ՍԱՂՄՈՍ


Մեր այս բանախոսությամբ քննենք, թե ինչ են սաղմոսները, որ օգտագործվում են եկեղեցական ծիսակարգում:

                     

Տիրոջ օրենքն անբիծ է եւ վերափոխում է հոգիները.

Տիրոջ վկայությունը ստույգ է եւ իմաստուն է դարձնում տհասներին:

 Տիրոջ արդարությունն ուղիղ է եւ զվարճացնում է սրտերը.

Տիրոջ պատվիրանները լույս են ու լույս են տալիս աչքերին:

Տիրոջ երկյուղը սուրբ է եւ սուրբ է մնում հավիտյան (18:8-10):

– Սիրում եմ Քեզ, Տե՛ր, զորությո՛ւն իմ.

Ո՛վ Տե՛ր, պահպանի՛չ իմ, ապավե՛ն իմ եւ փրկի՛չ:

Աստված օգնականս է եւ հույսս դրել եմ Նրա վրա.

Իմ ապավենն է, փրկությանս եղջյուրը, ինձ ընդունողը (17:2-3):

Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը Քո:

Եթե ուզեիր՝ պատարագ կմատուցեինք,

Բայց Դու ողջակեզներ չես սիրում:

Խոնարհ հոգին է պատարագն Աստծու,

Մաքուր սիրտն ու խոնարհ հոգին Աստված չի արհամարհում (50:17-19):

Սաղմոս բառը հունարեն փսալմոս (psalmos) բառի տառադարձությունն է. նշանակում է լարային երաժշտական գործիքով երգված օրհներգ, փառաբանություն: Հետեւաբար, «Սաղմոսների գիրքը» թարգմանվում է «Փառաբանությունների գիրք», ինչը եւ գրքի բովանդակությունն է: Հրեա բանաստեղծները հնուց ի վեր երգում էին փառաբանության ու աղոթքի տաղեր, որոնք ժամանակի ընթացքում տարածվել ու ցրվել էին, հավաքված, ի մի բերված չէին: Միայն այն ժամանակաշրջանում, երբ կատարվեցին Նեեմիայի ու Եզրասի բարեկարգությունները, ստեղծվեց բարենպաստ իրավիճակ՝ զբաղվելու նաեւ հոգեւոր բանաստեղծությունների՝ սաղմոսների հավաքմամբ ու խմբավորմամբ:

Հավանաբար շատերը կհիշեն, որ որպես սաղմոսների շնորհալի հեղինակ հռչակված էր Գավիթը: Նա թագավորական պալատում ծառայելու ընթացքում իր գեղեցիկ երգեցողությամբ հոգեկան անդորր ու խաղաղություն էր պւսրգեւում Սավուղին:

Սաղմոսների գրքում հենց Դավթի սաղմոսներն էլ մեծամասնություն են կազմում, կան նաեւ այլ հեղինակների սաղմոսներ: Սակայն պետք է ասել, որ սաղմոսները միայն հրեական գրականության մաս չեն կազմում, այլեւ՝ քրիստոնեական: Ներկայումս նույն սաղմոսները երգվում են եւ’ հրեական սինագոգում, եւ’ քրիստոնեական եկեղեցում: Քրիստոնեության աոաջին դարերում հենց սաղմոսներն էին հնչում եկեղեցում որպես հոգեւոր երգեր: Հետագայում է, որ հորինվել ու հնչել են շարականները, տաղերն ու գանձերը: Իսկ քրիստոնեական գրականության մեջ սաղմոսների նմանողությամբ հայտնի են միայն Սուրբ Օգոստինոս հայրապետի «Խոստովանությունները» եւ Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը:

Սաղմոսները խմբավորվում են ըստ բովանդակության:

Դրանք կրոնական տարբեր արարողությունների անբաժանելի մաս են կազմել, երգվել են ուխտագնացությունների, տաճար մտնելու, պաշտամունք մատուցելու պահերին, ինչպես նաեւ ծնվել են անձնական հուզումների, հաղթանակների, հունձքի եւ այլ առիթներով: Ըստ այս թեմաների էլ դրանք խմբավորվում են:

