Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպումը երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ


Հունվարի 11-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու թեմական երիտասարդական միությունների, հասարակական կազմակերպությունների և բուհական ուսանողական խորհուրդների անդամներին: Երիտասարդներն այցելել էին Մայր Աթոռ` շնորհավորելու Նորին Սրբությանը Ամանորի և Ս. Ծննդյան տոների առիթով և ստանալու հայրապետական օրհնությունն ու պատգամը:

Հանդիպման սկզբում բացման խոսքով հանդես եկավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու երիտասարդաց միավորման կենտրոնական գրասենյակի տնօրեն Գևորգ Մկրտչյանը, ով ներկա երիտասարդության անունից շնորհավորեց Վեհափառ Հայրապետին Ամանորի և Ս. Ծննդյան տոների առիթով:

Այնուհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը խոսքով դիմեց երիտասարդներին` նշելով, որ նրանց բազմաքանակ ներկայությունը Մայր Աթոռում նոր լիցք ու զգացումներ է հաղորդում բոլորին` շարունակելու իրենց աստվածահաճո կյանքը և կերտելու հայ ժողովրդի լուսավոր ու պայծառ ապագան:

Միջոցառումը հոգևոր ու ազգային երգերի գեղեցիկ կատարումներով զարդարեց Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը:

Ապա երիտասարդներին իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Նորին Սրբությունը մաղթեց, որ 2014 թվականը երիտասարդների համար լինի ուրախության, բերկրանքի ու հաջողությունների տարի: Continue reading

Advertisements