ԾԱՌԱՅԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

<<Քո հոգին թող սիրի իմաստուն ծառային…>>
(Սիրաք 7:23)

ԾառայասիրությունՍիրաքի աստվածահաճո այս պատգամը քրիստոնյայի ծառայասիրության խորհուրդն է մեկնում: Այսօրվա ավետարանական ընթերցվածի իմաստը ծառայասիրությունն է՝ այն կարևորագույն առաքինություններից մեկը, որին արդրադարձել է Հիսուս և որը բնութագրում է ճշմարիտ քրիստոնյային:

Հիսուս Երուսաղեմ գնալու ճանապարհին այցելում էր ավաններ և գյուղեր ու քարոզչությամբ տարածում էր Կենաց խոսքը, ճշմարիտ ապրելակերպի ձևն էր ուսուցանում և ցույց տալիս երկնքի արքայության արժանանալու ճանապարհը:

Եվ մի օր, երբ Նա խոսում էր ներողամտության, հավատի մասին, անդրադարձավ նաև քրիստոնյայի ծառայասիրությանը. <<Ձեզնից ով, որ հողագործ կամ հովիվ ծառա ունի, երբ նա ագարակից, աշխատանքից տուն կմտնի, նրան իսկույն կասի. անցիր սեղան նստիր, այլ նրան չի ասի՞. ընթրիքս պատրաստիր ինչ որ ուտելու եմ, մատուցիր ինձ, մինչև որ ուտեմ և խմեմ և ապա դու կուտես, կխմես: Միթե՞ ծառայի տերը շնորհակալ պիտի լինի իր ծառային, որ բոլոր հրամանները կատարել է>>:

Հիսուս հետո ավելացրեց. <<Նույնպես և դուք, երբ կատարեք այն բոլորը, որ ձեզ հրամայված է, ասացեք, թե անպիտան ծառաներ ենք, ինչ որ պարտավոր էինք անելու, արեցինք>>: Հիսուսի այս խոսքերն առիթ են տալիս մեզ մտածելու մեր պարտավորությունների մասին՝ Աստծու և միմյանց նկատմամբ, ինչն արտահայտվում է ծառայասիրությամբ:

Դժվար է արժանանալ Աստվածային սիրուն, երբ մոռանում ես նրան, չունես առաքինի կենցաղ և վատ ծառա ես Աստծու: Աստված սիրում է ծառայասերներին, նրանց ովքեր իրենց կյանքում սիրով են կատարում պարտավորությունները միմյանց և Աստծու հանդեպ: Ինչպես սաղմոսերգուն է ասում. <<Ծառայեք Տիրոջը ուրախությամբ, նրա առաջ ելեք ցնծությամբ>> (Սաղմ. 99:2-3):

Աստված մեր ստեղծողն է ու Հայրը: Նա իջավ երկնքից, մարդկային մարմին առավ և մեր փրկության համար իր նվիրական ծառայասիրությունն ավարտեց՝ չարչարանքների, նախատինքների, ի վերջո խաչելության գնով: Հիսուս, ճշմարիտ Աստծու Որդին, խոնարհաբար իր աշակերտների ոտքերը լվաց՝ դրանով գերագույն սիրո, խոնարհության և ծառայասիրության դասեր տալով մեզ: Նրա աշակերտները, ծառայասիրության օրինակ ունենալով իրենց ուսուցչին, բազում դժվարություններով, տառապանքներով, փորձություններով շրջեցին աշխարհը և ամենուր տարածեցին Հիսուսի քարոզչության կենարար սերմերը: Նրանք, արհամարհելով բոլոր դժվարություններն ու խոչընդոտները, գոհությամբ էին ծառայում և Աստծուն, և մարդկանց, քանզի ծառայելով մարդկանց, ծառայում էին Աստծուն և ցնծությամբ էին ներկայանում Տիրոջը:

 Ահա այսպիսի անձնվեր, անձնադիր նվիրումն էր, որ մատնանշում էր սաղմոսերգուն: <<Ծառայեք Տիրոջն ուրախությամբ, նրա առաջ ելեք ցնծությամբ>>: Այդ ամենն առաքյալները անում էին ոչ թե ցուցադրաբար, այլ հոգով, սրտով, ողջ էությամբ: Սակայն, հարկ է ընդգծել, որ ծառայասիրության իմաստը այլ էր բիբլիական դարաշրջանում, այլ է այսօր: Պողոս առաքյալն ասում է. <<Ծառաներ, ամեն ինչում հնազանդ եղեք ձեր մարմնավոր տերերին, ոչ իբրև մարդահաճոներ՝ ցուցադրական ծառայությամբ, այլ սրտի անկեղծությամբ>> (Կող. 3:22): Մարդահաճությունը, այո′, վատթարագույն արատ է, որն անհամատեղելի է քրիստոնեական բարձր բարոյականության և կենցաղի հետ: Ճշմարիտ քրիստոնյան պետք է խոնարհաբար ծառայի իր Աստծուն, եկեղեցուն, հայրենիքին, ժողովրդին, իր նմանին: Նա այսպես կարժանանա աստվածային բազում շնորհների, որով իրապես կարող է որդեգրվել Աստծուն, դառնալ երկնքի արքայություն տանող ճանապարհի ծաղիկը: Այդպես աստվածային արժանապարգև շնորհների արժանացավ Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետը, որի անմահ հիշատակն էր երեկ տոնախմբում մեր եկեղեցին: Պարթևական տոհմից էր սերված նա, Սուրբ Գրիգոր Լուսավորչի հորաքրոջ որդին էր: Սուրբ Հակոբ պայծառատես Հայրապետը իր կյանքի ողջ ընթացքում չշեղվեց Աստծուն անմնացորդ ծառայելուց, չշեղվեց դեպի Աստված դառնող դժվարին ուղուց: Եվ Աստված բազում շնորհներ պարգևեց նրան ու նրա անձը այնքան բարձրացրեց, որ նրան մարդիկ ընդունեցին իբրև իրենց բարեխոսը Տիրոջ առջև: Նա դարձավ բոլոր քրիստոնյաների կողմից պաշտված սուրբ անձնավորություն, և նրա ողջ կյանքը եղավ ծառայասիրության և Աստծու կամքին հնազանդվելու ճշմարիտ վկայության: Աստծուն ծառայելով՝ նա իրոք հոգեպես ցնծում էր:

