Վայոց Ձորի թեմ

ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ՏՈՆԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Advertisements

Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց

Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցում ապրիլի 23 – ին նշվեց Սուրբ Հարության տոն: Միջոցառման կազմակերպիչն էր Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Ռուզան Կարապետյանը և տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Սուսաննա Պետրոսյանը:

Միջոցառմանը ներկա էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Եղեգնաձորի տարածաշրջանի պատասխանատու Հ. Հարությունյանը, Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության պատասխանատու Ա. Ստեփանյանը, ինչպես նաև ուսուցիչներ և ծնողներ:
Միջոցառմանը մասնակցում էին 5-ից 9-րդ դասարանի բոլոր աշակերտները: Յուրաքանչյուր դասարան պատրաստել էր իր զատկական ուտեստներով սեղանը:
Միջոցառումն սկսվեց Թամզարա պարով, որից հետո մասնակից ութ դասարանները ներկայացրին Սուրբ Զատիկի իմաստը, խորհուրդը, տոնին համահունչ ծիսկան երգերը, պարերը, խաղիկները: Կատարեցին Հարության շարականներ:
Միջոցառման ավատին տղաներից բաղկացած խումբը պարեց «Էջմիածին» պարը, շուրջպարին միացան նաև մյուսները:
Միջոցառման ավարտին ողջույնի խոսքով հանդես եկավ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի
Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի` 
Ռուզան Կարապետյան

Գետափի միջնակարգ դպրոց

Գետափի միջնակարգ դպրոցը ապրիլի 19-ին տոնում էր Սուրբ Հարության տոնը: Ոգևորված էին և՛ աշակերտները, և՛ ուսուցիչները: Միջոցառմանը ներկա էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը և Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Եղեգնաձորի տարածաշրջանի պատասխանատու Հուսիկ Հարությունյանը: Միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով:

Հայտարարվել էր մրցույթ դասարանների միջև: Ոչ ոք ջանք չէր խնայել պատրաստվել այդ տոնին: Յուրաքանչյուր դասարան պատրաստել էր իր սեղանը: Սեղանները զարդարված Զատկի տոնին հատուկ ուտեստներով` ձկով, չամչով  բրնձով փլավով, տապակած բանջարեղենով, գինով, գաթաներով: Երեխաներն աշխույժ ու զվարթ ներկայացնում էին տոնի խորհուրդը: Լավագույն սեղան ճանաչվեց 4-րդ դասարանը (դասվար` Ա. Հակոբյան ) և աշակերտուհի Ա. Մնացականյանը ներկայացրեց ներկած ձվի խորհուրդը և տոնի այլ մանրամասներ: Վերջում ողջ աշակերտությունն ուսուցիչների հետ միասին շուրջպարով ավարտեցին միջոցառումը:

Գետափի միջնակարգ դպրոցի
12-րդ դասարանի աշակերտուհի` 
Ռիտա Սարդարյան

Շատինի միջնակարգ դպրոց

2014 թվականի փետրվարի 26-ին Շատինի միջնակարգ դպրոցի հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Շուշանիկ Հովակիմյանը կազմակերպել էր միջոցառում` նվիրված Սուրբ Զատկի տոնին: Միջոցառմանը ներկա էին ծնողներ, ուսուցիչներ, աշակերտներ և դպրոցի տնօրինությունը: Միջոցառմանը նաև ներկա էր Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը:

Միջոցառումն սկսվեց տերունական աղոթքով: Երեխաներն ներկայացրին Սուրբ Զատկի տոնի, նրա խորհրդի և այն տոնելու հայկական ավանդույթների մասին նյութեր, հանդիսատեսը ունկնդրեց զատկական երգեր և ժողովրդական մանրապատումներ:
Միջոցառումը եզրափակվեց զատկական խաղերով, տոնական տրամադրությամբ և անսպառ ժպիտներով:

Շատինի միջնակարգ դպրոցի
Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի` 
Շուշանիկ Հովակիմյան

