Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանի քարոզը` խոսված Շատիվանքի Սբ. Սիոն եկեղեցում


Սբ. Պատարագի ընթացքում Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը հավուր պատշաճի քարոզ խոսեց: Նա իր խոսքում մասնավորապես ասաց. «Այսօրվա Սբ. Պատարագը մեր աղոթքի, միասնության, հավատարմության, հոգևոր վերածննդի, մեր հոգու, մարմնի, երկրի,  հավատի համար է մատուցվում: Հավաքվել ենք այստեղ, որպեսզի մեր աղոթքը խառնենք այն հազարավոր մարդկանց աղոթքներին, ովքեր աղոթում էին այստեղ, երբ Շատիվանքն իր շենությամբ, ճոխությամբ, գեղեցկությամբ, երևի թե չէր զիջում որևէ վանքի:
Այսօր, երբ նայում ես Շատիվանքին, կամա թե ակամա տխրում ես, երբ նայում ես Շատիվանքին, հոգիդ ըմբոստանում է, երբ նայում ես Շատիվանքին, երբ պատկերացնում ես, թե ինչպիսին էր այն կանգուն վիճակում, ուզում ես մտովի մտածել՝ արդյոք ես մեղավոր եմ, որ այդպիսին է. եթե մեղավոր եմ, ուրեմն ինչ-որ բան պետք է փորձեմ անել, իսկ եթե մեղավոր չեմ, բայց չեմ ուզում, որ Շատիվանքը այդպիսին լինի. ի՞նչ պետք է անեմ:

Ավետարանը, որ մեզ համար ընթերցեցի, Հիսուս ասում է, դուք, որ եկել եք ինձ մոտ, իմ տաճարը, ինձ Տեր եք կոչում, բայց այն, ինչ որ ուզում եմ, որ դուք անեք, չեք անում:

Ի՞նչ է ուզում Հիսուս մեզանից:

Նա ուզում է, որ մենք երբեք չկորցնենք մեր հավատը, ուզում է, որ մեր հավատքը պտուղներ տա. փշից թուզ չես քաղի,- ասում է Տերը, որովհետև փուշը բարի պտուղ չի կարող տալ, այլ միայն փուշ է տալու, այնուհետև շարունակում է` թզենու ծառից էլ փշեր չեք քաղի: Ուրեմն, սիրելինե′ր, միշտ պետք է հիշեք, որ մեր հավատքը պետք է դրսևորենք նախ և առաջ մեր գործերով, պետք է տեր լինենք Շատիվանքին, մեր հոգևոր արժեքներին, որ մի կտոր ոսկի գտնելու փափագով՝ չգանք և տասնյակ քարեր չկոտրենք այս եկեղեցու, չքանդենք այս եկեղեցու քարերը, այլ փորձենք քարը քարի վրա դնել, որ պահպանենք եղածը:

Պետք է սկսենք ամենափոքրից. իսկ ամենափոքրն այն է, որ երբ մոմ վառենք, տոպրակը չգցեք եկեղեցու մի անկյունում, ամենափոքրն այն է, որ եկեղեցի մտնելիս տղամարդն իր գլխարկը հանի, ամենափոքր բանը այն է, որ եկեղեցի մտնելիս և դուրս գալիս խաչակնքվենք, և ամենամեծ բանը այն է, որ սկսենք աղոթել և ինչ-որ բան անենք, որովհետև Հիսուս ասում է, որ երբ ինձ Տեր Տեր եք կոչում, Փրկիչ եք կոչում, բայց եթե իմ ասածները չեք անում, իմ տունը մաքուր չեք պահում, կեղտոտում եք, էլ ումն է պետք ձեր հավատքը: Եկեք ջանանք կատարել Հիսուսի կամքը` հավատքի, սիրո գործեր կատարելով:
Մենք` իբրեւ քրիստոնյաներ, պարտավոր ենք չտարվել մոլորություններով, չշեղվել մեր ճշմարիտ ուղուց, այլ հավատալ, որ մեր հույսի կանթեղն Աստված է եւ, հուսալով Ամենափրկչի սերն ու խաղաղությունը, հույս ունենաք, որ Շատիվանքը մեր օգնությամբ և աղոթքներով կվերականգնվի շուտով:
Թող մեր այսօրվա ուխտն ընդունելի լինի Բարձրյալի կողմից, և Նա իր երկնառաք օրհնությամբ պահի, պահպանի բոլորիս: Ամեն»:

Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյան
Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ

10. 11. 2013թ.

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s