Վայոց Ձորի թեմ

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Advertisements

 

Ապրիլի 20-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ հանդիսավորությամբ տոնեց մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնը: Տոնի առիթով Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Հարության Սբ. Պատարագ, որին ներկա էր Վայոց ձորի թեմի Առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը:
Պատարագիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը, ով հավատացյալներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի օրհնությունը և Հարության տոնի Հայրապետական Պատգամը:

Հավարտ Սբ. Պատարագի տեղի ունեցավ Անդաստանի արարողություն, ապա ներկաներին բաժանվեցին օրհնված հավկիթներ:

Այնուհետև Վայոց ձորի թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի նախաձեռնությամբ Եղեգնաձորի թիվ 1 հիմն. դպրոցի ուսուցիչներ Կարինե Սաֆարյանը, Նարինե Գրիգորյանը և Գայանե Աբրահամյանը կազմակերպել էին միջոցառում Եղեգնաձորի առաջնորդանիստ Սբ. Աստվածածին եկեղեցու բակում, որը նվիրված էր Սբ. Զատկի տոնին:

Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին Սբ. Հարության աստվածաշնչյան պատմությունը: Հնչեցին հանելուկներ, ասույթներ, ազգային-ծիսական երգեր, որոնք ուղեկցվեցին գեղեցիկ պարերով:
Եկեղեցու բակը միջոցառման կազմակերպիչները զարդարել էին Զատկի տոնին բնորոշ ածիկներով, կարմիր հավկիթներով, Կենաց ծառով և քարայրի տեսարանով:

Միջոցառման ավարտին աշակերտներին օրհնեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Վերջում համայնքի անդամների, թեմի աշխատակիցների և միջոցառման կազմակերպիչների ու սաների հետ առաջնորդարանի սրահներից մեկում տեղի ունեցավ սիրո ճաշ:

 

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու

Advertisements