Ռինդի միջնակարգ դպրոց

Ռինդի միջնակարգ դպրոցի դահլիճում ապրիլի 15-ին կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻՆ: Միջոցառման կազմակերպիչն էր Ռինդի միջնակարգ դպրոցի դասվարը՝ Աստղիկ Սաֆարյանը: Ներկա էին Տեր Պարթև քահանա Աշուրյանը, Ք.Դ.Կ. Եղեգնաձորի պատասխանատուն՝ Հուսիկ Հարությունյանը, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ:

Միջոցառման մուտքն սկսվեց փոքրիկ պատարագով, որը պարուրված էր խնկով և խնկաբույր շարականներով: Աշակերտների շուրթերից հնչեց նաև Հայաստանի Հանրապետության օրհներգը, և հենց այդ ժամանակ մեր եռագույն դրոշը աշակերտները տեղադրեցին խաչի մոտ՝ ի նշան պետության և եկեղեցու համագործակցության:

Աշակերտները ներկաներին ցուցադրեցին նաև մի քանի զատկական խաղեր: Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ դասվար Աստղիկ Սաֆարյանը և դպրոցի ուսմասվար Ս. Առաքելյանը: Միջոցառման ավարտին ողջույնի խոսքով հանդես եկավ Տեր Պարթևը և հանդիպումն ավարտեց աղոթքով: Ներկաները դահլիճից հեռացան՝ հոգևոր մեծ բավականություն ստացած:

Ռինդի միջնակարգ դպրոցի
դասվար` Աստղիկ Սաֆարյան

Արփիի միջնակարգ դպրոց

Ապրիլի 22-ին Արփիի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ համադպրոցական միջոցառում` նվիրված Սուրբ Հարության տոնին: Ներկա էին ծնողներ և ուսուցիչներ: Տոնական դահլիճը ձևավորվել ու զարդարվել էր երեխաների կողմից Զատիկը խորհրդանշող մանրանկարներով և սուրբգրային խոսքերով, ինչպես նաև զատկական ուտեստներով:

Երեխաները Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Հեղինե Սաղաթելյանի գլխավորությամբ ներկայացրին և բացատրեցին Զատկի խորհուրդը, որն ընթանում էր շարականներով և տաղերով: Իսկ այնուհետև ռուսաց լեզվի խմբակի երեխաները, ղեկավարությամբ ռուսաց լեզվի ուսուցչուհի Նատաշա Լևոնովնայի, ռուսաց լեզվով, գեղեցիկ դերակատարումներով ու երգերով ցուցադրում ու ներկայացնում էին Քրիստոսի հրաշափառ հարության իմաստը: Միջոցառումը մեծ տպավորություն թողեց ներկաների վրա, նրանք մեկ անգամ ևս իմաստավորվեցին աստվածային խորհուրդներով:

Միջոցառման ավարտին գովեստի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Ա.Հովսեփյանը:

Արփիի միջնակարգ դպրոցի
Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի` 
Հեղինե Սաղաթելյան

Թառաթումբի միջնակարգ դպրոց

2014թ. Ապրիլի 20-ին Ս. Հարության տոնի օրը, Թառաթումբի Սբ. Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ Զատիկի տոնին նվիրված միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի աշակերտները, ուսուցիչները, գյուղապետարանի ներկայացուցիչները և համայնքի բազմաթիվ անդամներ:

Միջոցառմանը ներկա էր նաև էին Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Եկեղեցու բակում երեխաները ասմունքեցին, երգեցին ու պարեցին: Այնուհետև Տեր Վազգենը ներկաներին բացատրեց Զատիկի խորհուրդը, նրա նշանակությունը և կատարեց զատկական հավկիթների օրհնություն:

Ներկաները ուրախ տրամադրությամբ հեռացան:

Թառաթումբի միջնակարգ դպրոցի
Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչ` 
Արմեն Մարտիրոսյան

