Վայոց Ձորի թեմ

Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման ներկայացուցչական ժողովի ընդլայնված նիստ Մայր Աթոռում

Advertisements

Սեպտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.О.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ ՀԵԵՄ ընդհանուր հոգեւոր պատասխանատու, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միավորման ներկայացուցչական ժողովի ընդլայնված նիստ:

Ժողովին մասնակցում էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան 12 թեմերի երիտասարդաց միությունների(ԵՄ) ներկայացուցիչներ, ՀԵԵՄ հոգևոր պատասխանատու Տ. Եղիշե վարդապետ Ավետիսյանը եւ կենտրոնական գրասենյակի տնօրեն Գևորգ Մկրտչանը, «Լուսավորչի կանթեղ» եկեղեցասիրաց միության հոգևոր պատասխանատու Տ. Դերենիկ աբեղա Սահակյանը, Արարատյան Հայրապետական թեմի  ԵՄ-ների  հոգեւոր պատասխանատու և «Արարատ» ԵՄ-ի հոգևոր հովիվ Տ. Պետրոս քահանա Մալյանը:

Նիստին նախ քննարկվեցին ՀԵԵՄ 2014 թ.-ի Պատգամավորական 3-րդ ժողովի նախապատրաստական աշխատանքների իրականացմանն առնչվող հարցեր: Ժողովի կազմակերպման նպատակով որոշվեց ստեղծել Գործադիր մարմին:

Ժողովը քննարկեց նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ՀԵԵՄ միջոցառումների կազմակերպական հարցերը՝ հիմնականում անդրադառնալով ապրիլի 23-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում մատուցվելիք Ս. Պատարագի արարողությանը: Ծրագրի մանրամասների քննարկման համար որոշվեց առաջիկայում  գումարել թեմերի ԵՄ-ների ատենապետների ներկայացուցչական ժողով: Նիստի ընթացքում քննության առնչվեցին ՀԵԵՄ կանոնադրությանն առնչվող հարցեր:

Կանոնադրության ամբողջացման և լրամշակման համար որոշվեց ստեղծել քննական հանձնաժողով: Հանձնաժողովի լրամշակած ՀԵԵՄ կանոնադրության վերջնական տարբերակը կներկայացվի ՀԵԵՄ 3-րդ Պատգամավորական ժողովի հաստատմանը:

Ժողովի օրակարգում էին նաև ՀԵԵՄ անդամների և Երևանի ու մարզերի համալսարանների ուսանողների միջև համագործակցությանն ուղղված ծրագրեր: Ժողովականները կարևոր նկատեցին ուսանողների մասնակցությունը հոգևոր միջոցառումներին, ԵՄ-ներում  կազմակերպվող տարաբնույթ հոգևոր հանդիսություններին, ինչը ուսանողներին հաղորդակից կդարձնի եկեղեցական ծեսերին ու խորհուրդներին, կնպաստի քրիստոնեական արժեհամակարգի ընկալմանը:

Վայոց ձորի թեմի
Երիտասարդաց միություն

Advertisements