ՍՈՒՐԲ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ. ՊՍԱԿ


«Արդ, ինչ որ Աստված միացրեց,
մարդը թող չբաժանի»
(Մատթ. 19:6-7):

ՍՈՒՐԲ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ. ՊՍԱԿՄեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի այս սրբատառ պատգամը լուսաբանում է պսակի խորհրդի իմաստը, որը մեր Եկեղեցու վեցերորդ սրբազան խորհուրդն է:
Ավետարանը պատմում է, որ, Հիսուս մի օր Գալիլիայում իր ուսուցումները ավարտելով, բազմությամբ եկավ Հորդանանի մյուս ափը: Փարիսեցիները, փորձելով ամեն կերպ զրպարտել Հիսուսին, ահա այսպիսի հարց տվեցին. «Օրինավո՞ր է, որ մեկն իր կնոջն արձակի ամեն մի հանցանքի պատճառով»: Իսկ Հիսուս աստվածային իմաստությամբ պատասխանեց նրանց, որ Արարիչը սկզբից արու ու էգ ստեղծեց նրանց, սակայն միացրեց մեկ մարմին դարձրեց, այլ ոչ երկու, ապա ավելացրեց. «Ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»: Հիսուս խրախուսեց ամուսնությունը, պսակը, քանի որ արու ու էգ պսակադրվելով՝ պիտի սերնդագործեին, այսպիսով շարունակելով աստվածային արարչագործությունը:
Սուրբ Պսակը՝ ամուսնությունը տղամարդու եւ կնոջ, նախապես սահմանեց Արարիչ Աստված աոաջնաստեղծ մարդկանց՝ Ադամի եւ Եվայի համար, որոնք աստվածային հրամանով անբաժանելի մնացին եւ Աստծու օրհնությամբ ստեղծեցին մարդկանց սերունդը: Աստված ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանությամբ…Եվ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, արու եւ էգ ստեղծեց նրանց: Աստված օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցեք եւ բազմացեք, լցրեք երկիրը»»(Ծննդ. 1:26- 2):
Աստված ի սկզբանե հավասար արժեք տվեց երկու սեռերին ու նրանց մարդ անվանեց: Պատգամեց պատշաճ ապրել, աճել, բազմանալ, լցնել երկիրն ու տիրել նրան: Այս ամենն ընթերցում ենք Աստվածաշնչի Ծննդոց գրքի աոաջին գլխում: Իսկ ահա երկրորդ գլխի ընթերցումից իմանում ենք, թե ինչպես. «Տեր Աստված մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կենդանության շունչ փչեց եւ մարդը եղավ կենդանի էակ: (Ծննդ 2:7): Հողածին մարդ արարածի անունը Ադամ դրեց, որ նշանակում է հենց «երկրային», «մարդ»: Աստված բնակեցրեց նրան դրախտային պարտեզում: Ադամը միայն սկզբում էր հիանում իր շրջապատով, հետո թախծեց, որովհետեւ չկար իր նման, իրեն հասկացող մի ընկեր, օգնական: Ապա. «Տեր Աստված թմրություն բերեց Ադամի վրա, եւ սա քնեց: Աստված հանեց նրա կողոսկրերից մեկը եւ այդ տեղը մաշկով ծածկեց: Տեր Աստված Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց եւ նրան բերեց Ադամի մոտ: Ադամն ասաց. «Այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից եւ մարմին՝ իմ մարմից»: (Ծննդ.2:20-23): Ադամն իր կնոջը կոչեց Եվա, որը նշանակում է «կյանք», «որովհետեւ նա է բոլոր մարդկանց նախամայրըե (Ծննդ. 3:20): Մարդկային երկու արարածների բնության, ներքին կերտվածքի նույնությունն ու հենց փոխադարձ ձգտման անհրաժեշտությունն ի նկատի ունենալով՝ Աստված ասաց. «Տղամարդը, թողնելով իր հորն ու մորը՝ պիտի միանա իր կնոջը, եւ երկուսը պետք է լինեն մի մարմին (Ծննդ. 2:24): Աստված օրհնեց նրանց: Այդ օրհնությունը նաեւ կյանքի զորացման, պտղաբերության եւ սերնդագործության մաղթանք էր:
Ահա այսպես Աստված հաստատեց Սուրբ Պսակի խորհուրդը երկրի վրա, խորհուրդ, քանի որ ամուսինների միությունը օրհնվում եւ կնքվում է Աստծու անունով, իսկ մենք մեր հավատքով հաստատում ենք, որ ամուսնությամբ երկուսը մեկ են դառնում, անբաժանելի ամբողջություն՝ մեկ սիրտ ու հոգի: Պսակի արարողությունը սիրո ու հավատարմության ուխտ է երկու անձանց միջեւ: Տղամարդը խոստանում է տեր ու պաշտպան լինել իր կնոջը, իսկ կինը՝ լինել ամուսնու իրական օգնականը՝ սիրող ու հնազանդ: Եկեղեցում՝ Աստծու եւ հանրության աոջեւ հանդիսավոր այս խոստումից հետո քահանան, որպես Աստծու ծառա ու փոխանորդ, աղոթում եւ օրհնում է զույգին: Պսակի Սուրբ արարողությամբ՝ ընտանիք կազմելու նպատակով միավորվողներն ստանում են Սուրբ Հոգու շնորհը, որով ամրապնդվում է սիրո դաշինքը նրանց համատեղ կյանքի համար՝ հոգեւոր միությունը:
Պսակն օրհնելիս քահանան ասում է. «Աստված սրանց մեջ է», այսինքն պսակադրվողները կապվում են Սուրբ Հոգով: Սուրբ Հոգին ընտանիքն օղակող սերն է: Այս ամենով չափազանց կարեւորվում է պսակադրության խորհուրդը:
Քրիստոնեական ամուսնությունը Պողոս աոաքյալը նմանեցնում է Հիսուս Քրիստոսի եւ նրա Եկեղեցու փոխադարձ սիրուն, անխափանելի միությանը՝ ասելով.
«Մարդն է գլուխը կնոջ, ինչպես որ Քրիստոս գլուխն է Եկեղեցու եւ ինքն է փրկիչն այդ մարմնի: Եվ ինչպես Եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, նույնպես եւ կանայք թող հնազանդվեն իրենց մարդկանց…. մարդիկ սիրեցեք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոս սիրեց Եկեղեցին… (Եփես.5:23):
Այսպես, տեղին է մատնանշել պսակի արարողության մի քանի պահեր եւ մեկնել դրանք: Սուրբ Պսակի արարողության ժամանակ փեսայի ու հարսի մատին դրվող մատանին խորհրդանշում է նրանց միության անխախտելիությունը՝ համաձայն Տիրոջ այն պատվիրանի, թե. «…Ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»: Վառվող մոմերը հոգեւոր ուրախության ու աստվածատուր շնորհի խորհրդանիշն են: Պսակվողների գլխին դրվող թագերը նրանց ողջախոհության նշանն են: Սուրբ Պսակով օրհնվող ընտանիքը փոքրիկ թագավորություն է՝ փեսան թագավորն է, հարսը՝ թագուհին, ապագա զավակները՝ նրանց հպատակները: Իսկ գինին, որ խմում են նորապսակները, խորհրդանշում է նրանց լուռ խոստումը՝ իրենց համատեղ կյանքի ընթացքում կիսելու թե ուրախությունները, թե դառնությունները:
Սիրելի բարեկամ, մեկ անգամ եւս ուզում եմ ընդգծել, որ անմնացորդ սերն է ընտանեկան կառույցն անխախտ պահողը, ինչն ամեն պարագայի պատգամում է Պողոս աոաքյալը. «Ձեր ամեն ինչը սիրով թող լինիե (Ա Կորնթ. Ա16:24): Սիրով ծառայեք միմյանց» (Դաղ. 5:13), որպեսզի առավել զորանաք Սուրբ Հոգով, աստվածային լիառատ օրհնությամբ եւ ոչ ոք չկարողանա բաժանել ձեզ աստվածային միացումից հետո:

Տ. Զարեհ վրդ. Կաբաղյան
Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ

 

Advertisements