Քարագլխի միջնակարգ դպրոց

Ս/թ-ի ապրիլի 19-ին Քարագլխի միջն. դպրոցում տեղի ունեցավ եկեղեցական տաղավար տոներից մեկի՝ Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում: Միջոցառման կազմակերպիչներն էին մանկապատանեկան խմբի ղեկավար Պ. Հարությունյանը և դասվար Ն. Հարությունյանը: Ելույթ ունեցան 2-րդ, 3-րդ և 12-րդ դասարանի աշակերտները, որոնք լավագույնս ներկայացրեցին Սուրբ Հարության տոնի խորհուրդը: Միջոցառումն ուներ դաստիարակչական, ուսուցողական և ճանաչողական նշանակություն:
Միջոցառման 2-րդ փուլում ելույթ ունեցան տատիկները, որոնք սիրով պատրաստել և ներկայացրին ազգային ավանդական ուտեսները, որոնք պետք է լինեին Զատկի սեղանին:

Քարագլխի միջն. դպրոցի
դասվար` Նոնա Հարությունյան

Ապրիլի 20-ին տոնական բարձր տրամադրություն էր տիրում Քարագլխի միջնակարգ դպրոցում: Գեղեցիկ զարդարված դպրոցում մենք բոլորս մասնակիցը դարձանք <<Սուրբ Հարության>> տոնին: Օրվա խորհուրդն սկսվեց Տերունական աղոթքով: Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Մարինե Զաքարյանը ներկայացրեց Ծաղկազարդի, Ավագ շաբաթվա և Սուրբ Հարության տոնի իմաստը, խորհուրդը, ավանդույթը, տոնակատարությունը, զատկական խորհրդանիշների մեկնաբանությունը:
Օրվա խորհուրդը ավարտվեց տոնի ավետիսով. <<Քրիստոս Հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է հարությունը Քրիստոսի>>:

Քարագլխի միջնակարգ դպրոցի
Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի` 
Մարինե Զաքարյան

Վարդահովիտի հիմնական դպրոց

Ս/թ ապրիլի 14-ին Վարդահովիտի հիմնական դպրոցի դահլիճում առաջին դասարանցիները հանդիսավորությամբ հրաժեշտ էին տալիս իրենց սիրելի Այբբենարանին:
Միջոցառման մի հատվածր նվիրված էր Սուրբ Հարության տոնի արարողությունը:

Երեխաներ նախապես պատի թերթ էին լուս ընծայել, որը նվիրված էր Հայ եկեղեցու տոներին և խորհուրդներին:
Երեխաները պատմեցին Մեծ Պահքի և Զատիկի տոնի մասին: Միջոցառման ավարտին Տերունական աղոթքը հնչեց մանկան թոթով լեզվով.
Հա′յր մեր, որ յերկինս ես….
Այնուհետև դպրոցականները մաքրեցին համայնքում գտնվող միջնադարյան խաչքարի տարածքը:

Վարդահովիտի հիմնական դպրոցի
Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի`
Լամարա Խանոյան

 Չիվայի միջնակարգ դպրոց

Չիվայի միջնակարգ դպրոցում ապրիլի 26–ին նշվեց Սուրբ Հարության տոն: Միջոցառման կազմակերպիչն էր Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Սուսաննա Հարությունյանը:

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Եղեգնաձորի տարածաշրջանի պատասխանատու Հ. Հարությունյանը, Վայոց ձորի թեմի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի պատասխանատու Ռուզան Կարապետյանը, ինչպես նաև ուսուցիչներ և ծնողներ:
Միջոցառմանը մասնակցում էին հիմնական և ավագ դպրոցի աշակերտները: Յուրաքանչյուր դասարան պատրաստել էր իր զատկական ուտեստներով սեղանը:
Աշակերտները ներկայացրին Սուրբ Զատկի իմաստը, խորհուրդը, տոնին համահունչ ծիսական երգերը, ատարեցին շարականներ:
Միջոցառման ավարտին ողջույնի խոսքով հանդես եկան Հուսիկ Հարությունյանը, Ռուզան Կարապետյանը և դպրոցի տնօրեն Արսեն Ասատրյանը:

Քրիստոնեական դաստիարակության կենտրոն

Advertisements