ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԽԱՉԻԿ ԳՅՈՒՂ


Հուլիսի 6-ին Վայոց ձորի թեմի Երիտասարդաց միության անդամներն Արսեն սարկավագ Մաթևոսյանի հետ կազմակերպեցին ուխտագնացություն Վայոց ձորի սահմանամերձ Խաչիկ գյուղի սրբավայրերը:
Խաչիկ գյուղը գտնվում է Հայոց Լեռների դեպի արևմուտք նայող լանջի վրա։

Գյուղից դեպի Շարուրի դաշտը և Արարատ լեռը բացվում է հազվագյուտ գեղեցկությամբ` լայնատարած և չքնաղ տեսարան։
Եղեգնաձորից եկած ուխտավորներին Խաչիկ գյուղում միացան գյուղի երիտասարդները: Նրանք միասին աղոթք հղեցին առ Աստված` գյուղամիջում 1888 թ.-ին կառուցված (ինչպես գյուղացիներն են ասում) Ժամում:
Ժամում առաջին ծիսակատարությունը տեղի է ունեցել 1901 թվականին:
Այնուհետև ուղևորվեցին Հնգզարաթ, որը եղել է ուխտատեղի, որտեղ տարվա ընթացքում 3-4 անգամ ամբողջ գյուղը հավաքվել է։ Պատերը շարված են կոշտ քարերով, առանց շաղախի։ Կտուրը ծածկելուց հետո քանդվել է. կրկին ծածկ են դրել, բայց իզուր։ Մինչև հիմա էլ մնում է «Հնգզարաթը ծածկ չի վերցնում»արտահայտությունը:
Ճանապարհը շարունակելով՝ հասան Հին Գյուղը, որտեղ կային բավականին լավ հղկված գերեզմանաքարեր, մի քիչ հեռու՝ սովորական գերեզմաններ՝ անմշակ տապանաքարերով։ Ժամի Թիլում եղել է եկեղեցի կամ ժամ, որի գավթում թաղվել են երևելի մարդիկ:
Վերջին սրբավայրը, ուր այցելեցին ուխտավորները, Խաչիկ գյուղից հյուսիս գտնվող նշանավոր «Քարկոփ» կամ «Խոտակերաց» վանական համալիրն էր։ «Քարակոփ» Վանքի հարավային պատի ծավալուն արձանագրությունը վկայում է, որ վանքը կառուցվել է Սյունյաց Աշոտ իշխանի կողմից, սակայն 9-րդ դարի վերջում տեղի ունեցած ահեղ երկրաշարժի հետևանքով այն քանդվել է, իսկ Աշոտի մահից հետո նրա կինը` Շուշանիկ իշխանուհին, վերականգնել է այն՝ ավելի փառահեղ տեսքով՝ ի հիշատակ իր ամուսնու։
Վանքի օծման արարողությունը կատարվել է 910 թվականին, որին ներկա են եղել Հայոց Կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին:
Վանքից 300մ դեպի հարավ-արևելք գեղատեսիլ գոգավորության մեջ՝ սառնորակ աղբյուրների հարևանությամբ, 1271 թվականին կանգնեցվել է երկաստիճան պատվանդանով Խաչքար՝ ի պատիվ Ստեփաննոս Օրբելյանի` Խաչիկ գյուղ նրա կատարած այցելության առիթով։
Սահմանամերձ Խաչիկ գյուղում՝ իրական հերոսների աշխարհում, անկրկնելի բնության գրկում ապրում են հրաշալի մարդիկ: Հայի ուժը, հպարտությունը մեր սարերի, մեր լեռների հետ է կապված: Հաճախ այցելե՛ք մեր լեռնային հերոսացած սահմանապահ գյուղեր, պահենք, պահպանենք ցանկացած քար ու թուփ, հարգե՛ք սահմանը պահող իմաստուն գյուղացուն:
Հայի փրկությունը իրար սիրելու, հարգելու և իր երկրի յուրաքանչյուր անկյուն գնահատելու մեջ է:

Երիտասարդաց միություն

Advertisements