Վայոց Ձորի թեմ

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ

Advertisements

Հունիսի 4-ին Եղեգնաձորի թիվ 2 մանկապարտեզում նշվեց Համբարձման տոնը: Մանկապարտեզներում հաճախ են կազմակերպվում հանդեսներ, տարբեր միջոցառումներ՝ երեխաների առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու համար: Համբարձման տոնը լավագույն առիթն էր հերթական հանդեսն անցկացնելու համար: Միջոցառման կազմակերպիչ Սոֆյա Հովսեփյանը, կարևորելով հայեցի դաստիարակությունը, ասաց. «Համբարձումը մեր ժողովրդի ամենասիրված ու կարևոր տոներից մեկն է: Երեխաների մասնակցությունը տոնին ամենաազգանվեր գործն է, այսպիսով` երեխաները, բուն արմատից՝ մանկապարտեզից, դաստիարակվում են որպես հայ»:

Մանկապարտեզի սաներն ուրախ երգերով, բանաստեղծություններով, բեմադրություններով ներկայացան իրենց ծնողներին: Փոքրիկ աղջիկները, անուշահոտ ծաղիկներով զարդարված, և տղաները՝ հայկական տարազներով, երգում էին ու պարում ժողովրդական երգեր ու պարեր, որոնք հատկապես կապված են տոնի հետ: Քանի որ Համբարձման տոնի ժողովրդական սովորույթներից է վիճակ գցելը, փոքրիկները, մեծ ոգևորությամբ «Ջան գյուլում, ջան, ջան» երգելով, վիճակ էին հանում:
Հանդեսի երկրորդ մասում երեխաները ներկայացրին իրենց ստացած գիտելիքները, քանի որ նրանք այս տարի հրաժեշտ են տալիս մանկապարտեզին և նրանց կյանքում սկսվում է մի նոր փուլ:
Հանդեսից հետո օրհնանքի խոսք ասաց Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը, Մանկապարտեզի տնօրեն Նատալյա Սողոմոնյանը շնորհավորեց փոքրիկներին, ծնողներին՝ նշելով, որ իրենց աշխատանքի արդյունքում դաստիարակել են արժանի սաներ, ովքեր իրենց մանակապարտեզի պատիվը բարձր կպահեն դպրոցում:
Դահլիճը լեփ-լեցուն էր, պատճառը պարզ է. մանուկները մեր ներկան են, կյանքը սնուցող երակը, ապագայի հույսն ու երաշխիքը, նրանց աջակցելը եւ ոգևորելը, ձեռքբերումները տեսնելը եւ դրանք խրախուսելը, մեր մեծերիս պարտքն ու ցանկությունն է: Փոքրիկները մտան կյանքի նոր ու կարևոր փուլ, սեպտեմբերի մեկին նրանք արդեն դպրոց են հաճախելու:

Երջանիկ ապագա մաղթենք բոլոր երեխաներին:

Քրիստոնեական դաստիարակության կենտրոն

 

Advertisements