Տոնական շաբաթ Խաչիկ գյուղում


Խաղողօրհնեքին  նախորդող շաբաթն ակտիվ եռուզեռ էր առաջացրել Խաչիկ գյուղում: Տոնական օրերից առաջ գյուղի երիտասարդներն ու պատանիներն սկսեցին մաքրման աշխատանքներ գյուղի զույգ սրբավայրերում` գյուղամիջյան Ս. Աստվածածին եկեղեցում և Խոտակերաց Ս. Նշան (Քարակոփ) վանքում ու շրջակայքում:

Օգոստոսի 16-ին՝  Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի տոնին, Խաչիկ գյուղը հյուրընկալեց երևանաբնակ ուխտավորների, որոնց առաջնորդում էր Մուղնու Ս. Գրիգոր եկեղեցու վանահայր Տեր Եղիշե ավագ քահանան: Մատուցված ուխտի Ս. Պատարագն աղոթք ու հայց էր առ Աստված մեր երկրի սահմանների խաղաղության և անսասանության համար:

Հավարտ Ս. Պատարագի կատարվեց Ս. Մկրտության արարողություն, որի ընթացքում մկրտվեցին 12 խաչիկցիներ, սրանով մեկնարկեց <<Քրիստոնյա Խաչիկ>> ծրագիրը: Ապա ուխտավորները գյուղի երիտասարդների հետ այցելեցին Խոտակերաց վանքը: Վանքում կատարվեց հոգեհանգստյան պաշտոն` նվիրված վանքի հիմնադիրների և երախտավորների հիշատակին: Վերջում վանքի մատույցներում ուխտավորներին ողջունեցին Ս. Աստվածածին եկեղեցու պատանյաց խմբի երեխաները՝ հոգևոր և ազգային երգերի ու պարերի կատարմամբ:

     Նույն օրը երեկոյան կատարվեց գիշերային ժամերգություն և հսկում` ի պատրաստություն հաջորդ օրվա տաղավար տոնի:

    Օգոստոսի 17-ին Ս. Աստվածածնի Վերափոխման տոնի   (Խաղողօրհնեք) կապակցությամբ կատարվեց  կիրակնօրյա ժամերգություն և խաղողօրհնեք գյուղամիջյան Ս. Աստվածածին եկեղեցում: Այդ օրը ևս նշանակալի  էր, քանի որ հյուրընկալվել էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի քարոզչական կենտրոնի երիտասարդները: Նրանք դատարկ չէին եկել, այլ իրենց հետ բերել էին շուրջ 500 կտոր գիրք Խաչիկ գյուղում տեղակայված գումարտակի գրադարանի համար, Ս. Պատարագի երգեցողության նոտաներ եկեղեցու երգչախմբի համար և խաղող: Ժամերգությանը ներկա էին նաև գումարտակի զինծառայողները և սպայական կազմը: Ժամերգության ավարտին ներկաներին   բաժանվեց օրհնված խաղող:

Օգոստոսի 18-ին ննջեցյալների հիշատակի օրվա առթիվ առ Աստված բարձրացվեց հոգեհանգստյան աղոթք` Խաչիկ գյուղի հին և նոր ննջեցյալների հոգիների համար:

                                                                                                                Բարեշնորհ Արսեն սարկավագ Մաթևոսյան
Խաչիկ գյուղի գումարտակի հոգևոր սպասավոր