ՍՈՒՐԲ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ. ՁԵՌՆԱԴՐՈԻԹՅՈՒՆ


Եկեղեցու հինգերորդ խորհուրդը կոչվում է քահանայական ձեռնադրություն, որով միշտ եկեղեցու մեջ է մնում առաքելական օրինավոր հաջորդականությունը, որովհետեւ Հիսուս Քրիստոս է հավիտենական քահանայապետը (Եբր. Դ 14):
Ձեռնադրություն, նշանակում է կրոնավորական աստիճանի կամ կարգի տվչություն, շնորհաբաշխում, որը կատարում են բարձրաստիճան հոգեւորականները՝ ձեռնադրվողի գլխին ձեռք դնելով: Այդ իրավունքն ունեցող հոգեւորականները նախ՝ կաթողիկոսն ու պատրիարքներն են, ապա եպիսկոպոսները, քանի որ նրանց տրված է ձեռնադրելու իշխանություն: Ձեռնադրությունը նվիրագործվում է օծումով:
Ձեռնադրության խորհուրդը հաստատել է Տեր Աստված: Դեռեւս Հին Կտակարանից մեզ հայտնի է, թե ինչպես Իսրայելի առաջնորդները՝ լիներ մարգարե, թե թագավոր, Աստծու կարգադրությամբ, իրենց հաջորդող էին ձեռնադրում, այսինքն, իրենց ունեցած փառքն ու աստվածային շնորհները փոխանցում էին արժանավորին: Մովսեսը ձեռնադրեց Հեսուին, Սամվելը թագավոր օծեց Սավուղին եւ այլն:
Իսկ Սուրբ Ավետարանի քարոզչության համար արժանավորների ընտրություն կատարողն ու նրանց հոգեւոր իշխանություն շնորհողը եղավ Քրիստոս:
Իր Հարությունից հետո, այցելելով 12 աշակերտներին, Հիսուս նրանց հաստատեց հոգեւոր ծառայություն մեջ՝ ասելով. «Ինչպես իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ուղարկում եմ ձեզ»: Այս ասելուց հետո Տերը նրանց վրա փչեց Սուրբ Հոգին ու իշխանություն տվեց քարոզելու Աստծու խոսքը, բժշկելու, մեղքերի թողություն տալու, կատարելու աստվածային բոլոր Սուրբ խորհուրդները: Հոգեւոր այդ իշխանությունը հետագայում առաքյալները Սուրբ Հոգու շնորհիվ փոխանցել են իրենց հաջորդներին՝ ձեռնադրելով սարկավագներ, քահանաներ ու եպիսկոպոսներ. «Նրանց կանգնեցրին առաքյալների առաջ եւ աղոթք անելով, նրանց վրա ձեռք դրեցին» (Գործք.Զ 5): Եկեղեցու ձեռնադրված պաշտոնյաների աստիճանակարգված իշխանությունը կոչվում է նվիրապետություն: Ներկայումս Հայոց եկեղեցու նվիրապետական կառույցը բաղկացած է 9 աստիճանից: Առաջին վեցը փոքր աստիճաններն են եւ կազմում են դպրաց դասը, դրանք են՝ դռնապանություն, ընթերցողություն, երդմնեցուցչություն, ջահընկալություն, կիսասարկավագություն, սարկավագություն:
Եկեղեցու նվիրապետության հաջորդ երեք աստիճաններն են, որ խորհրդագործական նշանակություն ունեն: Դրանք են՝ քահանայություն, եպիսկոպոսություն եւ կաթողիկոսություն:

Տ. Զարեհ վրդ. Կաբաղյան
Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