Վաղը Սբ. թարգմանիչ Վարդապետների` Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու տոնն է


Սկզբնական շրջանում կային հատուկ թարգմանիչներ, որոնք արարողությունների ժամանակ Ս. Գրքի հատվածները բանավոր թարգմանում էին հայերեն: Սակայն դա բավարար չէր: Այս խնդրի շուրջ մտահոգված էր Սբ. Մեսրոպ Մաշտոցը: Հայը զրկված էր Ս. Գիրքն ընթերցելու և ճշմարտությունն ու փրկությունը ձեռք բերելու հնարավորությունից: Նա անընդհատ մտածում էր Ս. Գիրքը հայերենի վերածելու գաղափարի շուրջ, որի իրականացման համար էլ դիմում է Հայոց կաթողիկոսին՝ Ս. Սահակ Պարթևին և մեծ ընդունելություն գտնում: Պարզվում է, որ կաթողիկոսը նույնպես մտահոգված է այդ հարցով: Նրանց ծրագրերին իր հավանությունն է տալիս նաև թագավորը՝ Վռամշապուհ Արշակունին: Ս. Մաշտոցը, իր հետ վերցնելով իր աշակերտներին, գնում է Ասորիքի Միջագետք, լինում Եդեսիայում, ուր և տեղի է ունենում ամենամեծ հրաշքներից մեկը. «Մեսրոպն ապավինեց Աստծուն պահքով ու աղոթքներով: Եվ Աստված, որ կատարում է իրենից երկյուղ կրողների կամքը, լսում է Մեսրոպի աղոթքները և ցույց տալիս նրան գրերը սքանչելի տեսիլքով, և ոչ թե երազի մեջ քնած ժամանակ, այլ արթուն աչքով իմանալի և աչքի տեսանելիքով զգալի: Մեսրոպը տեսնում է, որ աջ ձեռքի դաստակով գրում է վեմի վրա, որը դրված էր նրա առջևում: Եվ գրի փորվածքն այնպիսին էր, ինչպիսին ձեռքն էր ձև տալիս վեմի վրա. և գրերի տարբերություններն ու անունները ձևավորվում էին Մեսրոպի մտքում» (Մ. Խորենացի «Հայոց պատմություն»):

Ունենալով հայ նշանագրերը՝ Ս. Մեսրոպը Հռոփանոսի հետ սկսում է ձևավորել դրանք: Ստանալով արդեն գրելու պատրաստ տառերը՝ Ս. Մեսրոպն առաջին անգամ թարգմանում է Ս. Գրքի հետևյալ տողը. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» («Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը»), որը վերցրել էր Սողոմոնի «Առակաց» գրքից: Continue reading

Advertisements