Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում բացվեց Ալիկ Մելքոնյանի անվան դասարան


Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում բացվեց զոհված ազատամարտիկ Ալիկ Մելքոնյանի անվան դասարան: Այդ դասարանը բացելու նպատակը ոչ միայն Ալիկին հավերժացնելն ու հիշելն է, այլև` նոր սերնդին Ալիկի ոգով, այսինքն՝ հայրենիքին անմնացորդ նվիրված մարդու օրինակով դաստիարակելն է:

 

Զոհված ազատամարտիկի դասարանում սովորելու են յուրաքանչյուր ուսումնական տարին լավագույն արդյունքներով ավարտած դասարանը՝ մեկ ուսումնական տարի ժամկետով, իսկ Ալիկ Մելքոնյանի աշակերտական նստարանին յուրաքանչյուր շաբաթ կնստի այդ դասարանում սովորող այն աշակերտը, ով շաբաթվա ընթացքում կունենա  էական առաջընթաց՝ գիտելիքների առումով ու լավ վարքագիծ կդրսևորի:

Այդ հիշարժան օրը Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներն առավոտյան գնացին Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշակոթողի մոտ, որտեղ ծաղիկներ դրեցին՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով զոհվածների հիշատակին:

Այնուհետև վերադառնալով դպրոց`  մասնակցեցին զոհված ազատամարտիկ Ալիկ Մելքոնյանի անվան դասարանի բացմանը: Այդ հիշարժան իրադարձությանը ներկա էին դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, Ալիկ Մելքոնյանի հարազատները, հրամանատարներ, զինվորներ, ուսուցիչներ, աշակերտներ և բազմաթիվ հյուրեր:

Դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ս. Հովհաննիսյանն ասաց, որ այսօր մեր դպրոցում մի շատ կարևոր իրադարձություն է կատարվում. դպրոցում բացվում է մեր համագյուղացի, զոհված ազատամարտիկ Ալիկ Մելքոնյանի անվան դասարանը, որի ժապավենը կտրելու պատվին են արժանանում դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը և 11-րդ դասարանցի Ալիկ Մելքոնյանը, ով երջանկահիշատակ Ալիկի եղբոր որդին է և դպրոցի լավագույն աշակերտներից է:

Դասարանի ժապավենը կտրելուց հետո ներկաները, մտնելով դասարան, ծանոթացան Ալիկի անցած ուղուն, կատարած սխրագործություններին:

Ապա ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Արմեն Մարգարյանը, ով շնորհավորելով բոլորին այդ կարևոր իրադարձության առթիվ` ասացԱյդ գաղափարը, որը մենք կյանքի կոչեցինք, ծնվել էր դեռ վաղուց, բայց կարծում եմ մեր հերոսներին հավերժացնելու, հիշելու համար երբեք էլ ուշ չէ: Իհարկե, մենք ունենք Ալիկ Մելքոնյանին նվիրված փառքի անկյուն, սակայն այն ամբողջությամբ չի արտահայտում Ալիկի կատարած սխրագործությունը, նրա անցած ճանապարհը, ճանապարհ, որը ժամանակային առումով շատ կարճ է եղել, սակայն տարածական և բովանդակային իմաստով շատ խորն էր ու հարուստ»:

Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում բացվեց Ալիկ Մելքոնյանի անվան դասարան

Այնուհետև տնօրենը ներկայացրեց դասարանը բացելու նպատակն ու ասաց.«Սա կարևոր իրադարձություն է ինչպես մեր, այնպես էլ աշակերտների համար: Ես կարծում եմ այն կնպաստի կրթական իմաստով ուսումնառության որակի բարձրացմանը, դաստիարակության իմասատով՝ հայրենասիրական գաղափարների ավելի խորն ընկալմանը, և ես առանձնապես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս գաղափարն իրականացնողներին, հատկապես՝ մեր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, 11-րդ դասարանի դասղեկ Թամարա Մովսիսյանին, բոլոր աջակցողներին, զինվորներին, զորամասի հրամանատարությանը, ուսուցիչներին ու բոլոր այն աշակերտներին, ովքեր ինչոր ձևով աջակցել են այս գաղափարի իրականացմանը: Ես  ամենամեծ շնորհակալությունը, իհարկե, հայտնում եմ մեր Ալիկի մայրիկին` տիկին Սոնային, ով մեր ազգի համար այսքան հայրենասեր, այսքան օրինակելի զավակ է պարգևել: Ի դեպ, նշեմ, որ այս դասարանում սովորելու է փոքր Ալիկ Մելքոնյանը, ով ժապավենը կտրելու պատիվն ունեցավ: Նա մեր երջանկահիշատակ Ալիկի եղբոր որդին է և մեր լավագույն աշակերտներից է»:

Ելույթ ունեցավ նաև Ալիկի հորեղբոր որդին՝ Կարապետ Մելքոնյանը, ով Ալիկի եղբայրների ու նրա ընտանիքի անունից իր խորին շնորհակալությունը հայտնեց Ալիկի անվան դասարան բացելու առթիվ:

Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում բացվեց Ալիկ Մելքոնյանի անվան դասարան

 «Ալիկի կորուստը մեզ մեծ վիշտ պատճառեց, բայց այսօր մենք հպարտ ենք, որ Ալիկի մայրը՝ Սոնան, տվել է մի որդի, որն ամենաթանկն է կյանքում: Ալիկը մերօրյա հերոս է»,- ասաց Կ. Մելքոնյանը:

Այնուհետև աշակերտներին կոչ արեց, որ մենք մեր թշնամուն պետք է հաղթենք ոչ միայն զենքով, այլև՝ խելքով և ուսումով:

Երաժշտական կատարումներից հետո ներկաները, գնալով Ալիկին նվիրված հուշաքարի մոտ, իրենց հարգանքի տուրքը մատուցեցին և ծաղիկներ դրեցին հուշաքարին:

Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում բացվեց Ալիկ Մելքոնյանի անվան դասարան

Այնուհետև դպրոցի դահլիճում սկսվեց հանդիսավոր համերգային ծրագիրը, որը կազմակերպվել էր 11-րդ դասարանի աշակերտների` Ալիկ Մելքոնյանի անվան դասարանի հայորդաց կողմից՝ գլխավորությամբ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի և 11-րդ դաս. դասղեկ Թամարա Մովսիսյանի:

Միջոցառման նպատակը նոր սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակելն է: Համերգային ծրագրին իրենց մասնակցությունն ունեցան նաև Եղեգնաձորի ու Վայքի զորամասերի զինվորները, ովքեր իրենց կատարած երգերով էլ ավելի ջերմ ու տոնական դարձրին միջոցառումը:

Միջոցառման ավարտին ելույթ ունեցավ դասղեկ Թ. Մովսիսյանը, ով շնորհակալություն հայտնեց այս գեղեցիկ  միջոցառման կազմակերպման բոլոր աջակցողներին, հատկապես՝ Վայքի ու Եղեգնաձորի զորամասերի հրամանատարներին, զինվորներին, ովքեր այնքան պաթոս, հայրենասիրական շունչ հաղորդեցին այս միջոցառմանը, որ նրա սաները, ապագա մեր զինվորները կարդարացնեն մեր ու ձեր բոլորի հույսերը:

Մալիշկայի թիվ 1 միջն. դպրոցում բացվեց Ալիկ Մելքոնյանի անվան դասարան

Դասղեկը վերջում ավելացրեց, որ սովորաբար միջոցառումներից հետո նա շնորհակալություն է հայտնում իր սաներին, բայց այսօր այս միջոցառման միջոցով նրանք առաջին քայլը կատարեցին` հայրենիքին ծառայելու իրենց երդման առաջին օրինակը տալով:

Ելույթ ունեցավ նաև տնօրեն Ա. Մարգարյանը, ով իր խոսքում ասաց, որ այնքան տպավորված է սաների ելույթներով, որ չբավարարվեց դասասենյակում ունեցած ելույթով, որ ցանկացավ իր շնորհակալությունը հայտնել բոլոր աջակցողներին, հատկապես՝  ընկեր Մովսիսյանին, ում կազմակերպած միջոցառումը բառերով դժվար է գնահատել:

Այնուհետև ելույթ ունեցան նաև աշակերտների ծնողներից և ուսուցիչներից, ովքեր նույնպես հիացմունքի խոսքեր ասացին:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

Advertisements