Միջոցառում՝ նվիրված Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի հիմնադրման 140-ամյակին


 

Դեկտեմբերի 13-ին` ժամը 17:30-ին, Մալիշկա համայնքի թիվ 1 միջն. դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված դպրոցի հիմնադրման 140-ամյակին: Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի փոխտնօրեն Վարդիթեր  Մարգարյանը:

Այս տոնական միջոցառմանը ներկա էր Մալիշայի թիվ 1 միջն.  դպրոցի ուսուցչական կոլեկտիվը՝ գլխավորությամբ դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանի, Մալիշկայի համայնքապետ Մհեր Մովսիսյանը, Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, թիվ 2 միջն. դպրոցի /վերջերս անվանակոչվեց Լոմոնոսովի անունով/ ուսուցչական կոլեկտիվը՝ գլխավորությամբ տնօրեն Հասմիկ Դավթյանի, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, կենսաթոշակի անցած մանկավարժներ, դպրոցի ծնողական խորհրդի անդամներ, համայնքի մանկապարտեզների աշխատողներ, աշակերտներ, դպրոցի տարբեր տարիների շրջանավարտներ և այլք:

Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո ազդարարվեց միջոցառման մեկնարկը, որից հետո դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Խաչատրյանը և Աննա Հակոբյանը հանգամանորեն ներկայացրին Մալիշկայում դպրոցի հիմնադրման պատմությունը,   դպրոց, որտեղ  իրենց  կրթությունն  են ստացել ոչ միայն Մալիշկայի բնակիչներ, այլև Դարալագյազ գավառի շատ նշանավոր մարդիկ:

Հոբելյանական տոնակատարության առիթով աշակերտների կթության ու դաստիարակության գործում  ցուցաբերած անմնացորդ նվիրումի համար  դպրոցի շուրջ 16 նախկին  մանկավարժներ, որոնք վաստակած հանգստի են անցել, տնօրինության կողմից պարգևատրվեցին  հուշանվերներով:

Այնուհետև ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, ով իր խոսքում մասնավորապես ասաց. «Հարգարժա΄ն հյուրեր, ուսուցիչներ, մասնակիցներ, բոլորիս  ողջունում  եմ այս կարևոր իրադարձության կապակցությամբ: Մոլորակի վրա  ապրող  յուրաքանչյուր մարդ կարող  էր հպարտանալ, եթե  իր համայնքում ունենար 140-ամյա դպրոց` իր հարուստ պատմությամբ: Իհարկե, և մեր երկրում, և աշխարհում կան ավելի հին և ավելի երիտասարդ դպրոցներ: Հիշենք, որ Դարալագյազի գավառը բոլորին հայտնի է  դեռևս 730-ամյա Գլաձորի համալսարանով:

Մենք լսեցինք       Մալիշկայում դպրոցի հիմնադրման պատմությունը,   դպրոց, որտեղ  իրենց  կրթությունն  են ստացել ոչ միայն մալիշկեցիներ, այլև Դարալագյազ գավառի շատ նշանավոր մարդիկ: Ես  ուզում եմ անդրադառնալ Մալիշկայի դպրոցի այսօրվա  վիճակին, խնդիրներին, ձեռքբերումներին և, իհարկե, բացթողումներին: Համայնքում այժմ գործում են երկու միջնակարգ դպրոցներ: Երկուսն  էլ  վերջին տարիներին վերանորոգվել են.  Մալիշկայի թիվ 1 դպրոցը` պետական բյուջեի միջոցներով, Մալիշկայի թիվ 2 դպրոցը, որը վերջերս անվանակոչեցին Լոմոնոսովի անունով, մեր հայրենակից Արա Աբրահամյանի հովանավորությամբ: Երկու դպրոցներում միասին սովորում են 490 աշակերտներ և աշխատում են 54 ուսուցիչներ:

         Այստեղ մեր դպրոցներն ունեն  խնդիր. պարզ լինելու համար բերենք մի քանի թվային համեմատություններ աշակերտ-ուսուցիչ հարաբերակցությունը 14:1 նվազագույնի փոխարեն 9:1-է: Համեմատության համար ասեմ, որ  25-30 տարի առաջ աշակերտների թիվը երկու դպրոցներում կազմում էր  1000-1200, այսինքն`  այդ  թիվը պակասել է մոտավորապես 55 տոկոսով: Դպրոցներում աշխատող  ուսուցիչները հիմնականում ունեն  բարձրագույն կրթություն և հանդիսանում են իրենց գործի նվիրյալներ: Շրջանավարտների 20-30 տոկոսը տարեկան ընդունվում են պետական ԲՈՒՀ-եր, իհարկե  այստեղ  ծնվում է 2-րդ  խնդիրը` ԲՈՒՀ-երը ավարտածների մեծ մասը չեն գտնում համապատասխան աշխատանք, կամ առաջարկվող  աշխատանքը ցածր վարձատրվող  է,  և նրանք իրենք  են հրաժարվում դրանից:

