայն տեղիս, զտրտմութեամբ տառապիլն վասն դորա ի ժամ չարչարանացն, զյանձնարարութիւնն քո առ Յովհաննէս՝ յորժամ հեղուսեալ կայր վշտաւք ի վերայ խաչին, զդառն արտասուք քո, զոր վտակաւրէն հեղուիր՝ յորժամ տեսանէիր զնա վտանգեալ ի վերայ խաչին: Վասն որոյ մատնի ի դատաստան՝ տառապէիր կսկծակոծ, վասն չարաչար չարչարանացն, վասն սաստիկ ծարաւմանն, վասն ճաշակման լեղւոյն եւ քացախին, վասն տեսանելոյն զքրքմատեսակ արիւնն իջեալ, վասն իջուցանելոյն ի խաչէն արիւնազանգ մարմնովն, վասն դիազարդիկ դնելոյն ի սուրբ գերեզմանն:

Աղաչեմ զքեզ, Մայր լուսոյ, հայցեա՛ վասն իմ զթողութիւն մեղաց, դի՛ր աղերս աղաչանաց առաջի նորա զամենայն կիրս չարչարանացն իւրոց, զի վասն իմ կրեաց բարերարն եւ մարդասէրն: Յիշեցո՛, սուրբ կո՛յս, զայսքան չարչարանքս, զի թերեւս ողորմեսցի եւ ներեսցէ բազմամեղիս, եւ ջնջեսցէ զձեռագիր յանցանաց իմոց, եւ իւրով անմեղ մատամբն եւ սուրբ արեամբն դրոշմեսցէ զդեգերեալս ի դպրութիւն կենացն անվախճանից առ ամենայն սուրբս իւր, զի ընդ նոսին փառաւորեցից զամենասուրբ զԵրրորդութիւնն՝ զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգի. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

 

Թարգմանություն

ԱՂՈԹՔ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ

Աստվածածի՛ն, Քրիստոսի մայր և Հոր Միածնի ծնող, անեծքները վերացնող և մարդկային ցեղի պարծանք, քեզ երանի են տալիս երկնային զորքերը և օրհնում ենք հողեղեններս, Աստծո և մարդկանց միջնորդ, Հորը հաշտեցնող արարածներիս հետ, կույսերի թագ ու պսակ և համարձակ բարեխոս մեղավորների համար: Ամեն ինչով մեղավորս ընկնում եմ քո առջև և աղաչում իբրև նույն ինքը՝ քեզնից մարմնացածը, բարեխոսիր ինձ համար Բան Աստծու առջև, որին ծնեցիր մարմնով, որին կերակրեցիր՝ բոլորի և բոլոր կենդանյաց կերակրիչին:

Ինձ համար աղաչիր քո անդրանիկին, կանգնի՛ր նրա առջև՝ սուրբ ստինքներդ ցույց տալով, նրա առջև միջնորդ ու բարեխոս դարձրու իմ մանկությունը, կաթով սնվելը որպես մանուկ, ուսիդ առնելը, գրկով գգվելը, շրթներով համբուրելը, ողջագուրելն իբրև մանկան, քո գնալ-գալը նրա հետ Եգիպտոս և Նազարեթ և ամենուր, նրա համար տրտմությամբ տառապելը չարչարանքի ժամին, քեզ Հովհաննեսին հանձնարարելը, երբ խաչի վրա վշտով գամված էր, և քո դառն արտասուքը, որ վտակի պես հեղում էիր, երբ տեսար նրան խաչի վրա վտանգված: Քանի որ մատնվեց դատաստանի՝ տառապում էիր կսկիծով չարաչար տանջանքների համար, սաստիկ ծարավելուն, լեղի ու քացախ ճաշակելուն, քրքմնագույն արյան իջնելը տեսնելով, խաչից արնաներկ մարմինն իջեցնելիս, դիազարդած սուրբ գերեզմանը դնելիս:

Աղաչում եմ քեզ, Լույսի մայր, ինձ համար մեղքի թողություն խնդրիր, նրա առջև դիր աղերս ու աղաչանք՝ /հիշեցնելով/ նրա կրած չարչարանքները, որ ինձ համար կրեց բարերարն ու մարդասերը: Սուրբ կույս, հիշեցրո՛ւ այսքան չարչարանքս, որ թերևս ողորմի և ներե բազմամեղիս, և ջնջե իմ հանցանքի գիրը, և իր անմեղ մատով ու սուրբ արյունով դրոշմե դեգերածիս անվախճան կյանքի մատյանում, իր բոլոր սրբերի մոտ, որ նրանց հետ փառավորեմ ամենասուրբ Երրորդությունը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Հովհաննես Գառնեցի, Աղոթագիրք, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2008թ., էջ 52-55:

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s