ՍՈՒՐԲ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ. ԱՊԱՇԽԱՐՈԻԹՅՈԻՆ


apashxarutyunԱպաշխարել նշանակում է զղջումով ցավել գործած մեղքի համար, խոստովանել այն եւ ձգտել թողություն ստանալ Աստծուց: Ըստ այդմ էլ եկեղեցու հայրերը ուսուցանում են, որ ապաշխարությունը բաղկացած է երեք մասից, որոնք են՝ սրտի զղջումը, խոստովանությունը եւ հատուցումը: Սուրբ Գրիգոր Տաթեւացին այս բաժանումը բացատրում է նրանով, որ մեղքերը գործվում են երեք ձեւով՝ խորհրդով՝ սրտով ու մտքով, խոսքով եւ գործով, հետեւաբար երեք ձեւով էլ պիտի ապաշխարենք:
Իսկ ապաշխարությունը որպես խորհուրդ ինչպե՞ս է կատարվում:
Մեղանչողը նախ պետք է ճանաչի, ընդունի իր անհնազանդությամբ թույլ տված Աստծուն անհաճո արարքը կամ անգամ մեղանչական միտքն ու խոսքը, ապա սրտանց զղջում ապրի թույլ տվածի համար, միաժամանակ, մտադրվելով, հոգեպես վճռելով այլեւս չմեղանչել: Այս ներքին հոգեկան փոփոխությունը, շրջադարձն ապրելուց հետո ապաշխարողը դիմում է օծյալ քահանային՝ խոստովանելու համար: Խոստովանությունը հենց զղջման արտահայտությունն է ու, միաժամանակ, անձի ինքնաճանաչմանը նպաստող լավագույն ճանապարհն է: Հայոց Սուրբ եկեղեցում ընդունված է խոստովանվելու երկու կարգ, ա) անհատական եւ բ) ընդհանրական: Խոստովանողները Պատարագից աոաջ Սուրբ Խորանի առաջ ծնկի են իջնում, եւ խոստովանահայրն ընթերցում է զղջման աղոթքը: Զղջման աղոթքը հայտնի է «Մեղա…» անունով, որի հեղինակը Սբ. Գրիգոր Տաթեւացին է: Զղջման աղոթքում թվարկվում են մտքի, մարմնի, լեզվի ու ձեռքի չար գործերն ու հակումները: Խոստովանությունից հետո քահանան արձակում է տալիս՝ թողություն է շնորհում:
Որպեսզի մեղքն այլեւս չկրկնվի, խոստովանահայրը, արձակում տալուց հետո, տվյալ մեղքի դիմաց նշանակում է հատուցում: Մի դեպքում այն արտահայտվում է ծոմապահությամբ, մեկ այլ դեպքում՝ հատուկ աղոթքներով, կամ ողորմություն անելով: Աստված շնորհել է մեզ ապաշխարության խորհուրդը՝ իմանալով, որ մեղքի հակում ունեցող մարդը պիտի դժվարանար պահել մկրտության ավազանի շնորհները: Եվ եթե մկրտության խորհրդով մարդն ազատվում է ադամական մեղքից, ապա ապաշխարության խորհրդով նա թողություն է ստանում մկրտությունից հետո գործած մեղքերից: Եվ հավատացեք, այնչափ մեծ է լինում Աստծու ուրախությունն ու ցնծությունը, երբ նրան որդեգրվածն ապաշխարությամբ դարձի է գալիս, քանի որ Աստված սեր է՝ անսահման ու գթառատ: Եվ եթե մարդն ընդունակ է ներելու մարդուն, որքան աոավել ներողամիտ է Աստված ապաշխարողի նկատմամբ: Ոմանք հարցնում են, թե ապաշխարելու ժամանակ, կամ հաղոդություն ընդունելիս տարիքային սահմանափակում արդյոք կա՞: Ոչ, չկա: Արդեն գիտենք, որ նույնը վերաբերում է նաեւ մկրտությանն ու դրոշմին: Հարցն այն է, որ հաղորդություն կարող է ստանալ միայն մկրտված անձը եւ միայն ապաշխարելուց, մեկ օր ծոմ պահելուց հետո: Ի դեպ ասեմ, որ ապաշխարել նշանակում է պատրաստվել հաղորդություն ընդունելու:
Արդեն գիտենք, որ մեծ պահքի շրջանը համարվում է ապաշխարության շրջան, որով քրիստոնյաները նախապատրաստվում են Սուրբ հաղորդություն ընդունել Հարության փառապանծ տոնին: Վերադառնալով հաղորդության խորհրդին՝ նշեմ, որ այն հաստատել է ինքը՝ Տերը. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը», հետո «խմեք դրանից, որովհետեւ այդ է նոր ուխտի իմ արյունը, որ թափվում է ձեր մեղքերի, ձեր քավության ու թողության համար»: Առաքյալները այս անում էին սիրո ընթրիքների ժամանակ: Այսօր էլ Սուրբ Պատարագի ամբողջ ընթացքը յուրօրինակ հոգեւոր «ընթրիք» էր, որի ընթացքում հատուկ աղոթքներով, երգեցողությամբ ու ընթերցումներով օրհնվում են բաղարջ հացն ու անապակ գինին՝ Սուրբ Հոգու զորավոր ներգործությամբ վերափոխելով այն Տիրոջ մարմնի եւ արյան:

Տ. Զարեհ վրդ. Կաբաղյան
Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