Վայոց Ձորի թեմ

Միջազգային վավերագրական ֆիլմերի փառատոն Վայոց ձորում

Advertisements

Սույն թվականի հոկտեմբերի 20-23-ը Վայոց ձորի մարզում անցկացվեց միջազգային ֆիլմերի փառատոն, չեխական <<Մարդը կարիքի մեջ>> ՀԿ-ի և Եղեգնաձորի <<Սոցիալ հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն>> ՀԿ-ի կողմից: Կազմակերպիչը Վայոց ձորի թեմի ուսուցչուհի Խնկանուշ Մարկոսյանն էր:

Փառատոնին ընդգրկվել էին Եղեգնաձոր քաղաքը և Խաչիկ, Գետափ ու Մալիշկա համայնքները: Ծրագրի շրջանակներում մարզի դպրոցներում հայտարարվել էր <<Մի՛ գնա>> թեմայով միգրացիային վերաբերող շարադրությունների մրցույթ:

Փառատոնին մասնակցել են համայնքապետեր, ուսուցիչներ, աշակերտներ, մարզպետարանից ներկայացուցիչներ, իսկ Եղեգնաձորում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել է նաև Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Սիրով ուզում ենք ներկայացնել շարադրությունները:

Մի΄ գնա

Կյանքը հրաշք է, որում մարդը հայտնվում է իր ծնվելու պահից, իսկ ծննդավայրը պարգև, որը մեկընդմիշտ դառնում է սուրբ ու անփոխարինելի:

Յուրաքանչյուրիս համար հայրենիքը ամենաթանկն է, նրա ամեն մի մանրուքը՝ անկրկնելի սրբություն: Մեզ համար կարևոր ու հարազատ է այն ամենը, ինչ մեզ շրջապատում է ամեն մի ծառ ու թուփ, քար ու քարափ: Յուրաքանչյուր հայ իր հայրենիքն ավելի պետք է գեղեցկացնի ու շենացնի: Սակայն ներկա ժամանակահատվածում մեր երկիրն այնպիսի վիճակում է, որ ստիպված շատերը մեկնում են արտագնա աշխատանքի` բարեկեցիկ կյանք ապահովելու նպատակով:

Անձամբ ես զգացել եմ բաժանման պահի դառնությունը: Գարնանային պարզ առավոտ էր: Մեր ընտանիքն արտակարգ  եռուզեռի մեջ էր. Մոսկվա աշխատանքի պետք է ճանապարհեինք հայրիկիս: Մայրիկս լացակումած իրերն էր դասավորում պայուսակում: Հայացքով փնտրեցի հայրիկիս, նրան գտա այգու մի անկյունում մտորելիս: Նրա համար էլ հեշտ չէր բաժանման պահը: Կկարոտեր երեխաներին, ծնողներին, կնոջը: Կկարոտեր հայրենի ծննդավայրին, բայց ստիպված էր մեկնել:

Օդանավակայանում ենք: Շուրջբոլորը լարված դեմքեր են, փութկոտ քայլերով մարդիկ: Ես հասկացա, որ միայն մեր ընտանիքը չէ, որ սպասումի տառապանքը պետք է զգա:

Օդանավակայանի սպասասրահն ինձ մեկ անգամ ևս հաղորդեց այդ լարվածությունը: տխուր, խոնավ աչքեր, թախծոտ հայացքներ:

Իմ հոգու ցավը կրկնապատկվեց, երբ տեսա, որ մեկնում են ոչ միայն տղամարդիկ, այլև կանայք և երեխաներ: Եվ մարդիկ, ովքեր հայրենիքում թողնում են աշխատանք, ավտոմեքենա, տուն…

Մի΄ գնա, սիրելի΄ հայ, թող թափուր չմնա քեզ հատկացված անկյունն ու հայրենիքը հպարտ լինի նաև քեզանով:

Հայրիկիս ճանապարհեցինք: Օդանավակայանից դուրս եկանք և ինձնից անկախ սկսեցի կրկնել Սաադիի հետևյալ խոսքերը. «Ծնվում ենք ակամա, ապրում՝ զարմացած, մեռնում՝ կարոտով»:

 

Ռոզա Խաչատրյան
Եղեգնաձորի քաղաքային վարժարան
10-
րդ դաս.

Advertisements