Ս/Թ օգոստոսի 27-ին Խաչիկ գյուղի Ս. Աստվածածին եկեղեցի այցելեցին Տեղերի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր տեսուչ բարեշնորհ Արման սրկ. Ահարոնյանը, նույն եկեղեցու Խաչի քավոր Սամվել Խաչատրյանը և բանակի գլխավոր վիրաբույժ, գնդապետ Միքայել Միքայելյանը:
Ուխտավորաբար եկած այս նվիրյալ հայորդիները դատարկ չէին եկել, այլ բերել էին հոգևոր և աշխարհիկ-դասական գրականություն, աղոթագրքեր զորամասի զինվորների համար, նաև` զույգ աշտանակներ Ս. Խորանի համար:
Monthly Archives: August 2014
«ԱՋԱԿԻՑ» հոգեբանական ակումբի հերթական հանդիպումը
Օգոստոսի 25-ին տեղի ունեցավ «Աջակից» հոգեբանական ակումբի հերթական հանդիպումը: Հանդիպման բանախոսն էր հոգեբան Աշխեն Սարգսյանը: Հանդիպման թեման էր` «Ժամանակային և հոգեբանական տարիք»:
Օրվա թեմային անդրադառնալուց առաջ անդրադարձ կատարվեց նախորդ թեմաներին: Սեմինարի ժամանակ քննարկվեցին հետևյալ հարցերը՝
1.Տարիքի հասկացությունը հոգեբանության մեջ:
2.Ժամանակային և հոգեբանական տարիք:
3.Ինչպե՞ս որոշել անձի հոգեբանական տարիքը: Continue reading
Տոնակատարություն Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում
Օգոստոսի 26-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սբ. Աստվածածնի ծնողների՝ Սբ. Հովակիմի, Սբ. Աննայի և յուղաբեր կանանց տոնը:
Այդ օրը Մալիշկա համայնքի Սբ. Աննա եկեղեցու անվանակոչության օրն էր:
Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի նախաձեռնությամբ մեծ տոնակատարություն էր կազմակերպվել Սբ. Աննա եկեղեցում:
Առավոտյան եկեղեցում մատուցվեց Սբ. և Անմահ Պատարագ (սկիզբը՝ ժամը 10:30): Օրվա պատարագիչն ու քարոզիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը: Հայր Սուրբը, վկայակոչելով հոգևոր-բարոյական բարձր արժանիքներով ապրող Սբ. Հովակիմի և Սբ. Աննայի կազմած սրբազան ընտանեկան հարկը, նրանց օրինակով՝ կարևորեց քրիստոնեական արժեքներով ապրող այսօրվա հայ ընտանիքի կարևորությունը պետության և եկեղեցու կայացման, ազգային ինքնության պահպանման սրբազան գործում կամ առաքելության մեջ:
Սբ. Պատարագին ներկա էին Սբ. Աննա եկեղեցու այս տարվա խաչքավոր Սամվել Հայաստանի Սարգսյանը, բազմաթիվ ուխտավորներ Վայոց ձորի մարզից և Երևանից:
Սբ. Պատարագի ավարտին եկեղեցու բակում տեղի ունեցավ մշակութային հանդիսություն, որն սկսվեց Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի օրհնության խոսքով: Տեր Հայրը, շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ, կոչ արեց սիրել մեր եկեղեցին և ազգը:
Այնուհետև իրենց անզուգական ելույթներով հանդես եկան «Սայաթ-Նովա» մշակութային միության Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց ձորի մասնաճյուղի սաները՝ ղեկավարությամբ միջազգային մրցույթների դափնեկիր, մեդալակիր Սամվել Գրիգորյանի:
Այսօր Ս. Հովակիմի և Ս. Աննայի՝ Սուրբ Աստվածածնի ծնողների և յուղաբեր կանանց հիշատակության օրն է
Ս. Հովակիմի և Ս. Աննայի անուններն անմիջապես կապվում են Հիսուսի հետ, քանի որ նրանք Սուրբ Աստվածամոր ծնողներն են: Ըստ ավանդության՝ բարեպաշտ և մեծահարուստ Հովակիմը Դավթի ցեղից էր` թագավորական տնից, իսկ Աննան` քահանայական տնից: Մի օր տաճարում ընծա մատուցելիս քահանան Հովակիմին պատվիրում է վերջում կանգնել, քանի որ նա անզավակ էր: Սրանից վշտացած` Հովակիմը դուրս է գալիս և անմիջապես լեռը բարձրանում` երդվելով չիջնել այնտեղից մինչև Աստծո այցելությունը:
Նրա օրինակով Աննան էլ տանն է աղոթում և ապաշխարության է նվիրվում: Եվ մի օր, երբ Աննան պարտեզում տեսնում է իրենց ձագերի հետ խաղացող թռչուններին, տխրում և լաց է լինում, քանզի ինքը զրկված էր մայրանալու շնորհից: Այդ պահին հայտնվում է Աստծո հրեշտակը և ավետում, որ նա զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը:
Նույն տեսիլքը երևում է նաև Հովակիմին, ով ուրախությունից սկսում է ողորմություն բաժանել աղքատներին: Աննան հղիանում է, և ծնված հրեշտականման մանկանն անվանում են Մարիամ, որ նշանակում է լուսավորյալ: Յուղաբեր կանայք Հիսուսի չարչարանքների, թաղման և խաչելության ականատեսներն են: Նրանք Տիրոջ Հարության առաջին ավետաբերներն են: Յուղաբեր կանայք Քրիստոսին հետևեցին Իր ողջ երկրային առաքելության իրագործման ընթացքում: Continue reading
Հայտարարություն
Տոնակատարություն Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում
Սույն թվականի օգոստոսի 26-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչում է Սբ. Աստվածածնի ծնողների՝ Սբ. Հովակիմի և Սբ. Աննայի տոնը:
Այդ օրը Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցու անվանակոչության օրն է:
Հրավիրում ենք մեր սիրելի՛ ժողովրդին՝ այդ օրը ներկա գտնվելու Սուրբ և Անմահ Պատարագին, որը կսկսվի առավոտյան ժամը 10:30-ին:
Սբ. Պատարագի ավարտին եկեղեցու բակում ելույթ կունենան «Սայաթ-Նովա» մշակութային միության Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց ձորի մասնաճյուղի սաները՝ ղեկավարությամբ միջազգային մրցույթների դափնեկիր, մեդալակիր Սամվել Գրիգորյանի:
Վայոց ձորի թեմի
լրատվության բաժին