ՍՈՒՐԲ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ. ԿԱՐԳ ՀԻՎԱՆԴԱՑ ԿԱՄ ՎԵՐՋԻՆ ՕԾՈԻՄ


Եկեղեցու յոթերորդ խորհուրդն է հիվանդների կարգը: Այն կատարվում է հիվանդների վրա ձեռք դնելով եւ աղոթելով, կամ օծմամբ՝ օրհնյալ յուղով:
Հիսուս սահմանեց այս խորհուրդը հիվանդների բժշկության համար. «Հիվանդներին բժշկեցեք» (Մատթ. Ժ 8), հատկապես շեշտվում է հիվանդների վրա ձեռք դնելով բժշկվելը. «Հիվանդների վրա ձեռք դրեցին եւ բժշկեցին»:
Այսպես է, քանի որ Հիսուս ինչը, որ սովորեցնում էր, ինքն էլ էր անում (Գործք Ա 1, Ղուկ. Դ 41), նշեցինք նաեւ, որ օծյալ յուղով էլ բժշկում էին: Այս յուղը հարկավոր է նաեւ վերջին օծման ժամանակ: Հակոբոս առաքյալն ասում է. «… հիվանդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին եւ նրա վրա թող աղոթք անեն, թող յուղով օծեն նրան Տիրոջ անունով» (Հակ. Ե 14): Գլխավորագույն աղոթքն այս պարագային «Փառաւորեա ցայս…» աղոթքն է եւ Հիսուսի անունը: Այս երկու զորությունից առկայծող լույսը միայն կարող է լուսավորել հիվանդի, տկարի, անգամ մահամերձի սիրտը:
Հայաստանյայց եկեղեցին չսահմանեց հատուկ եւ պարտադիր ձեւով հիվանդի սուրբ յուղով օծումը, միայն Հովհաննես Իմաստասեր կաթողիկոսը, Դվինում ժողով գումարելով, 32 կանոններ սահմանեց: Միայն մեկ կանոն էր վերաբերում դրան. «Ձէթ օծության հիվանդաց քահանայն օրհնեսցէ ըստ իրում աղոթից եւ ըստ ժամուն պիտոյից» (Կանոն 11): Սակայն այս էլ հետագայում չհաստատվեց եկեղեցում:
Հետագայում վերջին օծումը ընդունվեց միայն հոգեւորականաց դասի թաղման ժամանակ: Խորհուրդների մասին խոսքս ուզում եմ ավարտել Լուսավորչի խոսքերով, որոնք ամփոփված են «Հանդիսարան ուղղափառ Հայոց եկեղեցւոյե գրքում: «Զի որպես բուրվառ՝ որ անուշահոտ խնկօք ուրախ առնէ զմերձաւորսն, այնպես եւ դաւանութեան մերոյ եւ մաքրութեան, հոտ՝ բուրեսցի առաջի Քրիստոսի «հանապազ» (Հաճախապատում 7):
Ահա սիրելիներ, խոսեցինք մեր սրբազան եկեղեցու յոթ խորհուրդների մասին:

Տ. Զարեհ վրդ. Կաբաղյան
Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ

 

Advertisements