Վայոց Ձորի թեմի Երիտասարդաց միությունը սեպտեմբերի 7-ին կազմակերպեց ուխտագնացություն դեպի Գեղարքունիքի և Լոռու մարզեր: Ուխտավորների խումբը նախ այցելեց Հայրավանքի Ս. Ստեփանոս եկեղեցին, որը կառուցվել է 4-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից:
Ուխտավորներին պատմեցին կաթողիկոս Ղազար Ա Ջահկեցու գրի առած մի ավանդություն, ըստ որի` 1381թ–ին` Լենկթեմուրի արշավանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Հովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով` խաչի զորությամբ, բռնակալի գերեվարած հազարավոր հայերի փոխակերպել է աղավնու և ազատ արձակել:
Այնուհետև ուխտավորներն այցելեցին Սևանավանքի վանական համալիր: Այնտեղ նրանց դիմավորեց Վազգենյան հոգևոր ճեմարանի սան Էդմոն դպիր Հովսեփյանը, ով ներկայացրեց Ս. Առաքելոց և Ս. Աստվածածին եկեղեցիների ստեղծման պատմությունը: Այնուհետև ուխտավորները, շարունակելով իրենց ճանապարհը, հասան Ախթալայի Ս. Աստվածածին եկեղեցի:
Ախթալայի վանական համալիրը Հայաստանի ուղղափառ վանքերից է: Այս համալիրը նաև աչքի է ընկնում իր ճարտարապետությամբ, գեղատեսիլ բնապատկերներով և առեղծվածային լեգենդներով: Համալիրում նրանց դիմավորեց տեր Վիգեն քահանա Ղազարյանը: Նա օրհնեց ուխտավորներին, այնուհետև բոլորը միասնաբար աղոթք հղեցին առ Աստված, և շարականի երգեցողության հնչյունները տարածվեցին եկեղեցում:
Այդ ուխտագնացությունը վառ ու անմոռանալի զգացումներ պարգևեց ուխտավորներին, որոնք դեռ երկար կմնան նրանց սրտերում:
Վայոց ձորի թեմի
Երիտասարդաց միություն