         Իհարկե,  այս դժվարություններին զուգահեռ դպրոցներում ուսուցիչներն անում են ամեն ինչ՝ աշակերտներին պետական կրթական չափորոշիչներին  համապատասխան  կրթություն տալու համար: Սակայն կրթության որակը ամեն դեպքում աշակերտների  մեծ մասի համար մնում է ցածր մակարդակի վրա: Դրանց պատճառները  շատ  են.

  • ծանրաբեռնված ուսումնական պլաններ,
  •  երբեմն  չհաջողված  դասագրքեր,
  •  գիտելիքների ստուգման ոչ լիարժեք համակարգեր,
  •  դասավանդման ոչ արդյունավետ մեթոդներ,
  • սոցիլական պատճառներ,
  •  կրթական ոլորտի հանդեպ անհարգալից վերաբերմունք,
  • և այլն:

         Հատկապես  անհանգստացնող  է մայրենի լեզվի նկատմամբ անհարգալից, երբեմն վիրավորական վերաբերմունքը, որին ամեն օր աշակերտը հանդիպում  և հաճախ ընդօրինակում է  հեռուստացույցից, համացանցից և այլ տեղեկատվական միջոցներից: Դրանով դպրոցի դերակատարությունն ավելի դժվար է  դառնում, որովհետև մի կողմից ուսուցիչը պետք  է համոզի, որ ճիշտ  է  այն ամենը, ինչը  գրված է դասագրքում, իսկ մյուս կողմից` ինչ լսում կամ տեսնում է աշակերտը շրջապատում, հեռուստացույցով, համացանցով, Ազգային ժողովի նիստում կամ հանրահավաքում, երբեմն կարող է չհամապատասխանել իրականությանը,  լինել ինքնանպատակ կամ շինծու:

         Այստեղ  է, որ կարող  է  խախտվել կամ շեղվել երեխայի հոգեբանությունը՝  նրան դարձնելով անսկզբունքային, անվստահ, երբեմն ագրեսիվ՝ անհասկանալի վարքի տարբեր դրսևորումներով: Առկա դժվարություններին  զուգահեռ դպրոցում կատարվում են մի շարք աշխատանքներ, որոնք նպաստում են կրթական միջավայրի  առողջացմանը և ձեռքբերված հաջողությունների ամրապնդմանը: Թվարկեմ դրանցից մի քանիսը մեր դպրոցի օրինակով: Մալիշկայի թիվ 1 դպրոցը  ակտիվորեն համագործակցում  և մասնակցում է մի շարք միջազգային և հասարակական կազմակերպություների կողմից իրականացվող կրթական ծրագրերին:

