ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ԵՎ ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔԻ ՏՈՆԸ ՆՈՐԱՎԱՆՔՈՒՄ


Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է, որն այս տարի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց օգոստոսի 17-ին:

Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնն այս տարի նույնպես առանձնահատուկ կերպով նշվեց Նորավանքում: Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնակատարությունն սկսվեց Սբ. Կարապետ եկեղեցում տեղի ունեցած Սբ. Պատարագով: Պատարագիչն էր Տ. Սահակ քհն. Մարտիրոսյանը:

This slideshow requires JavaScript.

Սբ. Պատարագից հետո, հանդիսապետությամբ Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ  Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանի, Սբ. Աստվածածնին նվիրված շարականների   երգեցողությամբ, դպրաց դասի և մասնակիցների ուղեկցությամբ թափորը շարժվեց վանական համալիրի գլխավոր եկեղեցի` Սբ. Ասվածածին եկեղեցի, որտեղ էլ  կատարվեց Խաղողօրհնեքի արարողությունը

որի ավարտին Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը հավուր պատշաճի քարոզ խոսեց` մեկնաբանելով տոնի խորհուրդը, կարևորեց, որ Աստվածածնի առաքելազարդ կերպարը լինի առաջնորդող հայ կնոջը, շեշտեց հայ կնոջ հասարարության մեջ ունեցած դերի, նրա հայեցի, առաքինի կերպարի նշանակության կարևորության մասին, հատկապես այսօր, երբ փորձությունների մեջ է գտնվում մեր ազգը: Ապա հրավիրեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանին՝ իր խոսքը հղելու ներկա գտնվող ժողովրդին: Մարզպետ Է. Ղազարյանը, շնորհավորելով եկեղեցու բակում հավաքված բազմաթիվ ուխտավորներին տոնի առիթով, շեշտեց նաև, որ Խաղողի օրհնությամբ պաշտոնապես մեկնարկեց 2014 թվականի Արենի գինու փառատոնը, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-ից 5-ը:

Ապա սկսվեց Վայոց ձորի մարզպետարանի կողմից կազմակերպված մշակութային հանդիսությունը, որի ընթացքում ելույթ ունեցան «Սայաթ-Նովա» մշակութային միության Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց ձորի մասնաճյուղի սաները՝ ղեկավարությամբ միջազգային մրցույթների դափնեկիր, մեդալակիր Սամվել Գրիգորյանի և «Արենի» պարի համույթը՝ ղեկավարությամբ Դավիթ Հովհաննիսյանի:

Հոգևոր-մշակութային մթնոլորտ էր տիրում  Նորավանքում, որը զորացնում էր, ամրապնդում էր յուրաքանչյուր հայի սրտում այն հստակ համուզումը, որ մեր Սբ. Եկեղեցին և մեր Հայրենիքն են մեր ինքնության, մեր զորացման, մեր հաղթանակի միակ պատվարը և մեր ընթացքը՝ սրբագործված Ամենակալի Աջով և Սբ. Աստվածածնի բարեխոսությամբ: Առ Աստված ուղղված աղոթքն ու  սրտից պոռթկացող նախնյաց ու հայրենին գովաբանող երգի միաձուլումը հայի հոգին վերափոխում էր` դարձնելով առավել բյուրեղյա, հզոր և անկոտրուն:

Սիրան Սարգսյան
Թեմի լրատվության
բաժնի պատասխանատու