Տիրոջ Պայծառակերպության տոնը Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում


Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից է և Ս. Պետրոս, Ս. Հովհաննես և Ս. Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որն, ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:

Հայ Եկեղեցին Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հայ Եկեղեցին այն կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը:

Այս տարի մեր Տիրոջ Պայծառակերպության տոնը նշվեց հուլիսի 27-ին: Տոնի օրը  Վայոց ձորի թեմի բոլոր գործող եկեղեցիներում մատուցվեց Սբ. և Անմահ Պատարագ: Եղեգնաձորի Սբ. Աստվածածին եկեղեցում Սբ. Պատարագ մատուցեց Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Տեր Հայրը Սբ. Պատարագի ընթացքում օրվա խորհրդին նվիրված հավուր պատշաճի քարոզ խոսեց:

Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը Մեռելոց է: Բոլոր եկեղեցիներում հանգուցյալների հոգիների խաղաղության համար կմատուցվի հոգեհանգստյան կարգ, որից հետո մարդիկ կարող են այցելել իրենց հարազատների շիրիմներին:

Սիրան Սարգսյան

Թեմի լրատվության բաժնի
պատասխանատու

 

Advertisements