  1. 1.    ԱՄՆ-ի «Փրոջեքտ-Հարմոնի»-ի  հետ: Համագործակցության արդյունքում 2000-2002թթ. մարզում և հանրապետությունում առաջիններից մեկն էր, որ բացեց համակարգչային կաբինետ և ձեռք բերեց ինտերնետ կապ:
  2. 2.    «Պատանեկան  նվաճումներ» կազմակերպության հայտարարած մրցույթում հաղթելով՝ քաղաքացիական կրթության ուսուցիչը 2000թ.-ին մեկ ամսով վերապատրաստում անցավ ԱՄՆ-ում :
  3. 3.    «Խաղաղության Կորպուս»-ի հետ համագործակցելով՝  դպրոցը շահեց մեկ անգլերեն լեզվի կաբինետ և համակարգչային տեխնիկա:
  4. 4.    ՌՀՄ-ից  2002թ-ին  ստացանք  ևս մեկ համակարգչային կաբինետ:
  5. 5.    Փյունիկ հիմնադրամից 2013թ-ի ստացել  ենք  մեկ համակազմ լաբորատոր սարքավորումներ:
  6. 6.    Համագործակցում է նաև  «Այռեքս», «Քայլ- առ – քայլ» և մի շարք  այլ կազմակերպությունների հետ:
  7. 7.    Մի շարք  հանրապետական մրցույթներում մեր աշակերտները աչքի են ընկել հաղթանակներով, հատկապես  ուզում եմ առանձնացնել հետևյալները.
  • 2004թ. ՄԱԿ-ի  հայաստանյան գրասենյակի կողմից կազմակերպված  հանրապետական մրցույթում` նվիրված  մարդու իրավունքներին, գրավել են 2-րդ  տեղ:
  • 1998թ.-ից մինչև 2011թ. յուրաքանչյուր տարի դպրոցից 2-5 աշակերտներ «Կիրառական տնտեսագիտություն» առարկայից անցկացվող մրցույթներում ձեռք  են բերել Ծաղկաձորում  մեկ շաբաթ հանգստանալու իրավունք:
  • 2012թ-ին Հայաստանի Ամերիկյան  համալսարանում կազմակրեպված անգլերեն լեզվի  ասմունքի մրցույթում մեր  դպրոցի թիմը գրավել է 2-րդ  տեղը:
  • 2012թ-ին  «Հայ ասպետ»  հանրապետական մրցույթում մեր դպրոցի թիմը գրավել   է  1-ին տեղը:
  • 2012թ-ին  «Ասպարեզ» հանրապետական անհատական մրցույթում մեր  դպրոցի ներկայացուցիչ  Մանե  Սարգսյանը  գրավել է 1-ին տեղը:
  • 2012թ-ին   մեր դպրոցի աշակերտուհի Քրիստինե Ստեփանյանը հաղթել է <<Ֆլեքս>>    միջազգային մրցույթում և   այժմ մեկ տարով սովորում է  ԱՄՆ-ի  դպրոցներից մեկում:
  • «Ջիվանու»  աշուղական դպրոցի Մալիշկայի մասնաճյուղի սաները Վրաստանում անցկացվող  միջազգային մրցույթներում գրավել են առաջին տեղեր, արժանանալով 2012թ-ին`  «Գրան-Պրի»  միջազգային մրցանակի և դիպլոմի, իսկ 2013թ-ին`  «Գրան-Պրի» միջազգային մրցանակի և ոսկե մեդալի, «Լավագույն աշուղական խումբ»  նոմինացիայում:

Կարելի  է շարունակել հաջողությունների շարքը, սակայն երբևիցե  չենք բավարարվում  ձեռք բերածով, որովհետև սա հնարավորությունների  նվազագույնն է, որ իրագործել ենք և  համոզված եմ, որ մենք  ունենք  հսկայական ներուժ՝ անելու   ավելին: Ավելացնեմ նաև, որ այս տարի լրացավ նաև  գյուղի հիմնադրման  185-ամյակը և այս  երկու հոբելյաններին նվիրված՝ դպրոցում ստեղծել ենք  հայրենագիտական թանգարան, որը գտնվում է  առաջին մասնաշենքի առաջին հարկում և այնտեղ  դուք կարող  եք  տեսնել գյուղի ու դպրոցի պատմությանը վերաբերող շատ հետաքրքիր ցուցանմուշներ և նյութեր: Թանգարան  կարող  եք  այցելել ամեն օր: Համոզված եմ, որ այսօրվա և եկող  սերունդը կանի ամեն ինչ  կրթօջախի  պահպանման, զարգացման և միջազգային  կրթական չափանիշներին համապատասխանող դպրոց  ունենալու համար: Եվս  մեկ անգամ շնորհավորում եմ Մալիշկայի դպրոցների բոլոր ժամանակների սաներին և ուսուցիչներին ու մաղթում բոլորիս  հետագա հաջողություններ»:

Ողջույնի խոսքով հանդես եկան  ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը, Մալիշկայի համայնքապետ Մհեր Մովսիսյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը  և կենսաթոշակի անցած ուսուցչուհի Ժաննա Աղախանյանը:

Հոբելյանական տոնակատարության ընթացքում իրենց անզուգական ելույթներով հանդես եկան «Սայաթ-Նովա» մշակութային միության Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց ձորի մասնաճյուղի սաները` ղեկավարությամբ միջազգային մրցույթների դափնեկիր, մեդալակիր Սամվել Գրիգորյանի: Անհատական յուրօրինակ կատարումներով հանդես եկան Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Իսրայելյան Բորիսը, 11-րդ դաս. աշակերտ Պողոսյան Մհերը, 10-րդ դաս. աշակերտ Հարությունյան Արտակը և այլք:

Ջերմ ու անմիջական մթնոլորտում անցավ հոբելյանական միջոցառումը. համերգային ծրագրի ընթացքում դպրոցի աշակերտները շուրջպար բռնեցին:

Վերջում բոլորը տպավորված հեռացան դահլիճից:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s