Վայոց Ձորի թեմ

ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆԸ ԱՐԿԱԶԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ՎԱՆՔՈՒՄ

Advertisements

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: 

Սեպտեմբերի 15-ին Արկազի Սուրբ Խաչ վանքում այս տարի առանձնակի հանդիսավորությամբ ու մեծ շուքով նշվեց Խաչվերացի տոնը:

Խաչվերացը Վայոց ձորի տարածքում համարվում է Սբ. Խաչ վանքի ուխտի օր, ինչը հատկանշական է նրանով, որ վանքի հարավ-արևելյան ավանդատանն ամփոփված է Հիսուս Քրիստոսի  խաչելության փայտի մասունք, ինչի պատճառով էլ վանքը կոչվում է Սուրբ Խաչ:

Խաչվերացին նախորդող շաբաթ երեկոյան Սբ. Խաչ վանքում, գլխավորությամբ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի, տեղի ունեցավ կիրակնամտից ժամերգություն:

Հաջորդ օրը Խաչվերացի տոնի առիթով ուխտագնացություն կազմակերպվեց դեպի Սուրբ Խաչ վանք: Տարբեր մարզերից և Վայոց ձորից ուխտի եկած բազմաթիվ ուխտավորներ, Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանի, Սևանի Վազգենյան դպրանոցի տեսուչ Տ. Հարություն աբեղա Կիրակոսյանի, Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի, Նորավանքի խորհրդակատար քահանա Տ. Սեպուհ Հարությունյանի, Սևանի դպրանոցի սաների ու դպրաց դասի գլխավորությամբ Մալիշկա գյուղի մոտակայքից, շարականներ երգելով, եկան Սուրբ Խաչ վանք:

Այնուհետև մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց «Թող Քո Խաչը ապավեն լինի մեզ, Տեր Հիսուս» բնաբանով: Հոգեշնորհ Հայր Սուրբը հավատացյալներին ներկայացրեց տոնի պատմությունը, ինչն անմիջականորեն կապված է վանքի պատմության հետ, խոսեց Խաչի սրբազան խորհրդի, նշանակության ու դերի մասին մեր կյանքում, ապա ներկայացրեց սեպտեմբերի 24-27-ը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում գումարվելիք Եպիսկոպոսաց Ժողովի մասին: Հայր Սուրբը կոչ արեց միասնականորեն աղոթել առաջիկա ժողովի արդյունավոր ընթացքի համար, աղոթել մեր ժողովրդի, մեր հայրենիքի, մեր Եկեղեցու, մարզային իշխանությունների` ի դեմս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ու նրա բարենորոգ գործունեության համար, եկեղեցի կառուցողների, ի մասնավորի՝ Սուրբ Խաչ վանքի վերակառուցման բարերարների` Վարդան և Ռուզաննա Հայրապետյանների:

Վերջում պատարագիչ Հայր Սուրբը մաղթեց, որ Տիրոջ նվիրական Սուրբ Խաչը և Խաչի մասունքը կրող Սբ. Խաչ նշանավոր վանքը պահապան և զորավիգ լինի մեր ազգին, մեր ժողովրդին և Ամենակալ Աստված իրականացնի ուխտավոր ժողովրդի ուխտը:

Այնուհետև տեղի ունեցավ Խաչվերացի հանդիսավոր թափոր՝ գլխավորությամբ  Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի: Հոգևորականաց դասի, դպիրների, հոգևոր դպրանոցի սաների, հարյուրավոր ուխտավորների ուղեկցությամբ վանքի բակում շարականների և ավետարանների երգեցողության ներքո կատարվեց Անդաստանի կարգ:

Արարողության ավարտին Ծաղկյալ Խաչը խորհրդանշող ծաղիկները բաժանվեցին ուխտավորներին:

Այնուհետև տեղի ունեցավ Վայոց Ձորի թեմի Երիտասարդաց միության կողմից պատրաստած հայտագիրը:

Մշակութային հանդիսության սկզբում ելույթ ունեցան ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը և Տ. Վազգեն քհն. Հովհաննիսյանը, ապա թեմի Երիտասարդաց միության անդամները ներկայացրին Սբ. Խաչ վանքի պատմությունը և Խաչվերացի տոնի ու Խաչի խորհուրդները:

Ժողովրդական տոնախմբության ընթացքում ելույթ ունեցան «Սայաթ-Նովա» մշակութային միության Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց ձորի մասնաճյուղի սաները՝ ղեկավարությամբ միջազգային մրցույթների դափնեկիր, մեդալակիր Սամվել Գրիգորյանի և «Գլաձոր-Տաթև» ու «Շատին» ազգագրական պարի համույթների սաները` ղեկավարությամբ Էդգար Հասրաթյանի:

Վերջում տեղի ունեցավ մատաղի օրհնություն և վանքում գտնվող ուխտավորներին տրվեց սիրո ճաշ:

 Թեմի կողմից հրավիրվել էր «Շողակաթ» հեռուստաընկերությունը, որը տոնի օրը լուսաբանեց տոնակատարությունը:

Այդ օրվա ողջ լայնածավալ հանդիսության հովանավորներն էին Սբ. Խաչ վանքի վերակառուցման բարերարներ Վարդան և Ռուզաննա Հայրապետյանները, որոնց հիմնադրած «Վարս» բարեգործական ընկերության միջոցներով հոգացել էին կազմակերպչական բոլոր հարցերը:

Առիթից օգտվելով` մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ազնիվ բարերարներին և մաղթում, որ Ամենակալ Տերն իր Սուրբ Խաչով օրհնի և պահպանի նրանց ու նրանց բազում ազգանվեր և եկեղեցաշեն ծրագրեր իրականացնի:

Սբ. Խաչ վանքում հավաքված բազմաթիվ ուխտավորները, հաղորդակից լինելով հոգեպարար այս արարողություններին, ուր խաչված էին միմյանց քրիստոնեությունն ու մեր ազգային էությունը, մեծ խանդավառությամբ ու հոգեպես զորացած, Տիրոջ Խաչի զորությամբ լցված, Աստվածատուր օրհնությունը տարան իրենց ընտանեկան հարկից ներս:

Թող Սուրբ Խաչը խաղաղության մեջ պահի, պահպանի մեր Սուրբ Եկեղեցին, Հայրենիքը մեր սրբազան և քաջարի ժողովրդին:

Թող Սուրբ Խաչ վանքը ի կատար ածի բոլոր ուխտավորների ուխտը:

Սիրան Սարգսյան
Վայոց Ձորի թեմի
լրատվության բաժին

Advertisements