Սրբի վարքից տեղեկանում ենք, որ Տիրոջ մոտ տեղափոխվելուց առաջ էլ նա չհանձնվեց տկարությանը, պատարագեց, օրհնեց, փառավորեց Տիրոջը և գնաց նրա մոտ:

Սիրելինե′ր, այսօր էլ մենք ծառայասիրության լավագույն օրինակներ կարող ենք տալ՝ հավատարիմ մնալով մեր Տիրոջ պատգամներին; Չէ՞ որ այժմ մենք կրկին ապրում ենք պատմական մի ժամանակաշրջանում, երբ մեր միասնությամբ, համախմբվածությամբ, կամքով ու տոկունությամբ աշխարհին պիտի մեկնենք ապրելու ու հարատևելու մեր գաղտնիքը: Այսօր, Հայաստան այցելելով, յուրաքանչյուր օտարերկրացի ջանում է մեկնաբանել բազում արհավիրքներ, ավերներ, պատերազմներ, սով տեսած ու տնտեսական աննկարագրելի դժվարություններ ապրած մեր ժողովրդի գոյատևության առեղծվածը: Ինչ մեկնաբանություններ էլ նրանք փորձեն տալ դրան, այնուամենայնիվ, չեն կարող չընդունել, որ դրա գաղտնիքը մեր ժողովրդի, որպես հնագույն քրիստոնյա ժողովրդի, տոկուն կամքի, անսասան հավատի և Աստծու, հայրենիքի ու միմյանց նկատմամբ ունեցած ծառայասիրության մեջ պետք է որոնել նաև:

Սիրելինե′ր, լինենք մեր ազգային նկարագրին և քրիստոնեական վառ դիմագծին հավատարիմ, անտարբեր չմնանք մեր հայրենիքի ու ժողովրդի բազում դժվարությունների, ինչու չէ նաև խնդիրների հանդեպ: Չմոռանանք, որ ծառայասիրությունը պահանջում է զոհաբերություն, երբեմն շատ թանկ զոհաբերություն: Դրա լավագույն օրինակները կարելի է բերել, թե մեր պատմությունից և թե այսօրվա կյանքից: Չենք կարող չհիշատակել իսկական ծառայասերներին՝ մեր ժողովրդի հին և նոր նահատակներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հայրենյաց պաշտպանության և հավատի հաստատման համար մղված գոյամարտերին: Իսկ ճշմարիտ ծառայասիրությունը հրաշալի է բնութագրում Պողոս Ադրիանապոլսեցի պատրիարքը. <<Աստծու հանդեպ կատարյալ ծառայասիրությունն այն է, որն առաջ է գալիս միայն Աստծու հանդեպ սիրուց, իսկ ճշմարտապես սիրողը հանձն է առնում կորցնել ունեցվածքը, պատիվը, սիրելիներին և նույնիսկ իրեն՝ չկորցնելու համար Աստուծո հանդեպ սերը>>:

Այսօր ծառայասեր է հող հայրենին պաշտպանող հայ զինվորը, իր եկեղեցին ու կրոնը պաշտող, քրիստոնեական սրբազան պատվիրաններով ապրող հայ հավատացյալը, իր հայրենիքը սիրող և չլքող, նրա շենացմանն իր ավանդը բերող հայ մարդը, սերունդներ կրթող ու դաստիարակող հայ ուսուցիչը, բերք ու բարիք արարող շինականը, բոլոր նրանք, ովքեր ծառայասիրության աստվածապատգամ առաքելությունն ունեն:

Արդ խնդրանք Ամենակալին, որ պահպանի, զորացնի մեզ, սեր և ուժ սփռի մեր վրա, որպեսզի ծառայենք անմնացորդ և հոգեկան ցնծությամբ ու ուրախությամբ փառաբանենք նրան: Ամեն:

Տեր Զարեհ Վարդապետ Կաբաղյան
Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s