«ՄԻ ՍՊԱՆԻՐ» ՊԱՏՎԻՐԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՌԱՔԻՆՈԻԹՅՈԻՆՆԵՐ


Այժմ պետք է խոսենք Աստծու կողմից Մովսեսին տրված պատվիրանների մասին:

jesus-nazareth-280«Մի՛ սպանիր» (Ելք 20:13): Հավանաբար շատերը, այս լսելով, կզարմանան՝ համարելով, որ իրենք որեւէ մեկին չեն զրկել կյանքից եւ այդպիսի մտադրություն չունեն: Սակայն արդյո՞ք սպանել ասելով նկատի է առնվում միմիայն արյուն թափելը: Այո՛, ամենից առաջ՝ այդ: Բայց ինչպե՞ս է պատահում, որ հոգի ու բանականություն ունեցող մարդը վերածվում է վայրի արարածի ու կյանքից զրկում իր նմանին: Անշուշտ, զենք գործադրելուն նախորդում են որոշակի մտքեր, որոշակի զգացմունքներ, որոնց գերիշխանությունն է, որ մարդուն մղում է ոճրագործության:
Իսկ որո՞նք են այդ մոլությունները, բարկությունը, նախանձը, ագահությունը, հպարտության մի տեսակը, որ շատերը պատվախնդրություն են անվանում, որն էլ վերջին հաշվով դառնում է վրեժխնդրություն եւ վերջապես ատելությունը, որ բազմապիսի դրսեւորումներով ի վերջո հավասարազոր է սպանության: Թվարկվածը արտահայտելու «գործիքը» նախեւառաջ լեզուն է, ապա նոր՝ դաշույնը, սուրը կամ բռունցքը: Ահա, թե ինչու է իմաստուն առակագիրը զգուշացնում. «Մարդիկ կան, որ իրենց խոսքով խոցում են թրի պես, բայց իմաստունների լեզուները բուժում են»: Ուրեմն, հարկ է, որ ամենից աոաջ մեր միտքն ու հոգին անառիկ դարձնենք այդ մեղսական զգացմունքների դեմ, որոնք մեր հոգեւոր հայրերը դասել են մահացու մեղքերի շարքը, ու լեզուն չվերածենք հոգեսպան զենքի: Ահա այս դեպքում չարիքը կկանխվի:
Պետք է գիտակցել, որ մարդասպանությանը հաճախ հավասարազոր է շատ վատ արարքների դրդելը կամ թողտվությունը: Որքա՛ն պախարակելի մոլուցքներ են տարածվում այս ճանապարհով՝ թղթախաղը, գողությունը, հարբեցողությունը, թմրամոլությունը, հոռի ապրելակերպը եւ այլն:
Մարդասպանություն չէ՞ արդյոք, նաեւ անտարբերությունը անհուսորեն տկարի, անօգնական մեկի հանդեպ՝ լինի նա ազգական, բարեկամ, թե՝ անծանոթ: Ուրեմն, պետք է ավելի զգոն ու հոգատար լինենք մեզ շրջապատողների նկատմամբ ու երբեք չմտածենք, թե մենք ազատ ենք պարտականություններից:
«Մի՛ սպանիր» հորդոր-պատվիրանը վերաբերում է նաեւ անձնասպանությանը: Չէ՞ որ կյանքն Աստծու պարգեւն է: Աստված այն շնորհել է քրիստոնեավայել ապրելու համար: Նա է Արարիչը, եւ նրա պարգեւածը նրան է պատկանում: Ուրեմն, որքան էլ հուսահատությունը մարդկային տրամաբանությամբ իր արդարացումն ունենա, արդարացված չէ Աստծու աոաջ: Եվ ահա թե ինչու, վկայակոչենք Հիսուս Քրիստոսի աշակերտներից մեկի խոսքը. «Չգիտե՞ք, թե ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, եւ որն ստացել եք Աստծուց, եւ դուք ձեր տերը չեք, քանզի մեծ գնով գնվեցիք: Փառավորեցեք Աստծուն ձեր մարմինների մեջ»: Սա պետք է մեկընդմիշտ հիշել նաեւ հաջորդ պատվիրանը պահելու համար. «Մի շնացիր»: «Սուրբ Հոգու տաճար» մեր մարմինները չպետք է պղծենք անպարկեշտ ցանկություններով, անբարո վարքով, իսկ դրա համար ամենից աոաջ պետք է խուսափել միտքն ու հոգին արատավորող բոլոր միջոցներից՝ նաեւ անարվեստ ու գռեհիկ կինոնկարներից, գրականությունից…:
Սուրբ Գրքից հիշենք ջրհեղեղի պատմությունը, ամբողջ մարդկությունը պատժվեց իր անբարո վարքի, Աստծուց հեռանալու պատճառով, եւ միայն Նոյն իր ընտանիքով փրկվեց: Կամ՝ Սոդոմ եւ Գոմոր քաղաքների կործանումը, որ դարձյալ այս մեղքի պատճառով էր:
Աստված պատվիրում է նաեւ չգողանալ, սուտ չվկայել, ուրիշի ունեցվածքին աչք չդնել: Բայց մեր շրջապատում շատերն են ոտնահարում այս պատվիրանները: Արդյո՞ք նրանք չեն գիտակցում այդ:
Սիրելիներ, ինչպես արդեն ասացի, յուրաքանչյուր պատվիրանը կատարելու համար ամենակարեւորը մեր սրտում ծնվող չար ցանկություններին, զգացմունքներին հակազդելն է: Կրկին անդրադառնանք մահացու համարվող մեղքերին. դրանք են՝ հպարտությունը, նախանձը, բարկությունը, անառակությունը, ագահությունը, որկրամոլությունը, ծուլությունը: Սրանցից չե՞ն արդյոք ծնունդ առնում բոլոր չարագործությունները՝ սպանությունը, գողությունը, ուրիշի ունեցվածքին, նաեւ իրավունքին աչք դնելը, ստախոսությունը, խարդախությունը, զրպարտությունը, բամբասանքը, դավաճանությունը եւ այլն: Իսկ մեղք գործելով՝ յուրաքանչյուր ոք դադարում է Աստծու սպասավորը լինելուց եւ, եթե չի զղջում ու ապաշխարում, ապա անպայմանորեն պատժի է արժանանում: Հետեւաբար, եթե ականջալուր լինես Տիրոջ ամենամեծ պատվիրանին, այն է. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով», եթե հոգիդ դարձնես միմիայն բարի զգացմունքների «շտեմարան», ապա այդ զգացմունքներից գերագույնը՝ սերը, կփառավորի ներաշխարհդ ու, որպես աստվածային սիրո կրող, անձդ կդառնա բարին ու գեղեցիկը ստեղծող:

Տ. Զարեհ վրդ. Կաբաղյան
Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ

 

Advertisements