Տոնակատարություն Մալիշկայի Սբ. Աննա եկեղեցում


Օգոստոսի 26-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սբ. Աստվածածնի ծնողների՝ Սբ. Հովակիմի, Սբ. Աննայի  և յուղաբեր կանանց տոնը:

Այդ օրը Մալիշկա համայնքի Սբ. Աննա եկեղեցու անվանակոչության օրն էր:

Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի նախաձեռնությամբ մեծ տոնակատարություն էր կազմակերպվել Սբ. Աննա եկեղեցում:

Առավոտյան եկեղեցում մատուցվեց Սբ. և Անմահ Պատարագ (սկիզբը՝ ժամը 10:30): Օրվա պատարագիչն ու քարոզիչն էր Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը: Հայր Սուրբը, վկայակոչելով հոգևոր-բարոյական բարձր արժանիքներով ապրող Սբ. Հովակիմի և Սբ. Աննայի կազմած սրբազան ընտանեկան հարկը, նրանց օրինակով՝ կարևորեց քրիստոնեական արժեքներով ապրող այսօրվա հայ ընտանիքի կարևորությունը պետության և եկեղեցու կայացման, ազգային ինքնության պահպանման սրբազան գործում կամ առաքելության մեջ:

Սբ. Պատարագին ներկա էին Սբ. Աննա եկեղեցու այս տարվա խաչքավոր Սամվել Հայաստանի Սարգսյանը, բազմաթիվ ուխտավորներ Վայոց ձորի մարզից և Երևանից:

Սբ. Պատարագի ավարտին եկեղեցու բակում տեղի ունեցավ մշակութային հանդիսություն, որն սկսվեց Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի օրհնության խոսքով: Տեր Հայրը, շնորհավորելով ներկաներին տոնի առթիվ, կոչ արեց սիրել մեր եկեղեցին և ազգը:

Այնուհետև իրենց անզուգական ելույթներով հանդես եկան «Սայաթ-Նովա» մշակութային միության Երևանի Ջիվանու անվան աշուղական դպրոցի Վայոց ձորի մասնաճյուղի սաները՝ ղեկավարությամբ միջազգային մրցույթների դափնեկիր, մեդալակիր Սամվել Գրիգորյանի:

Continue reading

Advertisements