ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԴԵՐԸ ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԿԵՐՏՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ


Հայոց Եկեղեցու դերը հայ ժողովրդի ազգային ինքնության և պահպանության գործում լավագույնս երևում է հայ ժողովդի կողմից Հայոց Եկեղեցու տրված ազգային եկեղեցի բնորոշման մեջ:

Միայն ազգային եկեղեցին է, որ կարող է պահպանել ազգային ինքնությունը, ոչ թե հակադրության մեջ մտնել ազգայինի հետ, այլ հոգևոր դրոշմը դնելու հոգևոր մի նոր փայլ հաղորդել ազգային արժեքներին: Այս իրողությունը նկատի ունենալով է, որ Նիկոլ Աղբալյանը գրում է, թե չորրորդ դարում Հայաստանը քրիստոնեացավ, իսկ հինգերորդ դարում քրիստոնեությունը հայացավ:

Հայոց Եկեղեցին ազգային է անվանվում ոչ միայն այն պատճառով, որ մեր եկեղեցու հավատացյալների գերակշիռ մասը հայ ժողովրդի զավակներն են, այլև որովհետև սերտորեն միահյուսված է հայ կյանքին, հավաքական արտահայտությունն է հայ միջնադարյան արվեստի, դպրության, և ներառել է անգամ նախաքրիստոնեական շրջանի բոլոր այն տարրերը, որոնք կենսունակ էին և շարունակեցին կենցաղավարել նոր վարդապետության շրջանակում: Այսպիսով, Հայոց Եկեղեցին ժամանակային առումով ներկայացնում է հայոց պատմության ողջ ընթացքը, իսկ տարածական առումով հայկական ողջ  լեռնաշխարհը և հայկական գաղթավայրերը:

Ինչպես գրում է մեր եկեղեցու նոր շրջանի հոգևորականներից Գարեգին կաթողիկոս Հովսեփյանը.<<Հայոց եկեղեցին ազգային եկեղեցի է գերազանցապես, յուր հոտն ամբողջությամբ հայերից կազմված, յուր լեզվով, գրականությամբ, արվեստով, ժամերգությամբ և հոգևոր կյանքով, բնականաբար նաև անցյալով և պատմությամբ, շաղկապված հայ ժողովրդի հետ>>:

Պատահական չէ, որ հայ կյանքում ամենամեծ ընդգրկումը և ներկայացուցչությունը ունեցել են այն ժողովները, որոնք գումարվել են երկրի աշխարհիկ ու հոգևոր իշխանների մասնակցությամբ, և ինչպես մեր պատմիչներն են գրում, նման ժողովներն անվանվել են աշխարհաժողովներ:

Հայոց Եկեղեցու ազգային եկեղեցի լինելն առավել ցայտուն է արտահայտվում, երբ եկեղեցուն տրված բնորոշումները դիտարկում ենք հայր և մայր բառերով կազմված բառաբարդություններում: Մեր ժողովուրդն ասում է Մայր հող, Մայր հայրենիք, Մայր Հայաստան, Մայրենի լեզու, Մայր եկեղեցի և Մայր Աթոռ: Այսպիսով, Հայոց Եկեղեցին և Ս. Էջմիածինը դիտարկվում են ժողովրդի համար նախասկզբային և նվիրականագույն համարվող գլխավոր հասկացությունների շրջանակում:

4-5-րդ դարերում հայ կյանքի լուսավորության ընթացքի ջահակիրները եղան Ս. Գրիգորը՝ որպես հոգիների լուսավորիչ, ով քրիստոնեության լույսը տարածեց հայ կյանքից ներս, Ս. Ներսեսը՝ սրտերի լուսավորիչ, ով հայ կյանքից ներս տարածեց քրիստոնեական բարոյակակությունը, գթասրտությունը և ընդհանրապես կենցաղավարությունը, և վերջապես Ս. Մեսրոպն ու Ս. Սահակը՝ որպես մտքերի լուսավորիչ, հայոց գրերով վառելով հայ մշակույթի նախորդ դարերից եկող կերոնի լույսը:

Երջանկահիշատակ Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի բնորոշմամբ.<<Հայ ժողովրդի քրիստոնեական հավատքը ծնունդ տված է նաև հայ մշակույթին: Հայ լեզուն և գրականությունը, սկսած մանավանդ հինգերորդ դարեն, հայ ճարտարապետությունը, հայ քանդակագործությունը, հայ մանրանկարչությունը, հայ հոգևոր երաժշտությունը, հայ հանճարի այս վավերական արժեքները, հայ ժողովրդի կառուցած ոգեղեն տաճարը կհանդիսանան՝ շաղախված Քրիստոսի Ավետարանի լույսով>>:

Այսպիսով, Տրդատ Մեծ–Սուրբ Գրիգոր գործակցությամբ սկսած շարժումը շարունակվեց գրերի գյուտի ժամանակ Վռամշապուհ-Սահակ Պարթև-Մեսրոպ Մաշտոց երրորդությամբ, եկեղեցական և դպրության մարզերից հետո իր լրումին հասնելով հավաքաբար Վարդանանց անվանվող շարժմամբ: Մի շարժում, որում իրար էին միահյուսված հայ հոգևորականությունը և նախարարները:

Ընդհանրապես նկատելի  է, որ մեր պատմության ամենափառավոր էջերը գրվել են հայոց  հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների համատեղ գործակցությամբ, և անհնար է տարանջատել ու ասել, թե այդ էջերից որն է Հայոց պատմությանը պատկանում և որը Հայոց  եկեղեցու պատմությանը: Եվ ընդհանրապես, մեր եկեղեցու և ժողովրդի պատմությունը այնպես սերտորեն է միահյուսված, որ առանձին-առանձին հնարավոոր չէ դրանք ներկայացնել, որովհետև հայ ժողովրդի պատմության ընթանցքի շարադրումը  մի զգալի մասով վերածվում է Հայոց եկեղեցու պատմության ընթացքի և հակառակը՝ Հայոց եկեղեցու պատմությունը ոչ միայն ստուգաբանվում է հայոց պատմության  ընդհանուր ընթացքի մեջ, այլև, ըստ էության, հաճախ նույնանում է նրա հետ:

Ահա այս պատճառով է, որ մեր եկեղեցու խոշորագույն գործիչներից Մաղաքիա պատրիարք Օրմանյանն իր եռահատոր կոթողային գործն անվանել է <<Ազգապատում>>, ուր ազգ բառի ներքո ներկայացվում է հայ ժողովրդի պատմությունը՝ ըստ հայոց կաթողիկոսների գահակալության ժամանակագրության: Continue reading

Advertisements

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑ ՆՈՐԱՎԱՆՔՈՒՄ


Սույն թվականի օգոստոսի 21-ին Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Չեխիայի Կարլովի Վարիի նահանգապետին, քաղաքապետին, Վայոց ձորի մարզպետին, Ջերմուկի քաղաքապետին և պաշտոնական այլ անձանց Նորավանքում հյուրընկալեց Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը:

This slideshow requires JavaScript.

Նորավանքի թանգարանում հյուրերը ծանոթացան վանական համալիրի պատմությանը, ապա շարժվեցին՝ մոտիկից դիտելու համալիրի եկեղեցիներն ու սրբավայրերը:

Սրբավայրերում մոմավառությունից հետո նրանք մեծ տպավորություններով գնացին Նորավանքից: