ԱՇԽԱՐՀԱՄԱՏՐԱՆ ԿԱՆԱՉ ԿԻՐԱԿԻ. ՔԱՐՈԶ՝ ԽՈՍՎԱԾ ՆՈՐԱՎԱՆՔԻ ՈՒԽՏԻ ՕՐԸ


«Ուրեմն դեն գցելով ամեն չարություն, մոտեցեք Նրան՝ Կենդանի Վեմին,
որը Աստուծո առաջ ընտրյալ և թանկագին է»:

Վայոց Ձորի թեմի Փոխառաջնորդ  Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյան

Վայոց Ձորի թեմի Փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյան

Պետրոս առաքյալի սրտառուչ այս խոսքերը բնորոշում են այսօրվա՝ Աշխարհամատրան Կանաչ Կիրակիի խորհուրդը: Տակավին Տիրոջ Հարության այս հոգենորոգ օրերին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչում է աշխարհի առաջին եկեղեցու հիմնադրումը, որի Կենդանի Վեմը Հիսուս Քրիստոսն է: Նրա վրա հիմնվեց Աստուծո տունը՝ Սբ. Եկեղեցին՝ իբրև մարդկության փրկության ճշմարիտ գրավական, ինչպես ասում է Եսայի մարգարեն. «Ահավասիկ ընտիր վեմ եմ դնում Սիոնի մեջ, թանկագին անկյունաքար, և ով նրան հավատա, ամոթով չպիտի մնա»:
Սիրելինե՛ր, Ընդհանրական Սբ. Եկեղեցին Աշխարհամատուռ է կոչվում, քանի որ այն առաջին աղոթավայրն է առաքյալների և առաջին քրիստոնյաների: Այն Վերնատունն է, ուր Վերջին ընթրիքին Հիսուս Քրիստոս հաստատեց Սբ. Պատարագի խորհուրդը, որով միայն կարող ենք հաղորդվել Իր հետ, ընդունել Իր Անապական Մարմինը՝ իբրև մեղաց թողության, իբրև փրկություն: Աշխարհամատրան Կիրակին կանաչ է կոչվում՝ խորհրդանշելով բնության վերազարթոնքը, դրա նմանությամբ Քրիստոսի ճշմարիտ եկեղեցու ծաղկումն ու զարթոնքը: Այսօր Քրիստոսի Սբ. Եկեղեցու հիմնադրության փառապանծ տոնն է:
Ի՞նչ նշանակություն և խորհուրդ ունի այն մեզ համար:
Մարդկության փրկության և հավիտենական արքայության համար մեզ սրբելու, այս աշխարհի փորձությունները հաղթելու, Քրիստոսի Կենարար լույսով մեզ լուսավորելու առաքելությամբ է գործում եկեղեցին աշխարհի վրա:
Եկեղեցին Աստվածային տեսիլքի իրագործումն է աշխարհում, սակայն հավատ, իմաստություն և զոհողություն է պետք Աստվածային տեսիլքով հաստատվածը արժևորելու և ապրեցնելու համար, որովհետև եկեղեցիով է շարունակվում Աստվածային փրկագործությունը:
Նախ, Եկեղեցին միասիրտ, միահոգի, մեկ հավատով ու մեկ մկրտությամբ՝ Սբ. Հոգով միացած հավատացյալների ամբողջությունն է, որը դավանում է Սբ. Երրորդությանը: Ճշմարիտ եկեղեցին հիմնված է Աստվածաշունչի, առաքելաշավիղ վարդապետության և ավանդության վրա: Եկեղեցու գլուխը Քրիստոսն է՝ մեր հավիտենական հովիվը, որ մեզ առաջնորդում է ճշմարիտ հավատի ճանապարհով, դեպի հավիտենական կյանք. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը»: Ահա այս անբեկանելի հավատով է, որ մենք եկեղեցու միջոցով հաղորդակցվում ենք Տիրոջ հետ, վերականգնում նրա հետ մեր միությունը: Ինչպես Հիսուս ունի միավորյալ երկու բնություն՝ անշփոթ, անխառն, Աստվածային և մարդկային: Եկեղեցին՝ իբրև Նրա Խորհրդավոր Մարմին՝ իր բնությամբ ևս Աստվածային ու մարդկային է, և այս խորհրդով որպես Աստուծո և մարդու հաղորդակցության սրբազան վայր է հանդիսանում: Եկեղեցին այս իմաստով դառնում է Աստուծո տուն և բնակավայր, ուր միշտ գործում է Սրբարար Զորությունը Նրա, որով մաքրվում, սրբվում ենք, շնորհներ ստանում, ապրեցնում մեր մեջ Երկնքի Արքայության երանական խորհուրդը: «Եկեղեցին երկինք է երկրի վրա»,- ասում է Սբ. Գրիգոր Տաթևացին, հետևաբար Եկեղեցին Աստուծո Թագավորության ներկայությունն է աշխարհում. «Աստուծո Արքայությունը հաստատվում է երկրում նախ եկեղեցու մեջ իրագործվելով»:
Եկեղեցական խուրհուրդների միջոցով է, որ մաքրվում են ադամական մեղքից, դառնում Քրիստոսի որդեգիր, ակնկալում դառնալ Երկնային անմահ թագավորության ժառանգորդը: Այս ամենին արժանանալու համար եկեղեցին ուսուցանում է մեզ աներեր հավատ ունենալ առ ճշմարիտ Վեմը՝ առ Քրիստոս, ապրել հոգևոր-բարոյական բարձր չափանիշներով՝ ճշմարիտ քրիստոնյայի կյանքով, ուր ատելությանը փոխարինում է սերը, նախանձին՝ եղբայրասիրությունը, բարկությանը՝ խաղաղասիրությունը, ուր չկա կեղծիք, չկա սուտ, ուր կրքերն ու մեղքերը անէանում են: Առաքյալն էլ պատգամում է, որ «դեն գցելով ամեն չարություն, մոտեցեք նրան՝ Կենդանի Վեմին»: Այսպիսի կյանքը մեզ կարժանացնի Աստվածային սիրուն, այսպիսի կյանքով մեր սրտերը և հոգիները կխաղաղվեն ու մենք կսիրենք մեր նմանին, ահա մի բանաձև, որը կբերի խաղաղ, սիրառատ, ներդաշնակ ու հավատով վերածաղկած նոր կյանք: Այս է Աստուծո Կամքը, որով առաջնորդում է մեզ եկեղեցին: Պետք է հասկանալ այն և իրագործել, ապրել դրանով, պետք է մշտապես նորոգվել Նրա սրբարար զորությամբ, որպեսզի մեր կյանքում առկա փորձություններն ու դժվարությունները հաղթահարելով՝ ընթանանք դեպի փառաց Արքայություն:
Ահա սա է մեր մարտնչող եկեղեցու առաքելությունը, որ հիմնադրման օրից՝ Սբ. Հոգու իմաստությամբ զինված, պայքարում է կործանարար փորձությունների դեմ՝ առաջնորդելով մեզ դեպի Աստված, ինչպես Դռնբացեքի արարողության այս հատվածում է գրված. «Նրանով ենք ծնվում իբրև լույսի և ճշմարտության զավակներ և նա մեզ համար կյանքի հույս է և նրանով ենք գտնում հոգու փրկություն, և նա մեզ համար արդարության ճանապարհ է և նրանով ենք ելնում մեր Երկնավոր Հոր՝ Քրիստոսի մոտ»:

Սիրելինե՛ր, Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին իր շուրջ 2000 ամյա առաքելությամբ այս հավատով է առաջնորդում մեր ազգին: Ավելի քան 2000 տարիների ընթացքում քրիստոնեությունը մեր կյանքի շողերը սփռելով Հայոց Եկեղեցու միջոցով, իր դրոշմն է դրել ոչ միայն մեր արվեստի, պատմության և մշակույթի վրա, այլև մեծապես իրենով է պայմանավորել մեր ժողովրդի ողջ հոգեկերտվածքը՝ ընտանեկան հարաբերություններից և կենցաղական բարոյական արժեհամակարգից մինչև աշխարհայացքային ամենաբարդ և նրբին հարցերը: Մեր Սուրբ Եկեղեցին անբեկանելիորեն շաղկապված է մեր անցալին և ներկային ու բնական է, որ մեր ժողովրդի ինքնությունն ու իդեալները բյուրեղացել են իր մեջ: Նա, լինելով մեր ազգի միավորող գերակա հզոր ուժ, միշտ առաջնորդել է մեզ մեր պատմության դաժան քառուղիներով, պաշտպանել մեզ ու չի երերացել, չի սասանվել, մնացել է կանգուն մեր լեռների պես:
Հռոմեացիներ, բյուզանդացիներ, պարսիկներ, արաբներ, թաթարներ, թուրքեր, անգամ չարածին գաղափարախոսություններ՝ համայնավարական, աղանդավորական չկարողացան սասանել իր հիմքը, քանզի Սուրբ է այն և անշարժ, ինչպես ասում է Պողոս առաքյալը, քանզի իր Ճարտարապետն Աստված է ամենակալ, իսկ շինարարները՝ Առաքյալներն ու Լուսավորիչը, իսկ իր ամրակուռ պատերի շաղախը մեր Սուրբ նախնիների, մեր նահատակած արյունն է սրբազան: Հաղթական է այն մեր Տիրոջ նման: Այս ամենը գիտակցելով է, որ հայը, անցնելով իր խաչի ճամփան, չարչարվել, խաչվել, թաղվել, ապա հաղթականորեն հարություն է առել, քանի որ հայի Աստվածը՝ Հիսուս Քրիստոսը, հաղթանակի Աստված է, իսկ Եկեղեցին հաղթական և Սուրբ:
Սիրելինե՛ր, այսօր դժվարություններով լցված մեր կյանքում հաճախ վհատվում ենք և հուսահատվում: Միշտ էլ դժվարություններ եղել են ու կլինեն, բայց միշտ հիշեք մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խաչի ճանապարհը, որը հաղթական ավարտ ունեցավ, միշտ հիշենք մեր հավատավոր նախնիների անկոտրուն կամքն ու հավատը, նրանց անմնացորդ նվիրումը մեր Սուրբ Եկեղեցու հանդեպ, ուր ուխտի գալով՝ սրբազան ակնածանքով խոնարհվում էին մեր փրկության Կենդանի Վեմին և զորությամբ, հույսով, քաջությամբ լցվելով՝ հաղթում բազում փորձություններ և դժվարություններ: Նրանց այդ հավատը մեր ներկայի ապացույցն է: Թեկուզ դժվար է մեզ համար այսօր, բայց մենք կանք իբրև հաղթանակած ազգ՝ առյուծածին սերունդներ տվող, մշակույթ կերտող ու արարող: Այսօր էլ մեր հավաքական ողջ զորությամբ ուխտի ենք եկել մեր պատմական, սքանչելազարդ Նորավանք՝ նորանալու, զորանալու, Տիրոջ հարության բերկրանքով լցվելու, մեր պապերի անմահանուն հոգիներին հաղորդակցվելու, մեր Աստծու հանդեպ ունեցած սերը սփռելու մեր հավատավոր իշխանազուների շիրիմներին, քանզի ուխտը նախ սիրո նշան է, զոհողության տեսակ, երախտիքի արտահայտություն, դաշինք է այն Աստուծո և մարդու միջև: Այսօրվա մեր ուխտի էությունը մեր միասնականության, հավաքականության մեջ է, քանզի մեր միասնականությունն է Աստուծո Եկեղեցին: Այսօրվա մեր ուխտը թող լինի մեր նախնյաց ոգեղեն կտակի կատարումը՝ չհեռանալ ճշմարիտ հավատից և մեր սրբազան եկեղեցուց, միշտ սիրել նրան, սրբվել նրանով, հաղթել նրա համար:
Հոգեպարար այս պահին, երբ փառաբանվում է Քրիստոսի առաջին եկեղեցու հիմնադրությունը, հետևապես մեր Սուրբ Եկեղեցու տոնն է նաև: Մաղթում եմ, որ Ահարոնի ծաղկյալ գավազանով Ամենայն Հայոց Հայրապետն մեր Ն. Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Կաթողիկոսն հովվի աշխարհասփյուռ հայությանն և նրա գահակալության երկար և արևշատ տարիներն հաջորդեն իրար՝ նորանոր իրագործումներով: ՈՒրախությամբ նշեմ, որ Վեհափառ Հայրապետի անմիջական հոգածության ներքո է գտնվում Նորավանքի սրբազան վանական համալիրն:
Երախտագիտության խոսք ենք ուղղում թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանին, ում անհատնում ջանքերով իրականացավ հրաշագեղ այս սրբավայրի վերակառուցման աշխատանքների կազմակերպումը:
Նորավանքի թանգարանում կարող եք դիտել կիսաավեր այս հրաշքի վերակառուցման ընթացքը: Երախտիքի խոսք եմ ուղղում Նորավանքի ազնիվ բարերարներ տեր Տիգրան և տիկին Դիանա Հաճեթյաններին, որոնց գիտակից, ազնիվ բարերարությամբ իրականացավ Վայոց ձորի մարգարիտի՝ Նորավանքի վանական համալիրի և շրջակա ողջ տարածքի վերակառուցումն: Ցավոք, հարգարժան տիար Տիգրան Հաճեթյանն ի Տեր հանգավ, որի մարմինն ամփոփված է սրբազան այս վայրում: Աստված ի Վերին Երուսաղեմի լուսո հարկերի մեջ պայծառացնի հոգին, իսկ տիկին Դիանա Հաճեթյանին մաղթենք քաջ առողջություն, երկար կյանք և իր ազգային և եկեղեցանվեր գործունեության շարունակության մեջ՝ զորություն և ուժ, ում ազնիվ բարերարությամբ ամեն տարի իրականանում է ուխտի այս օրվա հանդիսությունների և սիրո ճաշի կազմակերպումը:
Ուժ և կորով մաղթենք նաև վերակառուցման ճարտարապետ պարոն Հրաչյա Գասպարյանին, ում ճարտարապետական տաղանդի շնորհիվ Նորավանքն ստացավ իր նախկին տեսքն:
Հոգու պարտք է մեզ համար այսօր հիշել երջանկահիշատակ Գարեգին Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով Աստծուց զորացած իր երկրային վերջին օրերին՝ իբրև հովիվ քաջ, 1999թ.-ին վերաօծեց Նորավանքն: Թող նրա հավիտենական հիշատակն օրհնությամբ լինի:
Հիշենք նաև լուսահոգի Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանին, ով կարևոր դերակատարում ունի Նորավանքի վերակառուցման գործընթացին, ինչպես նաև՝ Նորավանքի լուսահոգի վանահայր Զավեն աբեղա Հովհաննիսյանին:
Թող մեր այսօրվա ուխտն ընդունելի լինի Բարձրյալի կողմից, թող Նա իր երկնառաք օրհնությամբ պահի, պահպանի բոլորիս, թող Աշխարհամատրան այս լուսապայծառ տոնը ծաղկեցնի մեր հոգիներում՝ առաքինությունների և հաղթանակների ադամանդակուռ ծառը, որի պտուղներով սերունդներ ծնվեն՝ դառնալով մեր Սուրբ Եկեղեցու և հայրենիքի հավատավոր լուսո որդիք՝ միշտ միահյուսված մեր փրկության տաճարի Կենդանի Վեմին՝ մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսին, որին վայել է փառք, հավիտյանս, Ամեն:

Տեր Զարեհ վրդ. Կաբաղյան
Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ
04. 05. 2014թ.

 

Advertisements

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s