ԾԱՌԱՅԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

<<Քո հոգին թող սիրի իմաստուն ծառային…>>
(Սիրաք 7:23)

ԾառայասիրությունՍիրաքի աստվածահաճո այս պատգամը քրիստոնյայի ծառայասիրության խորհուրդն է մեկնում: Այսօրվա ավետարանական ընթերցվածի իմաստը ծառայասիրությունն է՝ այն կարևորագույն առաքինություններից մեկը, որին արդրադարձել է Հիսուս և որը բնութագրում է ճշմարիտ քրիստոնյային:

Հիսուս Երուսաղեմ գնալու ճանապարհին այցելում էր ավաններ և գյուղեր ու քարոզչությամբ տարածում էր Կենաց խոսքը, ճշմարիտ ապրելակերպի ձևն էր ուսուցանում և ցույց տալիս երկնքի արքայության արժանանալու ճանապարհը:

Եվ մի օր, երբ Նա խոսում էր ներողամտության, հավատի մասին, անդրադարձավ նաև քրիստոնյայի ծառայասիրությանը. <<Ձեզնից ով, որ հողագործ կամ հովիվ ծառա ունի, երբ նա ագարակից, աշխատանքից տուն կմտնի, նրան իսկույն կասի. անցիր սեղան նստիր, այլ նրան չի ասի՞. ընթրիքս պատրաստիր ինչ որ ուտելու եմ, մատուցիր ինձ, մինչև որ ուտեմ և խմեմ և ապա դու կուտես, կխմես: Միթե՞ ծառայի տերը շնորհակալ պիտի լինի իր ծառային, որ բոլոր հրամանները կատարել է>>:

Հիսուս հետո ավելացրեց. <<Նույնպես և դուք, երբ կատարեք այն բոլորը, որ ձեզ հրամայված է, ասացեք, թե անպիտան ծառաներ ենք, ինչ որ պարտավոր էինք անելու, արեցինք>>: Հիսուսի այս խոսքերն առիթ են տալիս մեզ մտածելու մեր պարտավորությունների մասին՝ Աստծու և միմյանց նկատմամբ, ինչն արտահայտվում է ծառայասիրությամբ:

Դժվար է արժանանալ Աստվածային սիրուն, երբ մոռանում ես նրան, չունես առաքինի կենցաղ և վատ ծառա ես Աստծու: Աստված սիրում է ծառայասերներին, նրանց ովքեր իրենց կյանքում սիրով են կատարում պարտավորությունները միմյանց և Աստծու հանդեպ: Ինչպես սաղմոսերգուն է ասում. <<Ծառայեք Տիրոջը ուրախությամբ, նրա առաջ ելեք ցնծությամբ>> (Սաղմ. 99:2-3):

Աստված մեր ստեղծողն է ու Հայրը: Նա իջավ երկնքից, մարդկային մարմին առավ և մեր փրկության համար իր նվիրական ծառայասիրությունն ավարտեց՝ չարչարանքների, նախատինքների, ի վերջո խաչելության գնով: Հիսուս, ճշմարիտ Աստծու Որդին, խոնարհաբար իր աշակերտների ոտքերը լվաց՝ դրանով գերագույն սիրո, խոնարհության և ծառայասիրության դասեր տալով մեզ: Նրա աշակերտները, ծառայասիրության օրինակ ունենալով իրենց ուսուցչին, բազում դժվարություններով, տառապանքներով, փորձություններով շրջեցին աշխարհը և ամենուր տարածեցին Հիսուսի քարոզչության կենարար սերմերը: Նրանք, արհամարհելով բոլոր դժվարություններն ու խոչընդոտները, գոհությամբ էին ծառայում և Աստծուն, և մարդկանց, քանզի ծառայելով մարդկանց, ծառայում էին Աստծուն և ցնծությամբ էին ներկայանում Տիրոջը:

 Ահա այսպիսի անձնվեր, անձնադիր նվիրումն էր, որ մատնանշում էր սաղմոսերգուն: <<Ծառայեք Տիրոջն ուրախությամբ, նրա առաջ ելեք ցնծությամբ>>: Այդ ամենն առաքյալները անում էին ոչ թե ցուցադրաբար, այլ հոգով, սրտով, ողջ էությամբ: Սակայն, հարկ է ընդգծել, որ ծառայասիրության իմաստը այլ էր բիբլիական դարաշրջանում, այլ է այսօր: Պողոս առաքյալն ասում է. <<Ծառաներ, ամեն ինչում հնազանդ եղեք ձեր մարմնավոր տերերին, ոչ իբրև մարդահաճոներ՝ ցուցադրական ծառայությամբ, այլ սրտի անկեղծությամբ>> (Կող. 3:22): Continue reading

Advertisements