Ուխտագնացություն Շատիվանք: Ավելի քան 100 տարվա ըմդմիջումից հետո Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց Շատիվանքում


Նոյեմբերի 10-ին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի և Շատինի համայնքապետ Մամիկոն Սմբատյանի գլխավորությամբ Շատիվանքում կազմակերպվեց մեծ տոնակատարություն:

<<…Լայնանիստ սարալանջի վրա սփռված են Շատինի վանքի տխուր ավերակները: Ահա մեր աչքի առաջ կանգնած է Շատիվանքի եկեղեցու տխուր բեմի վրա վեմ քարը: Նրա վրա բազմած չէ ոսկեզօծ սկիհը, զգեստավորված պատարագիչ քահանան չի երևում և դողդոջուն մատներով չի արտահայտում <<խաղաղություն ամենեցուն>> բառերը: Դպիրների ձայնի արձագանքը այլևս չի լսվում այդ տխուր կամարների տակ: Տաք ջրի գոլորշին չի բարձրանում ավազանից և մկրտվող մանկան ճիչը հավիտյան կտրված է: Երբեմնի հզոր միաբանությունը, բազմահարուստ, բազմաշեն, բազմամարդ և շքեղ Շատինի անապատը այսօր չունի ոչ մի կտոր հող, ոչ մի ծառ, ոչ մի կաթիլ ջուր, ոչ մի տեր, այլ այն անտեր, անտիրական, ավերակ դարձած շարունակում է անդադար իր ինքնակործանումը …>>: (Քաջբերունի, էջ 200):

Եվ ահա նոյեմբերի 10-ին Շատիվանքի կամարների ներքո տեղի ունեցավ և΄ Սուրբ Պատարագ, և΄ մկրտություն, ինչպես նաև՝ մշակութային հանդիսություն և սիրո ճաշ:

Տոնական այդ օրը Վայոց Ձորի թեմը` իր ողջ կառույցներով և բազմաթիվ ուխտավորներ, ինչպես Շատին համայնքից, այնպես էլ Վայոց ձորի և այլ տարածաշրջաններից և մայրաքաղաք Երևանից ուխտի էին եկել այդ սրբավայր, որպեսզի իրենց աղոթքը խառնեին այն հազարավոր մարդկանց աղոթքներին, ովքեր աղոթում էին այս սրբավայրում, երբ Շատիվանքը կանգուն վիճակում էր և չէր զիջում իր շենությամբ, ճոխությամբ, գեղեցկությամբ:

Առավոտյան ժամը 11-00-ին ուխտավորները մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, ով Սբ. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Սուրբ Պատարագի ավարտին տեղի ունեցավ մկրտության արարողություն, որի ընթացքում Տեր Վազգենը մկրտեց 13 հոգու, ովքեր ունեին իրենց կնքահայրերը:

 Համայնքապետ Մամիկոն Սմբատյանի կողմից կազմակերպվեց մշակութային տոնախմբություն, և բոլոր ուխտավորներին տրվեց սիրո ճաշ: Continue reading

Advertisements