Վայոց Ձորի թեմ

Տնօրհնեք Եղեգնաձորում

Advertisements

<<Բարձրյալին քեզ ապավեն դարձրիր:
Չարիքը
չի հասնի քեզ,
և տանջանքները չեն մոտենա քո տան հարկին>>:
/Սաղմոս 91:9-10/

Ըստ Սբ. Գրիգոր Տաթևացու` Տնօրհնեքի արարողության հաստատողը Ինքը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է: Ավետարանի վկայությամբ Սուրբ Զատկի երեկոյան հարուցյալ Քրիստոս փակ դռների միջով մտավ վերնատուն, ուր հավաքվել էին աշակերտները, և օրհնեց նրանց: (Հովհաննես, 20:19-20):

Առաքյալները, հետևելով Քրիստոսի օրինակին, Փրկչի Սբ. Ծննդյան և Սբ. Հարության տոներին գնում էին քրիստոնյաների տները և հայտնում Աստվածահայտնության և Հարության բարի լուրերը: Եվ մինչև օրս շարունակվում է այդ ավանդույթը, որ քահանաներն այցելում են իրենց համայնքի հավատացյալ զավակների տները և օրհնում են նրանց և նրանց բնակարանները:

Այս տարի Սոնիկ Մելքոնյանի, Աշխեն Մարգարյանի, Դավիթ Գրիգորյանի, Նարինե Մովսիսյանի համար Տերը անակնկալ էր պատրաստել: ՔԴԿ-ի աշխատակից Խնկանուշ Մարկոսյանը զբաղվում է նաև սահմանափակ կարողություններով (հատկապես սայլակավոր հաշմանդամներ) մարդկանց հիմնախնդիրները հնարավորինս կարգավորելու հարցերով: Այդ հիմնախնդիրներից մեկն էլ այն է, որ այն մարդիկ, ովքեր սայլակների վրա են կամ անկողնում, չունեն հնարավորություն շփվելու եկեղեցու և Աստծո Խոսքի հետ: Եվ ահա…

Շատ եղավ այդ մարդկանց ուրախությունը, երբ Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը և ՔԴԿ-ի աշխատակիցներն այցելեցին նրանց և, չնայած նրանց տարբեր տարիքներին, իրենց տները օրհնվեցին առաջին անգամ, և այդ տներում աղոթք բարձրացավ և շնորհակալական օրհներգ այնպես, ինչպես հովիվները փառաբանեցին Աստծուն, երբ լսեցին, որ <<…այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է…>> (Ղուկաս 2: 8-20):

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ՔԴԿ-ի աշխատակիցները և Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի կամավորները պարբերաբար այցելեն այդ մարդկանց և փոխանցեն կիրակի օրը Սբ. Պատարագի ժամանակ քահանայի կողմից քարոզված Տիրոջ Խոսքը, շփվեն, իմանան կարիքները և ըստ դրա կազմակերպեն համապատասխան աշխատանքներ:

 Հ. Գ. Լինենք ուշադիր: Մեր մեջ ապրում են մարդիկ, ովքեր չեն կարող տեղաշարժվել այնպես, ինչպես մենք: Նրանք կարիք ունեն այցելության, շփման, սիրո:
Սիրելի΄ եղեգնաձորցիներ, երիտասարդներ, ուսանողներ, պատանիներ, եթե կուզենաք միանալ այդ աստվածահաճո գործին, խնդրում ենք այցելեք Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու հարևանությամբ գործող Քրիստոնեական դաստիարակության կենտրոն /ՔԴԿ/, հանդիպեք Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանին /094-25-71-25/ կամ զանգահարեք առաջնորդարանի աշխատակցուհի Խնկանուշ Մարկոսյանին` 077-06-24-66 հեռախոսահամարով:

Advertisements