Քանի որ սաղմոսները մի տեսակ երգվող աղոթքներ են, ուստի կարելի է ասել, որ հաղորդակցության ու հաշտության միջոց են մարդու եւ Աստծու միջեւ, մարդկային հոգեւոր խորունկ հուզումներն արտահայտող խոստովանություններ: Հատկանշական է, որ բանաստեղծական այս գեղեցիկ գրվածքներում չկան դեպքերի ու փաստերի վերաբերող ժամանակային կամ տեղային կոնկրետ տվյալներ: Ու թեեւ սաղմոսները հեղինակել են ընդամենը մի քանի անհատներ, սակայն դրանց քնարական հերոսը մարդ-անհատն է ընդհանրապես, ուստի այս հոյակապ ստեղծագործությունները պատկանում են ամբողջ մարդկությանը եւ սրտամոտ ու հոգեհարազատ են Աստծու հետ հաղորդակցության մեջ մտնող յուրաքանչյուր անհատի:

Եվ դա պատահական չէ: Չէ՞ որ սաղմոսները բալասան են ընկճվածության դեպքում, որովհետեւ մարդկային հոգու գրեթե բոլոր թրթիռների, հուզումների ու ապրումների ազատ արտահայտություններն են: Ու շատ կարեւոր է դրանց մեջ առկա այն շեշտադրումը, որ Աստված հատուկ կերպով հետաքրքրվում է յուրաքանչյուր անհատի կյանքով ու յուրաքանչյուրի միակ արդար պաշտպանն է: Աստծու ներկայությունն ամենուր է: Նա է բնության միակ ստեղծողն ու տիեզերքը կառավարողը, բնության բոլոր երեւույթները կատարվում են Աստծու հրամանով: Եվ մարդկության պատմության ընթացքը ղեկավարողը նույնպես Տեր Աստված է: Իսկ մարդ արարածը սաղմոսներում ըմբռնված է իր ամենաբարձր արժանիքներով՝ որպես բնության մյուս արարածների տեր ու վերակացու:

Փորձենք անդրադառնալ սաղմոսի մի շարք առանձնահատկություններին: Սաղմոսներում առավել հստակ արտահայտվում է այն գաղափարը, որ մարդն ինքն է իր մեղքերի միակ պատճառը, եւ խոստովանությամբ է, որ նա մեղքերի թողություն կստանա ու կփրկվի: Սաղմոսերգուն ունի այն հաստատ համոզումը, որ մեղքից ազատվելու միակ կերպը Աստծու ողորմածությանն ապավինելն է ու բարեպաշտ կյանքով ապրելը: Իսկ չարի ու բարու մշտատեւ պայքարի վերաբերյալ միակ ճշմարիտ դիրքորոշումն այն է, որ չարին հաղթելու համար հանդուրժող ոգի է պետք ու անսահման բարության անպարտելի ուժ:

Սաղմոսն ասում է.

Տերն օգնականն է իմ,

Եվ ես չեմ երկնչի.

Մարդն ինձ ի՞նչ կարող է անել:

Տերն օգնականն է իմ

Լավ է հույսը դնել Տիրոջ վրա, քան հույսը դնել մարդկանց վրա:

 Լավ է հույսը դնել Տիրոջ վրա, քան հույսը դնել իշխանների վրա: … Տիրոջ աջը զորություն գործեց.

Տիրոջ աջը բարձրացրեց ինձ: … Բացե՛ք արդարության դռներն իմ առաջ, որ մտնեմ ներս ու Տիրոջը գոհություն մատուցեմ:… Գոհություն մատուցենք Տիրոջը, քանզի բարի է Նա, քանզի հավերժ է նրա ողորմությունը (117):

 

Տ. Զարեհ վրդ. Կաբաղյան
Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ

Advertisements