Վայոց Ձորի թեմ

Թարգմանչաց տոնը Ցախաց քարում

Advertisements

Հոկտեմբերի 12-ին  Եղեգնաձորի 2-րդ հիմնական դպրոցի աշակերտները իրենց հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Ռուզան Կարապետյանի  և պատմության  ուսուցչուհի Անի Հարությունյանի հետ Թարգմանչաց տոնը նշեցին Ցախաց քարի վանական համալիրում: Տեղ հասնելուն պես երեխաները սեփական նախաձեռնությամբ սկսեցին մաքրել եկեղեցու ներսը և շրջակայքը: Երեխաները Սուրբ Կարապետ եկեղեցու բակում ներկայացրին Թարգմանչաց տոնի խորհուրդը, արտասանեցին Նարեկացու տաղերից հատվածներ, նաև պատմեցին Ցախաց քարի մասին: Այնուհետև եկեղեցում աղոթեցին առ Աստված՝  երգելով <<Հայր մերը>>:  Ցախաց քարի վանական համալիրը բանաստեղծի խոսքերով ասած. <<Մի խրոխտ և լուռ արծիվ է, որ կարծես լեռներին թառած հսկում է Վայոց աշխարհի անդորրը >>: Թողնելով այս վեհությունը հպարտ ճախրանքի մեջ` ճանապարհը շարունակեցին դեպի Սմբատաբերդ:

Ամրոցը գտնվում է Եղեգիս գյուղի արևմտյան կողմում` ուղղահայաց բարձրացող անմատչելի ժայռերի գլխին: Ունի կիսաբոլոր աշտարակներով օժտված հզոր պարիսպներ, որոնց բարձրությունը հասնում է 8-10 մետրի, լայնությունը՝ 3-5 մետրի: Կառուցված է երկարատև պաշտպանության համար, միջնադարյան բերդաշինության բոլոր կանոններով: Ամրոցը պատնեշով բաժանվում է երկու մասի՝ հարավային և հյուսիսային: Երկուսն էլ ունեցել են միջնաբերդեր: Երկու հատվածներում էլ կան զորանոցների, ջրավազանների ավերակներ: Ամրոցի ջուրը բերվել է Ցախաց քարի մերձակայքից: Սմբատաբերդը հանդիսացել է Եղեգիք գյուղաքաղաքի և շրջակա բնակավայրերի կարևորագույն ռազմական հենակետը:

Մեր բերդերը մեր հոգու կենսագրությունն են, հայ ժողովրդի մտքի, ոգու, ազգային բնավորության , մտածելակերպի, տաղանդի արգասիքը:
Ինչ խոսք, աշակերտների ու նրանց ուսուցիչների ջանքներով արժևորվեց օրվա խորհուրդը: Ակնհայտ էր, որ նման ուխտագնացությունները սրտամոտ են երեխաներին: Դրանք հայեցի դաստիարակության և կրթության, գեղագիտական, բարոյական, ինչու չէ, նաև պատմական անցյալն իմանալու, գնահատելու և սովորելու տեսակետից հրաշալի դասեր են, որոնք հարստացնում են մատաղ սերնդի անարատ և ջինջ հոգեաշխարհը:

 ՔԴԿ-ի  տնօրեն Ռուզան Կարապետյան

Advertisements